Պրոֆեսոր Համայակ Քալամքարյան

Համայակ Արտեմի Քալամքարյան

Ռուսատանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակակիր, նշանավոր մաշկաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համայակ Արտեմի Քալամքարյանը ծնվել է 1918-ի հունվարի 18-ին, Թուրքիայի Հանրապետության Կարս քաղաքում։

1938-1941 թթ. նա ուսանել է Մոսկվայի թիվ 1 բժշկական ինստիտուտում, իսկ 1941-1943 թթ.` Թիֆլիսի բժշկական ինստիտուտում։ Բժշկական կրթություն ստանալուց անմիջապես հետո Հ. Ա. Քալամքարյանը մեկնել է մարտի դաշտ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմին։ Ցուցաբերած խիզախության ու անձնական արիության համար նա պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով:

Իբրև մաշկավեներաբան Հ. Ա. Քալամքարյանը որակավորվել է Խարկովի մաշկավեներաբանական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում՝ 1946-1947 թթ.։

1947-ից սկսած, Հ. Ա. Քալամքարյանն աշխատանքի է անցել ու մինչև իր օրերի ավարտն աշխատել է ԽՍՀՄ ԱՆ Կենտրոնական գիտահետազոտական մաշկավեներաբանական ինստիտուտում, որն այդ տարիներին ղեկավարում էր պրոֆեսոր Լ.Ն. Մաշկիլեյսոնը (կրտսեր գիտաշխատողից մինչև կլինիկական գծով փոխտնօրեն)։

1956-1979 թթ. պրոֆ. Հ. Ա. Քալամքարյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Մաշկավեներաբանների համամիութենական և համառուսական գիտաբժշկական ընկերակցություններում։

Հ. Ա. Քալամքարյանը 1958-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Պիոդերմիաների բուժման ժամանակ քլորտետրացիկլինի և սինթոմիցինի արդյունավետության մասին վկայող կլինիկական և փորձարարական նյութերը» թեմայով։ Տետրացիկլինների խմբի հակաբիոտիկների թերապևտիկ արդյունավետությանը վերաբերող այս և մի շարք այլ հետազոտությունների արդյունքում նշյալ խմբերի պատրաստուկները սկսեցին լայնորեն կիրառվել գործնական բժշկության ոլորտում, հատկապես թարախաբշտիկային մաշկախտների բուժման նպատակով։

Հ. Ա. Քալամքարյանը 1969-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Մաշկի ռետիկուլոզներ, մաշկի առաջնային ռետիկուլոզի և ռետիկուլոսարկոմատոզի կլինիկան, հյուսվածքաբանությունը, բջջաբանությունը և բուժումը» թեմայով։ Նա առաջիններից մեկն էր ԽՍՀՄ-ում, ով հանգամանալից ուսումնասիրեց մաշկի ռետիկուլոզները, ներկայացրեց սնկաձև միկոզի, ռետիկուլոզի, մաշկի ռետիկուլոսարկոմատոզի, Կապոշիի սարկոմայի և մաշկի լեյկոզի կլինիկական առանձնահատկությունները, նկարագրեց վերջիններիս տարբերակիչ ախտորոշումը (լայնածավալ ու բացառիկ կլինիկական հետազոտություններ` ուսումնասիրվեց շուրջ 1500 հիվանդ), հստակեցրեց ռետիկուլոհեմոբլաստոզների կլինիկական-հյուսվածքաբանական և բջջաբանական դասակարգումը, մշակեց ռուսական արտադրության պատրաստուկներով (դիպին, ֆոսֆազին, ֆոտրին, պրոսպիդին, սպիրոբրոմին և այլն) վերջիններիս բուժման միանգամայն արդյունավետ մեթոդներ, որոնց ոչ միայն գիտական, այլև կիրառական նշանակությունը դժվար է գերագնահատել (շարադրյալ պատրաստուկները հետայդու սկսեցին կիրառվել բոլոր մաշկավեներաբանական կլինիկաներում)։

Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանը համաշխարհային գրականության մեջ առաջին անգամ նկարագրել է Կապոշիի պսևդոսարկոման, պաթոմիմիան, միելոմային հիվանդության մաշկային արտահայտությունները, Կիմուրայի հիվանդությունը և այլն, բուժման մեթոդներ առաջարկել որոշ վիրուսային մաշկախտների, խրոնիկական խոցային պիոդերմիայի և մի շարք այլ հիվանդությունների բուժման նպատակով։

Պրոֆեսոր Հ. Ա. Քալամքարյանը բարդագույն համալիր հետազոտություններ է իրականացրել պսորիազային հիվանդության ուսումնասիրման ուղղությամբ` ներկայացնելուվ խնդրի կլինիկական, ախտահյուսվածքաբանական, հյուսվածքաքիմիական, կենսաքիմիական, իմունաբանական, էլեկտրոնամանրադիտային նկարագրերը։ Նրա ջանքերով ԽՍՀՄ-ում ներդրվեց պսորիազի բուժման ֆոտոքիմիոթերապևտիկ մեթոդը (PUVA), որը հետագայում տարածվեց ողջ խորհրդային երկրով մեկ ու կիրառվում է մինչև օրս։

Պրոֆեսոր Հ. Ա. Քալամքարյանը հեղինակել է ավելի քան 250 ինքնատիպ աշխատություն՝ մաշկավեներաբանության ոլորտում բազմաթիվ տարիների գիտական ու կլինիկական փորձը ամփոփելով «Մաշկի ռետիկուլոզների կլինիկան ու բուժումը» (Երևան, 1983), «Կապոշիի սարկոմա» (Նովոսիբիրսկ, 1986), «Կլինիկական մաշկաբանություն, հազվադեպ հանդիպող և ատիպիկ մաշկախտներ (Երևան, 1989, համահեղինակներ` Մորդովցև Վ.Ն., Տրոֆիմովա Տ.Յա.), «Մաշկի խրոնիկական ստաֆիլոկոկային վարակ» (Կիև, 1990) և մի շարք այլ մենագրություններում։

Պրոֆեսոր Հ. Ա. Քալամքարյանը ուսումնառել և հիմնվել է ռուսական գիտական մաշկաբանության հիմնադիրներ Ա.Գ. Պոլոտեբնովի (մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան ճյուղ), Ա.Ի. Պոսպելովի (մաշկավեներաբանության մոսկովյան ճյուղ), Վ.Մ. Տարնովսկու (նրա անունով է կոչվում դեռևս 1932-ին հիմնված «Դերմատովեներոլոգների սանկտ-պետերբուրգյան ընկերակցությունը») աշխատանքների վրա, պահպանել և զարգացրել է նրանց ու գիտության այլ մշակների գիտական ավանդույթները, կրթել է և նպաստել մաշկաբանական ուրույն մտածողությամբ օժտված մասնագետների մի ամբողջ փաղանգի ձևավորմանը։

Հայտնի են միջազգային համաժողովներում նրա կողմից իրականացված բազմաթիվ ծրագրային զեկույցներ, որոնք մաշկավեներաբանական համաշխարհային գիտական հանրության կողմից մշտապես բարձր գնահատականի են արժանացել։

Պրոֆեսոր Հ. Ա. Քալամքարյանը մահացել է Մոսկվայում 1995-ին և հուղարկավորվել Մոսկվայի հայկական գերեզմանատանը։

Պրոֆեսոր Հ. Ա. Քալամքարյանի 100-ամյակի կապակցությամբ և նրա հիշատակը հավերժացնելու նպատակով մեր ջանքերով 2018թ. փետրվարին ՀՀ-ում ստեղծվեց «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ն, որը նպատակ ունի շարունակելու մեծն մաշկավեներաբանի գործը, մաշկավեներաբանության ավանդույթները` գիտության այդ ոլորտի զարգացման և բարգավաճման նպատակով։

 

ԵՊԲՀ մաշկաբանության և

սեռավարակաբանության ամբիոնի վարիչ՝

բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյան

 

8.05.23 թ.

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top