Կարմիր գայլախտ (Խ.Մ. Խաչիկյան)

Ընդհանուր տեղեկատվություն

Բնորոշումը

Կարմիր գայլախտը (ԿԳ, lupus erythematodes, էրիթեմատոզ) կոլագենոզների խմբի ինքնաիմուն հիվանդություն է։

ԿԳ-ի 2 կլինիկական ձև ենք տարբերում՝ սուր (համակարգային կարմիր գայլախտ) և խրոնիկական (մաշկային կարմիր գայլախտ)։

Համակարգային կարմիր գայլախտը բազ­մա­պատ­ճա­ռա­գի­տա­կան, բազ­մաախ­տա­ծա­գում­նա­յին, բազ­մա­հա­մախ­տա­նի­շա­յին, բազմագենային ժառանգմամբ, հա­րա­ճուն ըն­թաց­քով, շա­րակ­ցա­կան հյուս­ված­քի հա­մա­կար­գա­յին ինքնաիմուն հի­վան­դութ­յուն է, ո­րը բնո­րոշ­վում է սե­փա­կան բջիջ­նե­րի (ա­ռա­ջին հեր­թին նրանց կո­րի­զա­յին բա­ղադ­րիչ­նե­րի) դեմ լայն սպեկտ­րի ինքնաիմուն հակամարմիննե­րի ար­տադ­րութ­յամբ և դրսևոր­վում է մաշ­կի և ներ­քին օր­գան­նե­րի (հատ­կա­պես ե­րի­կամ­նե­րի) ախ­տա­հա­րու­մով։

Մաշկային ձևը բնորոշվում է գերլուսազգայունությամբ և էրիթեմային ցանավորումով:

Համաճարակաբանությունը

ԿԳ-ն հանդիպում է ավելի հաճախ աֆրոամերիկացիների, քան ասիացիների, լատինաամերիկացիների և եվրոպացիների շրջանում, 3 անգամ ավելի հաճախ՝ կանանց մոտ։ Կարող է սկսվել ցանկացած տարիքում՝ առավելագույնս արտահայտվելով 20-40 տարեկանում՝ հաճախ գարնան և ամռան ամիսներին (արևի ճառագայթային ակտիվություն):

Պատճառագիտությունը

Հիվանդության առաջացման պատճառները և զարգացման մեխանիզմները բավարար ուսումնասիրված չեն:

Քննարկվում են հիվանդության ծագման հետևյալ վարկածները՝

  • ինքնաիմուն (օրգանիզմում արտադրվում են ինքնահակամարմիններ, որոնք ուղղվում են սեփական բջիջների դեմ),
  • վիրուսային (հայտնաբերվել են էնդոցիտոպլազմային խողովակավոր վիրուսանման գոյացություններ),
  • իմունաբանական (T-սուպրեսորային լիմֆոցիտների ընկճում, B-լիմֆոցիտների ակտիվացում, վերջիններիս կողմից հակա-ԴՆԹ-ային, հակա-ՌՆԹ-ային և այլ ինքնահակամարմինների զանգվածային արտադրություն),
  • գենետիկական և իմունագենետիկական (շատ են ընտանեկան հիվանդացության դեպքերը, հատկապես միաձվանի երկվորյակների շրջանում, դիտվում է հաճախ հյուսվածքային համատեղելիության գեների հետ զուգորդվածություն և այլն),
  • նյարդահումորալ:

Կլինիկական պատկերը

Հիվանդությունը դրսևորվում է մարմնի բաց հատվածներում (դեմքի մաշկ, դեկոլտեի շրջան և այլն) առողջ մաշկից հստակ սահմանագծված, վարդագույն բծերի ձևով, որոնք ժամանակի ընթացքում չափերով մեծանում են, ձուլվում՝ ծածկվելով գորշասպիտակավուն թեփուկներով:

Ավելի քան տիպական է թիթեռնիկի ախտանիշը (մեջքը՝ քթին և թևերը՝ այտերին տեղակայված, տարածված թևերով թիթեռնիկի պատկեր է առաջանում):

Հիվանդությանը բնորոշ է փուլային ընթացքը (էրիթեմային, հիպերկերատոտիկ-ներսփռական և ատրոֆիկ շրջաններ):

Էրիթեմային շրջան

Ի սկզբանե մաշկին առաջանում են մանր, թույլ հիպերեմիկ, առողջ մաշկից հստակ սահմանազատված, ծայրամասային աճի հակվածություն դրսևորող վարդագույն-մանուշակագույն նրբերանգների բծեր:

Հիպերկերատոտիկ-ներսփռական շրջան

Ախտահարման օջախները ներսփռվում են, կենտրոնական մասում առաջանում են մանր, ասբեստանման, մաշկին ամուր կպած թեփուկներ, որոնց հեռացումը բավականին դժվար է և ցավոտ (ախտահատուկ է կարմիր գայլախտին):

Ատրոֆիկ փուլը

Այս փուլում օջախի կենտրոնում ձևավորվում է սպիական ատրոֆիա (մաշկը բարակում է, նրա մակերեսին լուսարկվում են տելեանգիէկտատիկ անոթներ):

Ախտահարման օջախների եզրերում պահպանվում է ներսփռանքը:

Գլխի մազածածկ մասի մազերի ֆոլիկուլները նույնպես ատրոֆիայի են ենթարկվում, զարգանում է կայուն և անշրջելի մազաթափություն:

Բուժումը

ԿԳ-ի բուժման նպատակով կիրառվում են՝

  • տեղային կորտիկոստերոիդային քսուքներ,
  • տեղային ռետինոիդներ,
  • հակամալարիային պատրաստուկներ (քլորոխին, հիդրօքսիքլորոխին և այլն),
  • կալցինևրինի պաշարիչներ,
  • ցիտոստատիկներ (ազաթիոպրին, մեթոտրեքսատ, ցիկլոֆոսֆամիդ և այլն),
  • հակաբորային պատրաստուկներ (դապսոն և այլն),
  • հոգեմետ դեղամիջոցներ (տալիդոմիդ և այլն),
  • հակաբորբոքային պատրաստուկներ (սուլֆասալազին և այլն),
  • ոսկու պատրաստուկներ և այլն։

Խորհուրդներ հիվանդներին

Ծանոթացե´ք կարմիր գայլախտի մասին տեղեկատվությանը

Ծանոթացե´ք ԿԳ-ի մասին տեղեկատվությանը։ Այն Ձեզ կօգնի ճիշտ կենսաձև վարել, տեղեկացված որոշումներ կայացնել բուժման կուրսերի և բուժական մոտեցումների վերաբերյալ, ժամանակին խուսափել հիվանդության սրացումներից։

Խորհրդակցե´ք ԿԳ-ով այլ հիվանդների հետ։

Պաշտպանեք Ձեր մաշկն արևի ճառագայթներից

Պաշտպանեք Ձեր մաշկն արևի ճառագայթներից, քանի որ ԿԳ-ի դեպքում Ձեր մաշկը գերզգայունանում է նրանց հանդեպ։ Շատ կարճ ժամանակահատված արևի տակ մնալու դեպքում անգամ (թեկուզ րոպեներ տրանսպորտի սպասելիս) գործընթացը կարող է սրվել կամ բարդանալ։

Լուսապաշտպան միջոցների (արևապաշտպան կրեմներ և այլն) կիրառումը ԿԳ-ով հիվանդների բուժման պարտադիր պայմաններից մեկն է։

Արևապաշտպան կրեմներին ներկայացվող պահանջները

Արևապաշտպան կրեմները պիտի ապահովեն լայն սպեկտրի ազդեցություն (թե´ UVA և թե´ UVB-պաշտպանություն, ուշադրություն դարձրեք, որ կրեմի սրվակի վրա նշված լինի` «լայն սպեկտր»)։

Արևապաշտպան կրեմների արևապաշտպան գործոնը (sun protection factor) արևային ամիսներին պետք է լինի 30 և ավելի բարձր (SPF ≥ 30, մինչև 50-100)։

Արևապաշտպան կրեմները պետք է լինեն ջրակայուն։

Կիրառե´ք արևապաշտպան կրեմներ

(մաշկի օծումը և վերաօծումը)

Անհրաժեշտ է խնամքով օծել մաշկն արևապաշտպան կրեմով ամեն օր, տնից դուրս գալուց առնվազն 15 րոպե առաջ (խոսքը վերաբերում է ոչ միայն մաշկի ախտահարված, այլ ավելի ընդարձակ՝ մաշկի հագուստով չծածկված հատվածներին՝ դեմքին, ձեռքերին, դեկոլտեի գոտում և այլն)։

Եթե Դուք դրսում եք, ապա յուրաքանչյուր 2 ժամը մեկ և կամ լողանալուց կամ քրտնելուց անմիջապես հետո կրկին վերաօծեք մաշկն արևապաշտպան կրեմով։

Կրեք արևապաշտպան հագուստ

Հագուստով ծածկված մաշկին արևապաշտպան կրեմներ իմաստ չունի քսելը։ Իհարկե, տարբեր հագուստների SPF-ը տարբեր է։ Օրինակ, երկարաթև ջինսե վերնաշապիկի SPF-ը հասնում է մինչև 2000-ի է, այն դեպքում, երբ կարճաթև սպորտային սպիտակ վերնաշապիկի SPF-ը 7 է, իսկ կարճաթև սպորտային կանաչ վերնաշապիկինը` 10։

Դուք կարող եք մեծացնել հագուստի SPF-ը` լվացքի ժամանակ լվացքի հեղուկին համապատասխան նյութ ավելացնելով։ Ընդ որում, SPF-ը բավարար չափով ավելանում է միայն առաջին 20 լվացքի ժամանակ։

 Գտնվեք ստվերում

Սա շատ կարևոր է այն դեպքում հատկապես, երբ Ձեր մարմնի ստվերն ավելի կարճ է, քան Դուք, այլ կերպ ասած, օրվա այն ժամերին, երբ արևի վնասակար ճառագայթները ամենաուժեղն են (ժամը 10-ից մինչև 16-ը), մանավանդ, երբ Դուք արևայրուկի հակում ունեք։

Ստվերում, անգամ ամպամած օրերին և կամ նույնիսկ ձմռանը արևապաշտպան հագուստ կրեք, այլապես ԿԳ-ն կարող է ակտիվանալ։

Անհրաժեշտ է պաշտպանվել այն դեպքում, երբ օրվա մեծ մասն անցկացնում եք մեքենայի մեջ, պատուհանի մոտ։

Հեռու մնացեք լույսի արհեստական աղբյուրներից

Լույսի արհեստական աղբյուրներն արևի անվտանգ այլընտրանք չեն։ Ավելին, նրանք ավելի վտանգավոր են, քան արևի բնական ճառագայթները և աներկբայորեն հանգեցնում են գործընթացի սրացման։

Մի´ ծխեք

Մի´ ծխեք։ Նիկոտինը սրացնում է ԿԳ-ի կլինիկական պատկերը, իսկ բուժումը դառնում է ոչ բավարար արդյունավետ։ Ավելին, ծխելը դադարեցնելուց հետո բուժման արդյունավետությունն աճում է։

Մի´ գրգռեք մաշկի ձևաբանական տարրերը

Եթե Դուք շարունակաբար գրգռում եք ձևաբանական տարրերը (բծեր, թեփուկներ, կեղևներ, էրոզիա, խոց և այլն), ապա դրանով ապահովում եք գործընթացի շարունակականությունը։ Այն կարող է կրկնվել։

Փոխե´ք ֆլյուորեսցենտային լամպերը

Եթե տանն առկա են ֆլյուորեսցենտային և հալոգենային լամպեր, ապա դրանց փոխարեն կիրառեք շիկացման լամպեր, քանի որ առաջինները անդրմանուշակագույն ճառագայթներ են լուսարձակում, որոնք կարող են վնասել։ Հակառակ դեպքում կիրառեք անդրմանուշակագույն ճառագայթների ֆիլտրեր, որոնք կնվազեցնեն ճառագայթների բացասական ազդեցությունը։

Եթե լամպերը փոխել կամ ֆիլտրեր կիրառել ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ, ապա գոնե պաշտպանվեք արևապաշտպան կրեմների, արևապաշտպան հագուստի կամ արևապաշտպան լայնեզր գլխարկի օգնությամբ։

Եթե դեղորայք եք ընդունում, ապա հարցրեք Ձեր բժշկին արդյո՞ք այդ դեղամիջոցները չեն բարձրացնում մաշկի լուսազգայունությունը

Որոշ դեղամիջոցներ, օրինակ ֆտորխինոլոնները, տետրացիկլինները և այլն, մաշկը դարձնում են ավելի լուսազգայուն և հանգեցնում ֆոտոդերմատիտների, արևային այրվածքների, ֆոտոդերմատոզների, այդ թվում ԿԳ-ի սրացման և այլն։

Դիմեք Ձեր մաշկաբանին, որպեսզի փոխի բուժման մեթոդաբանությունը։

Հարցրեք Ձեր մաշկաբանին վիտամին-D3-ի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Վիտամին-D3-ը (խոլեկալցիֆերոլ) արտադրվում է մաշկում` անդրմանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ և մուտք գործում արյան շրջանառություն։

Վիտամին-D2-ը (էրգոկալցիֆերոլ) մուտք գործում օրգանիզմ սննդի միջոցով։

Այս վիտամիններն ապահովում են աղիներից կալցիումի և ֆոսֆորի ներծծումը։

ԿԳ-ի դեպքում տասնամյակներով շարունակաբար արևի ճառագայթներից խուսափելն ի վերջո կարող է հանգեցնել վիտամին-D3-ի անբավարարության (հատկապես հյուսիսաբնակների շրջանում), որն իր հերթին կարող է հանգուցալուծվել ԿԳ-ի, պսորիազի, վիտիլիգոյի և մի շարք այլ մաշկային հիվանդությունների սրացումով, ոսկրահոդային համակարգի փոփոխություններով և այլն։

Հետազոտե´ք Ձեր արյան մեջ վիտամին D-ի քանակությունը։

 Մաշկի ուռուցքային ախտաբանության կասկածի դեպքում դիմե´ք Ձեր մաշկաբանին

Հատկապես այն դեպքերում, երբ ժամանակի ընթացքում փոխվում են մաշկային ինչ-ինչ գոյացությունների (գունակային նևուսներ, անոթային նևուսներ և այլն) գույնը, չափը, եզրագծերը և այլն, դիմեք մաշկաբանի։ ԿԳ-ի որոշ ձևերի դեպքում մեծանում է մաշկի ուռուցքային ախտաբանության զարգացման հնարավորությունը։

Վերջինս վաղ հայտնաբերման դեպքում կանխատեսումն ավելի բարենպաստ կլինի։

 

Խաչիկ. Մ. Խաչիկյան

բ.գ.դ., պրոֆեսոր,

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,

պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,

հեռ.`+374 (91) 406151, 

E-mail: [email protected]

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top