Պարապսորիազ (Խ.Մ. Խաչիկյան)

Ընդհանուր տեղեկատվություն

Բնորոշումը 

Պարապսո­րիա­զային հիվանդությունները (ՊՊՀ, “les parapsoriasis”) մաշկի լիմֆոպրոլիֆերատիվ բնույթի հետերոգեն խրոնիկական (տևում է ամիսներ և տարիներ) հիվանդություններ են, որոնք բնորոշվում են գերազանցապես իրանին և պրոքսիմալ վերջույթների (բազուկներ և ազդրեր) ծալիչ մակերեսներին պսորիազանման տարրերի (նուրբ թեփուկներով ծածկված, ոչ հստակ եզրագծերով բծեր, մաշկից փոքր-ինչ բարձր հանգույցիկներ, վահանակներ և այլն) առաջացումով (դեմքը, գլխի մազածածկ մասը, ափերը և ներբանները գրեթե երբեք չեն ախտահարվում), հաճախ սուբյեկտիվ զգացողությունների բացակայությամբ։

ՊՊՀ-ների այս բնորոշումն, արդարև, մեզ չի գոհացնում, քանի որ նույնկերպ են բնորոշվում նաև մաշկի բազմաթիվ այլ բորբոքային-թեփային բնույթի հիվանդություններ (տարբերվում են միմյանցից իրենց պատճառագիտությամբ, ախտածագմամբ, ախտահյուսվածաբանությամբ, կլինիկական ընթացքով, բուժման մեթոդներին օրգանիզմի արձագանքելու «պատրաստակամությամբ» և այլն)։ Դժբախտաբար, այսօր (2018 թ.) այն շարունակում է մնալ իբրև աշխատանքային բնութագիր։

ՊՊՀ-ները նկարագրել է ֆրանսիացի մաշկաբան Լուի Բրոքը (1902 թ.)` ներկայացնելով պարապսորիազների 2 խումբ` վահանակային (մանրվահանակային և խոշորվահանակային, ՄՎՊ, ԽՎՊ) և որքինանման (լիխենոիդ, Մուխի-Հաբերմանի սուր և խրոնիկական)։

Համաճարակաբանությունը

Հիվանդացության (3,6 դեպք՝ 1 միլիոն բնակչին) և մահացության տվյալները հստակորեն ճշգրտված չեն։

Հաճախ հանդիպում է 30-40 տարական տղամարդկանց շրջանում (տղամարդ/կին = 3։1, տարիքային ասիմետրիան նկատելի է նաև այլ տարիքային խմբերում), զարգացման պիկը` կյանքի հինգերորդ տասնամյակում։

Ախտածագումը

Վերջին տարիներին ՊՊՀ-ները դիտարկվում են լիմֆոպրոլիֆերատիվ ախտաբանության կոնտինուումում (խրոնիկական դերմատիտից մինչև մաշկային T-բջջային լիմֆոմա), որպես օրգանիզմի` էնդոգեն (գերազանցապես վարակական՝ HHV-8 կամ Kaposhi Sarkoma Herpes Virus, Էպշտեյն-Բարի վիրուս և այլն) և էկզոգեն (գերազանցապես դեղորայքային, տոքսիկոալերգիկ) գործոնների երկարատև ազդեցությանն ի պատասխան զարգացող ռեակտիվ մաշկախտներ։

Կլինիկան

Վահանակային պարապսորիազ

Մանրվահանակային պարապսորիազ

Մանրվահանակային պարապսորիազը (ՄՎՊ) բարորակ, երկարատև ընթացքով (ամիսներ-տարիներ) հիվանդություն է, որը տեղակայվում է գերազանցապես պրոքսիմալ վերջույթների ծալիչ մակերեսներին (ԽՎՊ-ի դեպքում` իրանին)։

Խոշորվահանակային պարապսորիազ

Խոշորվահանակային պարապսորիազի (ԽՎՊ) հիմնախնդիրը ներկայումս քննարկվում է նրա` մաշկային T-բջջային լիմֆոմայի վերածվելու համատեքստում։ Ավելին, կան դասակարգումներ, որտեղ ԽՎՊ-ն  դիտվում է որպես T-բջջային լիմֆոմայի զարգացման նախաշրջան (բուժման նպատակն ամեն ինչից առավել` T-բջջային լիմֆոմայի կանխարգելումն է)։

Լիխենոիդ պարապսորիազ

Որքինանման (լիխենոիդ) պարապսորիազը նեկրոտիկ հանգույցիկներով  և պսևդովեզիկուլաներով բնորոշվող թեփատու մաշկախտ է, որը կլինիկորեն և ախտահյուսվածաբանորեն նման չէ պարապսորիազին (այդուամենայնիվ, շարունակում է ընդգրկված մնալ ՊՊՀ-ների խմբում)։

Այն բարորակ է և հաճախ ինքնաբուխ ապաճում է, սակայն երբեմն նաև կարող է հարատևել։

Մուխի-Հաբերմանի սուր լիխենոիդ պարապսորիազ

Մուխի-Հաբերմանի սուր լիխենոիդ պարապսորիազը (parapsoriasis acuta, սուր ջրծաղկանման որքին, նախկինում` կաթիլանման պարապսորիազ) հաճախ հանդիպում է երիտասարդ տղամարդկանց շրջանում (սովորաբար սուր վարակական հիվանդություններից հետո)։

Խրոնիկական լիխենոիդ պարապսորիազ

Խրոնիկական լիխենոիդ պարապսորիազը նույնպես հանդիպում է երիտասարդ տղամարդկանց շրջանում` գարնանը և աշնանը (կարևորվում է վարակական հիվանդությունների դերը)։

 Խորհուրդներ հիվանդներին

Ծանոթացե´ք պարապսորիազի մասին

Ծանոթացեք պարապսորիազի բնագավառի գիտության նվաճումներին։ Գիտելիքը ուժ է, այն Ձեզ կօգնի ճիշտ կենսաձև վարել, տեղեկացված որոշումներ կայացնել բուժման ներկա և հաջորդ կուրսերի և բուժական մոտեցումների վերաբերյալ, ժամանակին խուսափել հիվանդության սրացումներից, խորհրդակցել պարապսորիազով այլ հիվանդների հետ և այլն։

Անհրաժեշտության դեպքում անհապաղ դիմե´ք ձեր մաշկաբանին

Հաշվի առեք, որ պարապսորիազը մեծ հավանականությամբ կարող է վերածվել մաշկի T-լիմֆոմայի (գործընթացի ուռուցքային կազմափոխություն)։ Մաշկը գնալով դառնում է ավելի չոր, զուգահեռաբար առաջանում են մաշկի վարակային բնույթի հիվանդություններ (որից հիվանդները մահանում են), անհանգստացնում է ահազարհուր քորը (մի բան, որ պարապսորիազի փուլում գրեթե երբեք չէր անհանգստացնում)։

Վահանակները չափերով մեծանում են, կարծես թե ուռչում, ճաքում, արյունահոսում, միանում են երկրորդային վարակներ։

Հիշե´ք, մաշկաբանական ծառայության նպատակն ամեն ինչից զատ մաշկի T-լիմֆոմայի զարգացման կասեցումն է։

Հետազոտվե´ք տարին 1-2 անգամ

Հիշե´ք, եթե պարապսորիազի մանրվահանակային ձևը կարող է անգամ ինքնուրույնաբար ապաճել, ապա խոշորվահանակային ձևը կարող է վերափոխվել T-լիմֆոմայի (ինքնուրույնաբար չի ապաճում)։ Ուստի տարին 1-2 անգամ անհրաժեշտ է հետազոտվել։ Ընդ որում, ամեն անգամ անհրաժեշտ է կատարել բիոպսիա` մաշկի ուռուցքային կազմափոխության զարգացման մասին հավաստիանալու նպատակով։

Հոգ տարե´ք ձեր մասին

Հոգացեք Ձեր մասին։

Ձերբազատվեք ավելորդ քաշից։ Դա ոչ միայն կբարելավի Ձեր վիճակը, այլև նկատելիորեն կավելացնի կիրառվող բուժման արդյունավետությունը։

Ֆիզիկական վարժություններ կատարեք (հիպոդինամիան նպաստում է պարապսորիազի սրացմանը, վարժությունները կհանգեցնեն բուժման արդյունավետության աճի)։

Կիրառեք առողջ սննդակարգ (խուսափեք հագեցած ճարպաթթուներից, փոխարենը սննդի մեջ ավելացրեք օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սննդամթերք, կանոնակարգումը կհանգեցնի բուժման արդյունավետության աճի)։

Սահմանափակեք ալկոհոլի կիրառումը (ալկոհոլը նպաստում է պարապսորիազի սրացմանը, սահմանափակումը կհանգեցնի բուժման արդյունավետության աճի)։

Դադարեցրեք ծխելը (նիկոտինը նպաստում է պարապսորիազի սրացմանը, դադարեցումը կհանգեցնի բուժման արդյունավետության աճի)։

Ուշադրություն դարձրե´ք ձեր տրամադրությանը

Երբ դուք ընկճված եք` դիմեք մաշկաբանի, հոգեբանի, հոգեբույժի և այլն։

Տրամադրության անկումը, դեպրեսիան և այլ նոզոգենիաներ շատ հաճախադեպ են պարապսորիազով հիվանդների շրջանում։ Օգնության դիմելը թուլության նշան չէ։

Խուսափեք սթրեսներից, վերահսկեք Ձեր հոգեհուզական վիճակը, պահպանեք քնի և հանգստի հիգիենան։

Մի´ խուսափեք բուժումից

Շատ հիվանդներ խուսափում են բուժումից։ Դա սխալ մոտեցում է։ Այո, պարապսորիազի և շատ այլ բորբոքային բնույթի մաշկախտների բուժման սկզբունքային տարբերությունները մեծ չեն, այդուամենայնիվ բուժումը խիստ անհրաժեշտ է երևույթների մեղմացման, հիվանդությունների սրացումների կասեցման, հաշմանդամության կանխման նպատակով։

Իմանալով բուժման մեթոդները և մոտեցումները (հաճախ` կորտիկոստերոիդային քսուքներ, ճառագայթային բուժում և այլն), Դուք կարող եք տեղեկացված որոշում կայացնել և զգալ, որ Ձեր հիվանդության զարգացման գործընթացը վերահսկելի է։

Բուժումը դադարեցնելուց առաջ  դիմե´ք ձեր մաշկաբանին

Պարապսորիազի բուժման անսպասելի դադարեցումը կարող է հանգեցնել լրջագույն հետևանքների։ Պարապսորիազի համեմատաբար ավելի մեղմ ձևը կարող է փոխարկվել ավելի ծանր ձևի` միանգամայն անկանխատեսելի ելքով։

 Մի´ խուսափեք արեվի ճառագայթներից, խուսափեք արեվի հավելուրդային ճառագայթներից

Ի տարբերություն պսորիազի ամառային ձևի, պարապսորիազի դեպքում արևի չափավոր ճառագայթները կարող են դրական ազդեցություն ունենալ։ Խուսափե´ք արևի հավելուրդային ճառագայթներից, դրանք կարող են սրացնել գործընթացը։ Այդ դեպքում կիրառե´ք արևապաշտպան միջոցներ։

 Կիրառե´ք խոնավացնող միջոցներ

Մաշկի չորության դեպքում ազատորեն կիրառեք խոնավացնող միջոցներ յուրաքանչյուր լողանալուց հետո (իհարկե, ոչ բոլոր կլինիկական ձևերի դեպքում, դիմե´ք Ձեր մաշկաբանին)։

 

Խաչիկ. Մ. Խաչիկյան

բ.գ.դ., պրոֆեսոր,

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,

պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,

հեռ.`+374 (91) 406151, 

E-mail: [email protected]

 

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top