Ռոզացեա (Խ.Մ. Խաչիկյան)

Ռոզացեան (վարդագույն կամ կարմիր կորյակներ, acne rosacea, gutta rosacea, կելտերի մակընթացություններ, չինական ռեստորանների համախտանիշ և այլն) ակնեանման մաշկախտերի խմբի խրոնիկական, կրկնվող, հարաճուն ընթացքով հիվանդություն է, կոնստիտուցիոն անգիոնևրոզի դրսևորում (անոթների նյարդավորման խախտման, արտարիոլների ռեֆլեկտոր սպազմի և վենուլների կորովության նվազման հետևանքով զարգացող արյան պերիֆերիկ շրջանառության անբավարարություն)։

Ռոզացեան բնորոշվում է դեմքի մաշկի անոթային կառույցների առաջնային ախտահարումով և բուժման հանդեպ բեկանելիությամբ։

Հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է ֆրանսիացի դերմատոլոգ Գայ դը Շոլյակը (XIV դար, անվանվել է գուտերոզ, gootterose, վարդագույն կաթիլ)։

1812-ին անգլիացի դերմատոլոգ Թոմաս Բեյթմանը նկարագրել է հիվանդության առանձնահատկությունները և վերանվանել այն ռոզացեա (լատ. rosaceus` վարդագույն)։

Ռոզացեայով են տառապել Ուելսի երջանկահիշատակ արքայադուստր Դիանան, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը և այլն։

 Համաճարակաբանությունը

Ռոզացեան տարածված մաշկային հիվանդություն է`ակնեանման մաշկախտերի շարքում ամենից հաճախ (36%) հանդիպողը։

Հիվանդացությունը ընդհանուր պոպուլյացիայում տարբեր է (Գերմանիայում` բնակչության 2,2%-ը, Էստոնիայում` 22%-ը և այլն), մաշկային հիվանդությունների մեջ` նույնպես (5-10%)։

Հանդիպում է ցանկացած ազգի շրջանում, սակայն ավելի հաճախ Եվրոպայի հյուսիսաբնակ սպիտակամաշկ անձանց մոտ։ Խոսքը ըստ Ֆիտցպատրիկի` լուսազգայունության I տեսակի (կելտական) և II տեսակի (սկանդինավյան) անձանց մասին է։

ԱՄՆում ռոզացեայով տառապում է ընդհանուր պոպուլյացիայի մոտ 6%-ը (շուրջ 16 մլն մարդ)։

Կանայք հիվանդանում են մոտ 4 անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ, ի տարբերություն կորյակային հիվանդության՝ ավելի բարձր տարիքում (30-50 տարեկանում, սակայն կանանց շրջանում ռոզացեայի բարդ` ֆիմային տեսակը հանդիպում է ավելի հազվադեպ)։

Պատճառագիտությունը

Ռոզացեան բազմապատճառագիտական հիվանդություն է, որտեղ կարևոր նշանակություն ունեն մի շարք արտածին և ներծին գործոններ։

Արտածին գործոններ

Սթրեսածին գործոններ

Սննդային գործոններ

Ալկոհոլը, տաք հեղուկները, սուր սննդատեսակները, ցիտրուսային մրգերը, մսամթերքը (հատկապես մեծ քանակությամբ), ինչպես նաև նատրիումի գլյուտամատ (համային հավելում) և այլ, էքստրաակտիվ նյութեր պարունակող սննդատեսակներ գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը, որի հետևանքով ռեֆլեկտոր ձևով լայնանում են դեմքի մաշկի անոթները։

Ֆիզիկական գործոններ

Մեծ դեր ունեն հատկապես ջերմաստիճանային (խրոնիկական ինսոլյացիան հատկապես բարձր լուսազգայունության դեպքում) և մեխանիկական գործոնները (դեմքի մաշկի մեխանիկական գրգռումը` փիլինգների դեպքում)։

Քիմիական գործոններ

Քիմիական գործոններից կարևորվում են դեղորայքային գործոնները (անոթալայնիչ միջոցներ, կորտիկոստերոիդներ և այլն)։

Վարակային գործոններ

Վարակային գործոններից կարևորվում են մանէային (Bacillus oleronius, ստրաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր, գրամբացասական մանրէներ և այլն) և մակաբուծային գործոնները (Demodex folliculorum կոչվող մակաբույծը հայտնաբերվում է առավելապես հանգուցիկաթարախաբշտիկային ձևի դեպքում, իհարկե, անհրաժեշտ է հիշել նաև, որ Demodex folliculorum-ը նախևառաջ մաշկի նորմալ միկրոֆլորայի ներկայացուցիչն է, որ շատերի մոտ է այն հայտնաբերվում, սակայն ոչ բոլորն են տառապում ռոզացեայով)։

 Ներծին գործոններ

Ծագումնաբանական նախատրամադրվածություն

Ռոզացեայով հիվանդների գենետիկական ծառի ճյուղերում հաճախ կարելի է գտնել ռոզացեայով հիվանդներ։

Ստամոքսաղիքային ուղու ախտաբանություն

Գլյուտենային էնտերոպաթիան (աղիքային անբավարարություն), խրոնիկական ընդմիջվող լուծը, դիսպեպսիան, խրոնիկական անացիդ և հիպոացիդ գաստրոդուոդենիտները, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը (հատկապես Helicobacter pilori-ի առկայությամբ, պետք է նշել սակայն, որ կան շատ մարդիկ, ում մոտ հայտնաբերվում է Helicobacter pilori, սակայն նրանց մոտ չի դիտվում ռոզացեա), ստամոքսի պոլիպոզը, խրոնիկական հարատևող հեպատոխոլեցիստիտը, հեպատոխոլեցիստոպաթիաները, խոցային կոլիտը, ախիլիան և այլն նպաստում են ռոզացեայի զարգացմանը։

ԿՆՀ ախտաբանություն

Հայտնաբերված է դրական համահարաբերակցություն ռոզացեայի և միգրենի (դիտվում է որպես ախտաբանական վազոմոտոր ռեակցիա), ռոզացեայի և դեպրեսիայի, նևրասթենիայի միջև։

 Էնդոկրին համակարգի ախտաբանություն

Շաքարային դիաբետը, լիպազայի թերարտադրությունը, ձվարանային և հիպոֆիզային անբավարարությունը, սեռական գեղձերի դիսֆունկցիան հղիության և կլիմաքսի դեպքում, նախադաշտանային շրջանում, բազմաթիվ այլ էնդոկրինոպաթիաներ նույնպես նպաստում են ռոզացեայի դրսևորմանը։

Սիրտանոթային համակարգի ախտաբանություն

Ռոզացեան հաճախ է ուղեկցում զարկերակային գերճնշմանը։ Հաճախակի են հայտնաբերվում նաև զարկերակային մազանոթների էնդոթելի անոմալիաներ, ախտահարվում ավշային անոթները (ընդգրկվում են երկրորդայնորեն)։

Իմուն և ալերգիկ ախտաբանություն

Ի պատասխան բազմաթիվ գործոնների ազդեցության (մասնավորապես bacillus oleroniusի), իմուն համակարգը տալիս է գերռեակտիվ պատասխան։ Ավելանում է իմունագլոբուլինների և շրջանառող իմուն համալիրների, նվազում Tիմունասուպրեսորների քանակը և այլն։

Ալերգիկ հիվանդությունների առկայությամբ ռոզացեան ուժգնանում է (գործընթացը ապաճում է հակահիստամինային պատրաստուկների կիրառման դեպքում)։

Դասական ռոզացեայի կլինիկան

Նախակարապետների շրջան

(նախոռոզացեա)

Նախակարապետների շրջանում (նախոռոզացեա, ժամանակավոր էրիթեմայի շրջան, rosacea erythematosa) առաջանում է մակընթացային մանրբծային (հազվադեպ՝ խոշորբծային) տարածուն ազնվամորեգույն (վառ վարդագույն) կանգային էրիթեմա։

Գործընթացը եթե կանանց մոտ գերազանցապես տեղակայվում է (սկսվում է և շարունակվում) նազոլաբիալ, այտերի, ճակատի, ծնոտի, ապա տղամարդկանց մոտ՝ քթի շրջանում (վերին և ստորին կոպերի, հետականջախեցային, ստեռնալ, մեջքի վերին, վզի շրջանները և գլխի մազածածկ մասը հազվադեպ են ախտահարվում)։

Էրիթեման կրում է ժամանակավոր բնույթ (նման է ամոթի, զայրույթի, շփոթմունքի էրիթեմային, անհետանում է 10-15 րոպեից), ուղեկցվում է ջերմության, քորի, մրջյունների սողալու զգացումով, սակայն երբեք չի ուղեկցվում առատ քրտնարտադրությամբ, թուլությամբ և սրտխփոցով։

Անոթային ցանցը տեսանելի չէ (տելեանգիէկտազիաները ձևավորվում են հաջորդ` կայուն էրիթեմայի շրջանում)։

Դիտվում է որոշակի սեզոնայնություն։ Գործընթացը սրանում է (կրկնվում է) աշնանը և գարնանը, հատկապես երկարատև ինսոլյացիայից (գումարային հավելուրդային ճառագայթների ազդեցություն) հետո։

Կայուն էրիթեմայի շրջան

(I ստադիա կամէրիթեմայինտելեանգիէկտատիկ տեսակ)

Այս շրջանի (I ստադիա, rosacea erythematotelangiectatica) գլխավոր ախտանիշներն են դեմքի մաշկի էրիթեման և տելեանգիէկտազիաները։

Տրանզիտորային էրիթեման վերափոխվում է հարաճունի (մի քանի շաբաթ, պարբերաբար էրիթեմայի զարգացումը հանգեցնում է անոթների կորովության կորստի, հետագայում՝ մազանոթների և ավշային անոթների դիլատացիայի), առաջանում են տելեանգիէկտազիաներ (անոթային ցանցը սկսում է տեսանելի դառնալ), հատկապես այտերի շրջանում (ընկերներն են անընդհատ հարցնում, թե ինչու՞ է դեմքդ անընդհատ կարմիր)։

Էրիթեմային բծերը սահմանափակ ներսփռված են (այտուց, այդուամենայնիվ սկսում է ձևավորվել), ավելի հագեցած են և տարածվում են հարակից մասերի վրա, անգամ վզին, դեմքի մաշկին ձևավորվում են մանրբծային և միջինբծային, իսկ էքստրաֆացիալ շրջանում (15%-ի դեպքերում)՝ խոշորբծային տելեանգիէկտազիաներ։

Չնայած այն հանգամանքին, որ մաշկն այս շրջանում շատ չոր է և զգայուն, կարող է ծակծկել և այրել, սակայն դժբախտաբար այս փուլում հիվանդներն անհրաժեշտ ուշադրություն չեն բևեռում խնդրի վրա։

Հանգուցիկայինթարախաբշտիկային շրջան

(II ստադիա կամհանգուցիկայինթարախաբշտիկային տեսակ)

Այս շրջանի (II ստադիա, rosacea papulopustulosa) գլխավոր ախտանիշներն են էրիթեման, այտուցը (արդեն ձևավորվել է) և ակնեանման ձևաբանական բորբոքային բնույթի տարրերը (հանգույցիկներ, թարախաբշտիկներ)։

Սկզբում քթի վրա, ապա ծնոտի և ճակատի շրջանում էրիթեմայի ֆոնին ձևավորվում են նուրբ թեփուկներով պատված մանր ֆոլիկուլային հանգույցիկներ, որոնք երկար ժամանակ հարատևում են՝ ի վերջո վերածվելով ոչ ֆոլիկուլային հանգույցիկների և ստերիլ հանգույցիկներթարախաբշտիկների (կարմիր կորյակներ)։

Շարունակում են դիտվել նաև տելեանգիէկտազիաներ։

Մաշկը ի տարբերություն կայուն էրիթեմայի շրջանի` ճարպոտ է (ինչ-որ առումով անգամ ուշացած ակնե է հիշեցնում, անհրաժեշտ է տարբերակել), այտուցված և ներսփռված (լիմֆոպլազմոցիտային ներսփռանք)։ Ձևավորվում են ռոզացեային հսկա վահանակներ։

Ինչպես և նախորդ շրջանում, այս շրջանում նույնպես մաշկը շատ զգայուն է, հիվանդին անհանգստացնում է ծակծկոցը, այրոցը և այլն։

Դիտվում են նաև ընդհանուր երևույթներ` գերքրնարտադրություն, թուլություն, սրտխփոց, դժվարաշնչություն, լուծ և այլն։

Ի տարբերություն ակնեի, ռոզացեան զարգանում է շատ ավելի բարձր տարիքում, ֆոլիկուլային համակարգը չի ախտահարում և միշտ չէ, որ ուղեկցվում է սեբորեայով (կորյակային հիվանդության պարտադիր ատրիբուտը)։

Ներփռականպրոդուկտիվ շրջան

(III ստադիա, ֆիմային տեսակ)

Ներփռականպրոդուկտիվ շրջանում (III ստադիա, հիպերտրոֆիկ, հանգուցային, ֆիբրոանգիոէկտատիկ ստադիա, ռինոֆիմա, rosacea phymatosa) մաշկը հաստանում է, դառնում անհարթ (հատկապես քթի, ծնոտի, ճակատի և այտերի շրջաններում)։

Առաջանում են բորբոքային ուռուցքանման հանգույցներ (լիմֆոհիստիոցիտային ներսփռանք՝ նեյտրոֆիլներով, մազային ֆոլիկուլների ատրոֆիա), որոնք չափերով մեծանում են, միավորվում՝ ձևախեղելով դեմքը (շարակցական հյուսվածքի և ֆոլիկուլների հարաճուն հիպերպլազիայի արդյունքում ձևավորվում են, այսպես կոչված, ֆիմաներ)։

Կանգային էրիթեմայի ֆոնին դիտվում են բազմաթիվ խոշոր տելեանգիէկտատիկ օջախներ։

Մաշկը ճարպոտ է, ճարպագեղձերի ելանցքները լայնացած։

Որպես կանոն, ֆիմային տեսակը զարգանում է նախորդ տեսակների ֆոնին (լինում են նաև այլ տեսակներին բնորոշ ախտանիշներ)։

Ֆիմային տեսակը հազվադեպ է հանդիպում։

Ռոզացեայի կլինիկական

Տարատեսակները

Ռոզացեայի կլինիկական տարատեսակներն են`

  • լյուպոիդային ռոզացեան,
  • լիմֆէդեմային ռոզացեան,
  • կոնգլոբատային ռոզացեան,
  • ստերոիդային ռոզացեան,
  • գրամ- բացասական ռոզացեան,
  • օֆթալմոռոզացեան։

 Օֆթալմոռոզացեա

Օֆթալմոռոզացեայի (պայմանավորված է դիմային երակի գործընթացի մեջ ընդգրկումով) դեպքում (ռոզացեայով հիվանդների 6-50%-ի շրջանում), սովորաբար երկրորդայնորեն (հնարավոր է նաև առաջնայնորեն` ռոզացեայի զարգացման ավելի վաղ շրջանում) ախտահարվում են աչքերը (թույլ կամ ուժեղ արտահայտված բլեֆարիտ, կոնյունկտիվիտ, իրիտ, իրիդոցիկլիտ, կերատիտ, արտահայտված անոթային ցանց և այլն)։

Հիվանդին անհանգստացնում են աչքերում այրոցի, ծակծկոցի, չորության, քորի, օտար մարմնի զգացողությունը, լույսի նկատմամբ գերզգայունությունը, տեսողության թուլացումը։ Երբեմն կոպերի վրա ակտիվանում է կիստագոյացումը (առաջանում են կիստաներ)։

 Ռոզացեան եվ կյանքի որակը

Ռոզացեան որպես խրոնիկական երկարատև ընթացքով հիվանդություն, նշանակալիորեն փոխում է հիվանդի կյանքի որակը, որը դրսևորվում է`

  • հուսախաբությամբ (ֆրուստրացիա), վրդովմունքով, շփոթությամբ (առաջանում են նոզոգենիաներ), որի արդյունքում հիվանդները խուսափում են հասարակական շփումներից և պարտավորություններից (սոցիոֆոբիաներ),
  • անհանգստությամբ (մտածում են, որ երևույթները կարող են բարդանալ, հանգեցնել սպիագոյացման, որ դեղամիջոցների հնարավոր կողմնակի արդյունքը կարող է ավելի վատթարացնել վիճակը),
  • ինքնագնահատականի անկմամբ (հիվանդների 70%-ը նշում են, որ ինքնավստահությունը, ինքնագնահատականը և ինքնահարգանքը նշանակալիորեն նվազում են),
  • աշխատանքային միջավայրում միջմարդկային փոխհարաբերությունների սառեցումով (հիվանդների 70%-ը նշում են, որ խուսափում են գործընկերային շփումներից),
  • դեպրեսիայով (շատերին թվում է, որ երևույթները կապված են ալկոհոլամոլության հետ, որը անհանգստացնում է հիվանդներին և տրամադրության տևական անկում առաջացնում)։

 

Բուժումը

Ռոզացեան անբուժելի է, սակայն ճիշտ վարման դեպքում կարելի է թուլացնել կամ լիակատար վերացնել նրա ախտանիշները, վերացնել դիսկոմֆորտը, կանխել հիվանդության զարգացումը (բարդացումը), փոփոխել հիվանդի կյանքի որակը (վերահսկելի դարձնել գործընթացը)։

Բուժման նպատակով դիմեք Ձեր մաշկաբանին։

Խորհուրդներ ռոզացեայով

Կատարեք ստորշարադրյալ խորհուրդները և օգնեք այդպիսով Ձեր մաշկաբանին` հասնելու առավել արդյունավետության`

  • խուսափեք սթրեսից (մտածեք, թե ինչպես, դա դժվար է),
  • ուսումնասիրեք, գտեք Ձեր հիվանդության հիմնական սադրիչը (բոլորի մոտ այն նույնը չէ, դրանք խիստ բազմազան են) և և խուսափեք դրանցից`
  • դեմքի մաշկի և կամ մարմնի գերտաքացումից,
  • դեմքի մաշկի և կամ մարմնի գերսառեցումից,
  • դեմքի ուղղությամբ փչող սառը քամուց,
  • էքստրաակտիվ նյութեր պարունակող սննդամթերքից (կծու, թթու, քաղցր, աղի և այլն),
  • ալկոհոլից (ցանկացած տեսակի),
  • գազավորված հեղուկներից,
  • պաշտպանվեք արևի հավելուրդային ճառագայթներից 24/7 ռեժիմով (հաճախ սադրիչ գործոնների թվում են արևի ճառագայթները, մանավանդ, երբ Ձեր մաշկը գերզգայուն է դրանց հանդեպ),
  • տնից դուրս գալուց առաջ մաշկը օծեք լայն սպեկտրի արևապաշտպան միջոցներով (SPF-30-50 և ավելի բարձր),
  • խուսափեք կեսօրին արևի ճառագայթների տակ հայտնվելուց,
  • դրսում միշտ փորձեք գտնվել ստվերում,
  • լայնեզր գլխարկներ դրեք (դեմքը և վիզը արևի ճառագայթներից պատշտպանելու նպատակով),
  • արևապաշտպան հագուստ կրեք,
  • արևապաշտպան ակնոց կրեք,
  • հրաժարվեք Ձեր մի շարք ոչ ճիշտ սովորույթներից`
  • մաշկը մաքրելու շատ տարածված մոլուցքից (ոչ ադեքվատ, հատկապես միջին խորության և խորը, ֆիզիկական կամ քիմիական փիլինգներ և այլն, որոնք հանգեցնում են վաղաժամ կամ ուշացած բարդությունների, այդ թվում` ռոզացեայի սրացման),
  • առանց համապատասխան ցուցումների տարբեր կրեմներ և քսուքներ կիրառելու սովորույթից (կարող են սրացնել գործընթացը),
  • ընտրեք Ձեր մաշկին համապատասխան դեղաձև (տոնիկ, լոսիոն, կրեմ, դիմակ և այլն)`
  • չոր մաշկի դեպքում հանձնարարելի են հակաբորբոքային ազդեցության փափկացնող, խոնավացնող և վերականգնողական միջոցները,
  • ճարպոտ մաշկի դեպքում հանձնարարելի են հակաբորբոքային, չորացնող և հականեխիչ միջոցները։

***

Այս կանոնները պահպանելուց և առօրյա սովորույթները փոփոխելուց հետո միայն Ձեր և Ձեր մաշկաբանի ջանքերը կարող են պսակվել հաջողությամբ և բուժումը կդառնա առավել արդյունավետ։

 

Խաչիկ. Մ. Խաչիկյան

բ.գ.դ., պրոֆեսոր,

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,

պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,

հեռ.`+374 (91) 406151, 

E-mail: [email protected]

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top