Կորյակային հիվանդություն (Խ.Մ. Խաչիկյան)

Ընդհանուր դրույթներ

Անվիճելի է, որ դեմքի մաշկն արտաքին ծածկույթների ամենանշանակալի հատվածն է, որի դերը մարդկային փոխհարաբերություններում դժվար է գերագնահատել։

Մաշկի հաղորդակցական և գեղագիտական գործառույթների, անձի վերաբերյալ նախնական տպավորության ձևավորման հիմքում ընկած է նախևառաջ դեմքի մաշկի ազդեցությունը։ Վերջինիս ախտահարումը խստորեն ներգործում է հիվանդի հոգեհուզական վիճակի վրա՝ հանդիսանալով մաշկաբանական-կոսմետոլոգիական օգնության դիմելու ամենահաճախակի պատճառներից մեկը։

Կորյակային հիվանդությունը (ԿՀ) պիլոսեբացիոն համակարգի (մազային ֆոլիկուլներ և ճարպագեղձեր) բազմագործոնային, ծագումնաբանական նախատրամադրվածությամբ պայմանավորված խրոնիկական մաշկախտ է (դեմքի մաշկի ախտահարմամբ ընթացող ամենահաճախադեպը), որը բնորոշվում է մաշկի և օրգանիզմի իմուն վերակառուցումով, ճարպագեղձերի հիպերտրոֆիայով, ֆոլիկուլային խողովակի ախտաբանական հիպերկերատոզով, սովորաբար մաշկի սեբորեային տեղամասերում բորբոքային և ոչ բորբոքային բնույթի բազմաթիվ ձևաբանական տարրերի առաջացումով, ոչ հազվադեպ նաև ծանր և կրկնվող ընթացքով։

Հիմնախնդրի այժմեականություն

ԿՀ-ն բժշկասոցիալական հիմնախնդիր է։ Նրա այժմեականությունը պայմանավորված է հիվանդության լայն տարածվածությամբ, «հասունացման» միտումով, խրոնիկական  կրկնվող և երկարատև ընթացքով, բարդությունների առաջացման մեծ ռիսկով, կլինիկական տարատեսակությամբ, հիվանդի կյանքի որակի վրա ունեցած նշանակալի ազդեցությամբ, ինչպես նաև բազմաբարդ ախտածագմամբ և, վերջապես, բուժման հիմնախնդիրներին համալիր մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

 Լայն տարածվածությունը

ԿՀ-ն տարածված հիվանդություն է, կյանքի այս կամ այն շրջանում այն դիտվում է բնակչության մոտ 80%-ի շրջանում` հիվանդների 20%-ի մոտ հասցնելով մշտական ֆիզիկական և հոգեկան շեղումների։

Որոշ երկրներում գերակշռում է ԿՀ-ի այս կամ այն ձևը (օրինակ, միջերկրական ծովի ավազանում գերակշռում է կիստային ԿՀ-ն)։ Որոշ երկրներում (օրինակ, Հյուսիսային Ամերիկայում) ԿՀ-ն առավել հաճախ հանդիպում է սպիտակամորթ անձանց մոտ (մուգ մաշկ ունեցող անձանց շրջանում ԿՀ-ն հազվադեպ է հանդիպում, սակայն նրանք ավելի հակում ունեն հետբորբոքային գերգունակային պոստակնեի առաջացման)։

12-25 տարեկան հասակում ԿՀ-ի պոպուլյացիոն հաճախականությունը 80-95% է։ Հիվանդացության ամենաբարձր նշագիծն աղջիկների շրջանում դիտվում է 14-16, իսկ տղաների շրջանում 16-17 տարեկանում, արդարև՝ շատերի մոտ ֆիզիոլոգիական շրջանակներից դուրս չգալով և արբունքային տարիքի վերջում ինքնաբուխ ապաճելով։ Այդուամենայնիվ, նրանց 20%-ի շրջանում այն ձևափոխվում է՝ ձեռք բերելով դերմատոլոգիական նոզոլոգիական միավորի հստակ ուրվագծեր։ Ավելին, 25-34 տարեկանում ԿՀ-ն շարունակում է արձանագրվել հիվանդների մինչև 14%-ի, իսկ 35-44 տարեկանում՝ ավելի քան 3%-ի շրջանում։

 Սեռը և տարիքը

ԿՀ-ի առասպելները բազմաթիվ են։ Դրանցից է այն առասպելը, ըստ որի ԿՀ-ն պատանիների և պարմանուհիների հիվանդություն է։ ԿՀ-ն պատանիների և պարմանուհիների հիվանդություն չէ։ ԿՀ-ով հիվանդանում են նաև մեծահասակ կանայք` 30-50 տարեկանում, անգամ ավելի բարձր տարիքում։ Եվ պետք է ասել, որ մարդկանց հոգեկան հավասարակշռութունը խախտվում է այս պարագայում առավել նշանակալիորեն։

ԿՀ-ն հանդիպում է բոլոր տարիքային խմբերում` նորածնային շրջանից սկսած մինչև հետկլիմակտերիկ շրջան։
Նորածնային շրջանում ԿՀ-ն կարող է դրսևորվել, օրինակ, նեոնատալ ցեֆալիկ պուստուլոզի ձևով (ի հայտ են գալիս կյանքի առաջին շաբաթներին կամ ամիսներին, երբ երեխան դեռևս գտնվում է մայրական հորմոնների ազդեցության տակ, երբ երեխայի մակերիկամները դեռևս ոչինչ չեն արտադրում, այնինչ նրա արյան մեջ հայտնվել է մոր հորմոնների աններդաշնակորեն մեծ քանակ)։ Ակնեի այս ձևն ինքնաբուխ ապաճում է, չնայած որ որոշ դեպքերում բուժման անհրաժեշտություն է ծագում (տեղային ռետինոիդներ)։

Պատանեկան ակնեն զարգանում է պատանեկան տարիներին (ավելի հաճախադեպ է պատանիների, իսկ հասուն տարիքում` կանանց շրջանում), երբ սեռական գեղձերն ակտիվորեն սկսում են գործել և արյան մեջ մեծ քանակությամբ սեռական հորմոններ են ի հայտ գալիս։

Մեծահասակների ակնեն ի հայտ է գալիս 25 և ավելի տարեկան տղամարդկանց 5%-ի և կանանց 25%-ի շրջանում։
45 տարեկանում ԿՀ-ի քանակը տարբեր սեռերի մոտ հավասարվում է (5%)։

 «Հասունացման» միտումը

Վերջին տարիներին նշանակալիորեն ավելացել է այն կանանց թիվը, ում մոտ ԿՀ-ի առաջնելույթը դիտվում է միայն 25-30 տ. և ավելի բարձր տարիքային խմբերում (հիվանդների 33%-ի շրջանում՝ 35-44 տարեկանում), անգամ նախակլիմակտերիկ և կլիմակտերիկ շրջաններում։

 Խրոնիկական  կրկնվող և երկարատև ընթացքը և բարդությունների առաջացման մեծ ռիսկը

Հաճախադեպ են դարձել հիվանդության միջին ծանրության և ծանր, բուժման նկատմամբ բեկանելի ձևերը։ Միջին և ծանր աստիճանի ԿՀ-ն հանդիպում է մոտ 20% դեպքերում։ Գործընթացի ապաճման պարագայում հիվանդների 25%-ի մոտ ձևավորվում են կոսմետիկ դեֆեկտներ։

Թեթև և միջին ծանրության ԿՀ-ի տևողությունը 4-5 տարի է, իսկ ծանր ընթացքի դեպքում շարունակվում է ցկյանս։

 Կլինիկական տարատեսակությունը

ԿՀ-ն դրսևորվում է ամենատարբեր ձևաբանական տարրերով, էվոլյուցիոն բազմաձևությամբ (բաց և փակ կոմեդոններ, հանգույցիկներ, թարախաբշտեր, հետբորբոքային կայուն փոփոխություններ՝ դիսքրոմիաներ, պսևդոատրոֆիաներ, սպիներ, պոստակնե-տարրեր և այլն)՝ դրանով իսկ դժվարացնելով ախտորոշումը և բուժման մեթոդաբանության ընտրությունը։

Հիվանդի կյանքի որակի վրա նշանակալի ազդեցությունը

ԿՀ-ն հատկապես գործուն ազդեցություն է ունենում հիվանդի հոգեհուզական ոլորտի, սոցիալական վիճակի և հասարակական ադապտացիոն գործընթացների վրա։ Մոտ 30-50% դեպքերում դիտարկվում են հոգեկան-վեգետատիվ խախտումներ, ամենից հաճախ՝ դեպրեսիվ շրջանի աֆեկտային համախտանիշի, այն է՝ հեգնական, հիպոէսթետիկ, անէսթետիկ, ինտելեկտուալ, ստուպորոզ, աժիտացված, տագնապային, տրտմալի և այլ դեպրեսիաների, ինչպես նաև ցածր ինքնագնահատականի, գերգրգռվածության, հոգեկան դիսկոմֆորտի, սոցիալական դեզադապտացիայի ձևով՝ երբեմն հանգեցնելով անգամ ինքնասպանության։

Որպես կանոն, հիվանդների ակադեմիական առաջադիմությունը լինում է ցածր։
Հիշարժան է, որ հիվանդության դրսևորումների աստիճանի և նրանց տրվող զգացմունքային գնահատականի միջև կապը հակադարձ համեմատական է (որքան թեթև է ակնեի ընթացքը, այնքան բուռն է այն ընկալվում և ներկայացվում հիվանդի կողմից և ընդհակառակը՝ ծանր ընթացքով ԿՀ-ով հիվանդներն առավել զուսպ են և ըմբռնումով են վերաբերվում իրենց վիճակին)։

Պատճառագիտությունը եվ ախտածագումը

ԿՀ-ի զարգացման հիմքում ընկած են հետևյալ կարևորագույն գործոնները`

  • ճարպագեղձերի հիպերտրոֆիան,
  • ֆոլիկուլային խողովակի ախտաբանական հիպերկերատոզը,
  • «propionbacterium acnes» մանրէներով ճարպագեղձերի ծորանների խիստ գաղութացումը,
  • մաշկի և օրգանիզմի իմուն վերակառուցումը (դերմայի շուրջֆոլիկուլային գոտու իմուն բորբոքում և այլն)։

Հասկանալի է, որ բուժական նշանակալի արդյունավետության կարելի է հասնել ախտաբանական գործընթացի վերոբերյալ բոլոր օղակների վրա ուղղորդված շարունակական ազդեցությամբ միայն։

 Ճարպագեղձերի հիպերտրոֆիան

Ճարպագեղձերի հիպերտրոֆիայի են ենթարկվում, ճարպարտադրությունը ուժգնանում է (սեբումի գերարտադրություն և նրա կազմի փոփոխություն)։

Ճարպարտադրությունը և ճարպի արտազատումը կանոնակարգվում են տարբեր հորմոնների և մեդիատորների, մասնավորապես անդրոգենների միջոցով (պատահական չէ, որ կոմեդոնային ակնեի զարգացման աստիճանը պրեպուբերտալ տարիքի աղջիկների մոտ համաահարաբերակցվում է «դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատ»` «DHEA-S» կոչվող մակերիկամային անդրոգենի խտության հետ; բազմաթիվ այլ մեդիատորներ և ընկալիչներ են մասնակցում այս գործընթացին, օրինակ աճի ձևափոխող հորմոնը, աճի ինսուլինանման հորմոնը, պերօքսիսոմ պրոլիֆերատորը և այլն, որոնք ակտիվացնում են ճարպագեղձերին և նպաստում ԿՀ-ի զարգացմանը)։

Ճարպագեղձերը նեյրոէնդոկրին-բորբոքային միկրոօրգաններ են, որոնք ակտիվանում են սթրեսի ժամանակ ի հայտ եկող կորտիկոտրոպին-ռիլիզինգ հորմոնների ազդեցությամբ։

Ֆոլիկուլային խողովակի ախտաբանական հիպերկերատոզ

Ֆոլիկուլային խողովակի ախտաբանական հիպերկերատոզը ենթադրում է կերատինոցիտների պրոլիֆերացիայի ակտիվացում և դեսկվամացիայի նվազում (հանգեցնում է սեբումով և կերատինով լեցուն միկրոկոմեդոնների, խցանված ֆոլիկուլների առաջացման)։

 «Propionbacterium acnes» մանրէներով ճարպագեղձերի ծորանների գաղութացում

Կարևոր մեխանիզմներից է նաև «Propionbacterium acnes» կոչվող կոմենսալ, սինանտրոպ և անօդակյաց մանրէներով ճարպագեղձերի ծորանների խիստ գաղութացումը։

Այս մանրէները բորբոքային գործընթացներ են մակածում տարբեր մեխանիզմներով (արտադրում են պրոբորբոքային մեդիատորներ, որոնք թափանցում են ֆոլիկուլների պատի մեջ, ակտիվացնում են մոնոցիտների և նեյտրոֆիլների TLR-2-ընկալիչներին, որը հանգեցնում է բազմաթիվ պրոբորբոքային ցիտոկինների, մասնավորապես ԻԼ-8-ի, ԻԼ-12-ի և ՈՒՆԳ-ի անջատման)։

«Propionibacterium acnes»-ի հանդեպ օրջանիզմի գերզգայունությամբ է թերևս բացատրվում այն հանգամանքը, որ որոշ մարդկանց շրջանում ԿՀ-ն ընթանում է արտահայտված բորբոքային բաղադրիչով (ենթադրում է այլ բուժական  մոտեցումներ)։

 Մաշկի և օրգանիզմի իմուն վերակառուցում 

(դերմայի շուրջֆոլիկուլային գոտու իմուն բորբոքում և այլն)։

Մաշկում ավելանում է բորբոքման մեդիատորների քանակը։ Օրգանիզմի բորբոքային պատասխանը (դերմայի շուրջֆոլիկուլային գոտու իմուն բորբոքում) զարգանում է ավելի շուտ, քան հիպերկերատինիզացիան։

CD4+ T-լիմֆոցիտների և մակրոֆագերի կողմից արտադրվող ցիտոկինները ակտիվացնում են տեղային էնդոթելային բջիջներին, որոնք իրենց հերթին պիլոսեբացիոն համակարգի շրջակա անոթներում ակտիվացնում են բորբոքային մեդիատորներին, մասնավորապես անոթային բջիջների ադհեզիայի մոլեկուլ-1-ին (vascular cell adhesion molecule-1, VCAM-1), ներբջջային ադհեզիայի մոլեկուլ-1-ին (intercellular adhesion molecule-1, ICAM-1), մարդու լեյկոցիտային հակածիններին (human leukocyte antigen, HLA–DR) և այլն։

 Կլինիկան

Շատերին թվում է, թե ԿՀ-ն մաշկային հիվանդություն է, որը դրսևորվում է պզուկների առաջացումով։ Նախևառաջ, այդ պզուկներ ասածն այդչափ միատարր չէ։ Պզուկներ են անվանում ԿՀ-ին բնորոշ թե´ առաջնային և թե´ երկրորդային, թե´ ոչ բորբոքային (բաց և փակ կոմեդոններ) և թե´ բորբոքային (հանգույցիկներ, թարախաբշտիկներ, հանգույցներ, կիստաներ և այլն) ձևաբանական տարրերը, որոնք հաճախ հանդես են գալիս միաժամանակ։ Այս տարրերը կարող է տարբերակել միմյանցից միայն Ձեր մաշկաբանը։ Դիմե´ք նրան։

Գործընթացը սովորաբար տեղակայվում է մաշկի ճարպագեղձերով հարուստ տեղամասերին (սեբորեային հատվածներ` հատկապես դեմքին, գլխի մազածածկ մասին, միջթիակային շրջանում, կրծքավանդակի վերին երրորդում և այլն), սակայն կարող է դիտվել նաև վզին, ուսերին, վերին վերջույթներին և հետույքին։

Հիվանդին անհանգստացնում է ախտահարված հատվածի գերզգայունությունը, ցավը և այրոցը (էրիթեմայի դեպքում):

Որպես օրենք, համակարգային ախտանիշները բացակայում են։ Ծանր դեպքերում միայն (ԿՀ-ի կայծակնային ձև, գնդաձև կորյակներ` acne conglobata և այլն), ջերմությունը կարող է բարձրանալ։ Գործընթացը կարող է հանգեցնել ձևախեղող սպիների առաջացման (անշրջելի գործընթաց է) և այլն։

Բավական հաճախ ԿՀ-ն հանգեցնում է ծանր հոգեբանական-սոցիալական հետևանքների (դեպրեսիա, անհանգստություն և այլն), որը պայմանավորված չէ հիվանդության ծանրության և զարգացման աստիճանով։

 Ցածր ինքնագնահատական

Շատերն իրենք իրենց մասին խոսում են միայն նսեմացնող էպիտետներով, խուսափում են ընկերների հետ հանդիպումից, աշխատանքից, դասերի չեն հաճախում։ Այդ աբսենտեիզմը (բացակայել, չաշխատել, խուսափել ընտրություններին, ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին մասնակցությունից և այլն, սոցիալական և հոգեբանական դիսադապտացիա) կարող է հանգեցնել բարդությունների։

 Դեպրեսիա

Ակնեն կարող է արտահայտվել ոչ միայն ցածր ինքնագնահատականով, այլ նաև հանգեցնել դեպրեսիայի (բժշկական, նոզոլոգիական միավոր է) կամ վերջինիս արտահայտման առավելագույն ձևի (հատկապես պատանիների շրջանում)՝ ինքնասպանության մասին մտքերի, ապա և՝ ինքնասպանության։

Գերգունակային բծեր

ԿՀ-ի ապաճման արդյունքում ձևավորվում են գերգունակային բծեր, որոնք լավագույն դեպքում ապաճում են ամիսների և տարիների ընթացքում։

 Սպիներ

ԿՀ-ի զարգացման հաջորդ հնարավոր փուլը պերմանենտ սպիների առաջացումն է։ Սա հատկապես բնորոշ է ԿՀ-ի կիստաներով և հանգույցներով արտահայտվող դեպքերին։ Սպիագոյացումը կարելի է կանխարգելել։ Այս իսկ պատճառով ժամանակին դիմեք մաշկաբանի, մանավանդ, երբ գործընթացը վաղ է սկսվել՝ 8-12 տարեկանում կամ երբ Ձեր ընտանիքում կան ԿՀ-ով, հատկապես նրա բարդ ձևերով տառապող անձինք (ներկա կամ անամնեստիկ տվյալներ)։

Հանգույցների և կիստաների ժամանակին բուժումը կանխում է սպիագոյացումը։

Ինչպե՞ս են ախտորոշում կորյակային հիվանդությունը

Մաշկաբանները նախևառաջ զննում են Ձեր մաշկը, որ վստահ լինեն, Դուք տառապում եք ԿՀ-ո՞վ, թե՞ այլ, ակնեանման մաշկախտերով և կամ դեմքի մաշկն ախտահարող և տարբերակման ենթակա բազմաթիվ այլ բորբոքային մաշկախտներով։
Եթե Դուք ունեք ԿՀ, ապա մաշկաբանը կգնահատի ԿՀ-ի արտահայտման աստիճանը և կորոշել հիվանդության տեսակը։

Դասակարգում II

Թեթև աստիճան կամ կոմեդոնային ակնե

Բնորոշվում է դեմքի մաշկին և կամ իրանին բազմաթիվ ոչ բորբոքային (բաց և փակ կոմեդոններ) և եզակի բորբոքային (հանգուցիկա­թարախաբշտիկային` ֆոլիկուլային  հանգույցիկներ, թարախաբշտիկներ, ինդուրատիվ հանգույցներ, դրենավորող սինուսներ) ձևաբանական տարրերի առկայությամբ:

 Միջին աստիճան կամ հանգուցիկա­թարախաբշտիկային ակնե

Բնորոշվում է դեմքի մաշկին և կամ իրանին բազմաթիվ բորբոքային (հանգուցիկա­թարախաբշտիկային` ֆոլիկուլային հանգույցիկներ, թարախաբշտիկներ, ինդուրատիվ հանգույցներ, դրենավորող սինուսներ) և եզակի հետբորբոքային չզարգացած հանգույցների, եթե առկա է մեկից ավելի զարգացած, հանգուցակիստային կամ տարր, ինչպես նաև փոքրիկ սպիների և գունակային բծերի առկայությամբ։

Ծանր աստիճանի ակնե կամ նոդուլոկիստոզ ակնե

Բնորոշվում է դեմքի մաշկին և կամ իրանին բազմաթիվ  թարախակալվող ֆլեգմոնային (հանգուցակիստային) և գնդաձև (կոնգլոբատ) հանգույցների, ինչպես նաև հետբորբոքային տարրերի (կիստաներ, ատրոֆիկ, հիպերտրոֆիկ և կելոիդային սպիներ) առկայությամբ:

 Հետազոտումը

ԿՀ-ի ախտորոշումը կլինիկական է։ Որոշ դեպքերում սակայն անհրաժեշտ է կատարել տարբեր հետազոտություններ։ Օրինակ, դիսմենոռեայի կամ հիրսուտիզմի պարագայում անհրաժեշտ է հետազոտել տեստոստերոնը, դեհիդրոէպիանդրոստերոնը, լյուտեինային հորմոնը, ֆոլիկուլախթանող հորմոնը, բուժման բեկանելի դեպքերում կատարել մանրէաբանական հետազոտություն` գրամ-բացասական ֆոլիկուլիտները ժխտելու նպատակով)։

Ինչու՞ բուժել կորյակային հիվանդությունը

ԿՀ-ի առասպելներից է հետևյալը` «ակնեն պետք չէ բուժել և անհրժեշտ է այն թողնել «բախտի քմահաճույքին»։ Այո, որոշ վայ-բժիշկներ հորդորում են ընդհանրապես չբուժել ԿՀ-ն (և մյուս բեկանելի և դժվար բուժելի հիվանդությունները), ասելով, որ մինևնույն է, ակնեն չի բուժվում, իսկ ովքեր կասեն, թե կբուժեն, նրանք խաբում են Ձեզ և այլն։

Այսպիսի դատարկաբանության հիմքում ընկած է թերևս ակնեի մասին գիտելիքների պակասը, որպեսզի չասենք բացակայությունը և խուսանավելով պատասխանատվությունից խուսափելու ձգտումը։

Թողնել, որ ակնեն ընթանա իր հունով` լավագույն խորհուրդը չէ, քանի որ`

  • առանց բուժման թողնելու դեպքում ակնեի տարրերը շատանում են, խորանում, տարածվում, դառնում պերմանենտ, ի հայտ են գալիս ընդհանուր երևույթներ, իսկ ապաճման դեպքում ախտահարված տեղերում
  • մաշկն աստիճանաբար պատվում է մուգ բծերով և մանր, ատրոֆիկ կամ այլ բնույթի սպիներով (կախված է ելակետային տարրերից),
  • ԿՀ-ի բուժման դեպքում բարձրանում է անձի ինքնագնահատականը, անցնում է դեպրեսիան, տագնապը, հուզմունքը, գերգունակային բծեր և սպիներ չեն ձևավորվում,
  • գնալով բուժման առավել մատչելի եղանակներ են առաջարկվում գիտական հանրության կողմից և այդ մատչելիությունն իսկ չի կարելի անուշադրության մատնել։

Ուստի ակնեն անպայման պիտի բուժել։ Ընդ որում, մաշկի նկատելի առողջացումից հետո անգամ բուժումն անհրաժեշտ է միառժամանակ շարունակել, որպեսզի կանխվի նոր կոմեդոնների առաջացումը։ Ավարտի մասին Ձեզ կտեղեկացնի Ձեր մաշկաբանը։

Ինչպե՞ս են բուժում կորյակային հիվանդությունը

Այսօր կան ԿՀ-ի բուժման բազմաթիվ արդյունավետ եղանակներ, որոնք բոլորը չէ, որ արդյունավետ են յուրաքանչյուր հիվանդի մոտ։ Ամենևին ոչ։ Ավելին` բացարձակապես ոչ։ Այսհտեղ կարևոր է այն հանգամանքը, որ ԿՀ-ի ցանկացած դեպք վերահսկելի է և նշանակված բուժման ցանկացած կուրս կարելի է շարժընթաց շտկել և վերահսկել։

Թեթև արտահայտվածության ԿՀ-ի դեպքում, երբ առկա են բազմաթիվ ձևաբանական ոչ բորբոքային տարրեր (սև և սպիտակ կոմեդոններ) և եզակի բորբոքային տարրեր (հանգույցիկներ, թարախաբշտիկներ և այլն), շատերն ինքնուրույն բուժվում են` առանց դեղատոմսի տրվող պատրաստուկներ կիրառելով։

Մի շարք պատրաստուկներ, որոնք բենզոիլ-պերօքսիդ կամ սալիցիլաթթու են պարունակում, այո, արդյունավետ են։ Բայց դա չի նշանակում, որ ԿՀ-ն կբուժվի մի գիշերվա ընթացքում։ Տնային պայմաններում բուժման պարագայում արդյունքները զգալի կարող են դառնալ ոչ շուտ, քան 4-8 շաբաթ անց։ Ավելին, դրական արդյունքի դեպքում բուժումն անհրաժեշտ է շարունակել` արդյունքների ամրապնդման և կրկնումների հավանականության նվազման նպատակով։

ԿՀ-ի բուժումն ուղղված է ախտածագման հիմնական գործոնների դեմ (ֆոլիկուլային հիպերպրոլիֆերացիա, ֆոլիկուլների խցանում, գերճարպարտադրություն, «Propionibacterium acnes»-ի դեմ պայքար, հակաբորբոքային ազդեցություն)։

ԿՀ-ի բուժումը հիմնված է ԿՀ-ի զարգացման և ծանրության աստիճանի ճիշտ գնահատման վրա։

 Ե՞րբ այցելել մաշկաբանի

Երբ Ձեր մոտ ձևավորվել են արդեն բազմաթիվ ձևաբանական տարրեր, ինչպես նաև հանգույցներ, կիստաներ, թարախաբշտեր և այլն, ապա առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղերն այլևս արդյունավետ չեն կարող լինել։ Եթե Դուք ուզում եք ձերբազատվել ԿՀ-ից, Դուք պիտի դիմեք մաշկաբանի։ Նա Ձեզ կառաջարկի բուժման բազմաթիվ եղանակներ (տե´ս ստորև)։

 Ֆարմակոթերապիա

ԿՀ-ի բուժման նպատակով կիրառվում են`

  • ռետինոիդներ (տեղային տրետինոին, ադապալեն, տազարոտեն, իզոտրետինոին ևն),
  • հակաբիոտիկներ (տետրացիկլին, մինոցիկլին, դոքսիցիկլին, էրիթրոմիցին, կլինդամիցին ևն),
  • ալդոստերոնի սելեկտիվ հակոտնյան (սպիրոնոլակտոն),
  • էստրոգեն/պրոգեստին պարունակող համակցված ներքին ընդունման հակաբեղմնավորիչներ (էթինիլ էստրադիոլ և լևոմեֆոլատ, էթինիլ էստրադիոլ և նորէթինդրոն, էթինիլ էստրադիոլ և նորգեստիմատ, էթինիլ էստրադիոլ և դրոսպիրենոն ևն),
  • հատուկ ակնեի համար ստեղծված «ակնե-միջոցներ» (էրիթրոմիցին և բենզոիլ-պերօքսիդ, կլինդամիցին և տրետինոին, կլինդամիցին և բենզոիլ-պերօքսիդ, ազելաինաթթու և կլինդամիցին և այլն),
  • հակաբիոտիկների տեղային կամ ընդհանուր կիրառման դեպքում հակաբիոտիկակայունությունը կանխելու նպատակով զուգահեռաբար նշանակվում է բենզոիլ-պերօքսիդ կամ ռետինոիդ։

Ոչ ֆարմակոթերապիա

Իբրև ոչ ֆարմակոթերապևտիկ մոտեցում առաջարկվում է, այսպես կոչված, «ցածր գլիկեմիկ», ոչ ֆաստ-ֆուդային, առողջ դիետա։

Տեղային բուժում

Որոշ տեղային պատրաստուկներ օգնում են վերացնելու ԿՀ-ի ժամանակ զգալի դեր ունեցող մանրէները, մյուսները` նվազեցնելու ճարպարտադրությունը և այլն։ Դրանք կարող են պարունակել ռետինոիդներ, բենզոիլ-պերօքսիդ, սալիցիլաթթու և այլն։

Ձեր մաշկաբանը միայն կարող ճիշտ որոշում կայացնել այս խնդրում ու որոշել, թե ինչ է Ձեզ անհրաժեշտ։

Ընդհանուր բուժում

Ուժեղ կամ ծանր արտահայտվածության ԿՀ-ի դեպքում Ձեր մաշկաբանը նշանակում է հակաբիոտիկներ (ունեն հակամանրէային և հակաբորբոքային ազդեցություն), հորմոնային պատրաստուկներ (հակաբեղմնավորիչներ և այլն, որոնք կարող են օգնել հատկապես մեծահասակ կանանց), իզոիտրետինոին (միակն է, որ ազդում է ախտածագման բոլոր բաղադրիչների վրա)։

Բուժագործություններ, որոնք բուժում են ԿՀ-ն

Ձեր մաշկաբանը Ձեզ կտեղեկացնի, թե արդյո՞ք այդ բուժագործությունը օգտակար կարող է լինել Ձեր համար։ Կիրառվում են բուժագործության հետևյալ տեսակները`

  • լազերաբուժություն (կամ լուսաբուժության այլ տեսակներ), որը ցուցաբերում է հակամանրէային ազդեցություն,
  • քիմիական փիլինգ (իրականացվում է միմիայն բժշկական կոսմետոլոգիայի կենտրոններում (ազդեցություն է ապահովվում միայն սև կոմեդոնների և եզակի հանգույցիկների վրա)։
  • ԿՀ-ի կիստային տարրերի դրենավորում և մանուալ էքստրակցիա (լայն կիստաները դրենավորվում են, իսկ պարունակությունը՝ հեռացվում, մանավանդ, երբ դեղորայքային բուժումը բեկանվում է, դա մեղմացնում է ցավը և հնարավորություն ընձեռում հնարավորինս կանխելու սպիական գործընթացը, մանավանդ, որ այս ամենին հետևում է դեղորայքային բուժումը, կիստային խոռոչների դեղորայքային լվացումը և այլն),
  • ստերոիդների ներօջախային ներարկում,
  • մակերեսային փիլինգներ (այս նպատակով կիրառում են սալիցիլաթթու և գլիկոլաթթու)։

  Խորհուրդներ կորյակային  հիվանդությամբ հիվանդներին

  • լվացեք Ձեր դեմքը առնվազն օրական 2 անգամ,
  • լվացեք Ձեր դեմքը երբ քրտնում եք (ընդհանուր գերքրտնարտադրություն, տեղային գերքրտնարտադրություն, օրինակ, գլխարկի տակ քրտինքն ուժգնացնում է կորյակագոյացման գործընթացը, ուստի հատկապես քրտնելուց հետո պետք է լվացվել որքան կարելի է ավելի հաճախ),
  • լվացեք մաշկը գոլ ջրով,
  • լվացեք մաշկը հեղուկ օճառով (ցանկալի է լվանալ լվացող ոչ աբրազիվ` չշերտազատող օճառով)` նրբորեն, օղակաձև շարժումներով քսեք մատների ծայրերով, այլ ոչ ափով, սպունգով, ճիլոպով (мочалка) և այլն, որոնք ավելի կվատացնեն գործընթացը,
  • փայփայեք և խնամքով վերաբերվեք Ձեր մաշկին, կիրառեք նրբին, ալկոհոլ, տտպող, տոնուսավորող (тонер, тоник) և շերտազատող նյութեր չպարունակող միջոցներ, որոնք չեն գրգռի այն (չոր, գրգռված և կարմրած մաշկին ԿՀ-ն էլ առավել կարտահայտվի),
  • խուսափեք մաշկը շերտազատելու գայթակղությունից, որը ավելի կսրացնի գործընթացը,
  • համապատասխան շամպուններ կիրառեք պարբերաբար (հատկապես եթե մաշկը ճարպոտ է` ամեն օր),
  • հեռու պահեք Ձեր ձեռքերը դեմքից (եթե Դուք սեղմում և հանում եք կորյակի պարունակությունը, ապա Դուք սրացնում եք գործընթացը, վտանգում Ձեզ և մեծացնում հետագայում սպիների առաջացման ռիսկը),
  • հեռու մնացեք արևից և սոլյարիումներից, քանի որ արևայրուկը վտանգավոր է ԿՀ-ով հիվանդի մաշկի համար, ավելին, ԿՀ-ի բուժման նպատակով կիրառվող որոշ դեղամիջոցներ մեծացնում են զգայունությունը անդրմանուշակագույն ճառագայթների հանդեպ, որոնք Դուք արևի տակ կամ սոլյարիումում կարող եք ստանալ,
  • մի մոռացեք, որ սոլյարիումը մեծացնում է չարորակ նորագոյացությունների, մասնավորապես մելանոմայի առաջացման ռիսկը 75%-ով,
  • անհապաղ դիմեք մաշկաբանի, եթե ԿՀ-ն Ձեզ ստիպում է խուսափել շրջապատից կամ երբ մինչ այդ կիրառված միջոցներն արդյունավետ չեն կամ առաջացել են սպիներ կամ գունակավորումներ և կամ առկա են այլ հարցեր և կասկածներ,
  • վստահ եղեք, որ այսօր ԿՀ-ի ցանկացած ձև բուժելի է (կորյակներն անհետանում են, նոր կորյակների առաջացումը կանխվում է, նվազում է պոստակնեի, մասնավորապես սպիների առաջացման վտանգը)։

 

Խաչիկ. Մ. Խաչիկյան

բ.գ.դ., պրոֆեսոր,

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,

պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,

հեռ.`+374 (91) 406151, 

E-mail: [email protected]

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top