Օջախային մազաթափություն (Խ.Մ. Խաչիկյան)

Ընդհանուր տեղեկատվություն,

Խորհուրդներ հիվանդներին

Բնորոշումը

Օջախային մազաթափությունը (ՕՄ) մազերի լիակատար կամ մասնակի կորուստն է և կամ նոսրացումը։

ՕԱ-ն բազմապատճառագիտական և բազմաախտածագումնային խրոնիկական հիվանդություն է, որի զարգացման հիմքում կարևորագույն նշանակություն ունեն ժառանգական նախատրամադրվածությունը և ինքնաիմուն մեխանիզմները։

ՕՄ-ի ժառանգական նախատրամադրվածության մասին են վկայում հիվանդների ընտանեկան կուտակումը (պրոբանդների 4-24%-ը), մոնոզիգոտ երկվորյակների շրջանում ՕՄ-ի առաջացման մեծ հավանականությունը, ինքնաիմուն, ատոպիկ և այլ բնույթի հիվանդությունների հետ (վահանագեղձի հիվանդություններ, վիտիլիգո, շաքարային դիաբետ և այլն) զուգադրման մեծ հավանականությունը, մազային ֆոլիկուլներում ժառանգական նախատրամադրվածության HLA II դասի հակածինների գերարտահայտչականությունը, բազմաթիվ գենային հաջորդականությունները (նուկլեոտիդային հաջորդականություններ) կամ պոլիմորֆիզմները, ծագումնաբանական նախատրամադրվածության որոշակի լոկուսները և այլն։

Համաճարակաբանությունը

ՕՄ-ի հանդիպման պոպուլյացիոն հաճախականությունը` 0,1-0,2% ։

ՕՄ-ի առաջացման ռիսկը կյանքի ընթացքում ` 1,7% ։

ՕՄ-ի տարածվածությունը մաշկային ախտաբանության մեջ՝ 0,7-3,8% (համեմատության համար, օրինակ, պսորիազի դեպքում՝ 2-7% է, վիտիլիգոյի դեպքում՝ 0,2-1%-ը և այլն)։

ՕՄ-ն 88,5% դեպքերում առաջանում է մինչև 40 տարեկանը (գերազանցապես երեխաները, պատանիները և պարմանուհիները)։

Տղամարդիկ և կանայք հիվանդանում են հավասար հաճախականությամբ։

Դասակարգումը

Տարբերում ենք ՕՄ-ի թեթև, միջին ծանրության և ծանր ձևերը։

ՕՄ-ի թեթև ձևի դեպքում ախտահարման օջախները չափերով փոքր են, երբեմն աննկատ։ Ոչ հազվադեպ գործընթացն անգամ կարող է ինքնաբուխ ապաճել (չմոռանանք սակայն, որ մոտ 7% դեպքերում այն վերաճում է ծանր ձևերի` միանգամայն անկանխատեսելի ընթացքով և զարգացումներով)։

ՕՄ-ի միջին ծանրության ձևը բնորոշվում է մազային ծածկույթի ենթաամբողջական ախտահարումով (օֆիազիս, սուբտոտալ կամ ենթահամապարփակ ձև) և բուժման նկատմամբ բեկանելիությամբ։

ՕՄ-ի ծանր ձևերը մազային ծածկույթի շատ ավելի մեծ մակերես են ընդգրկում (սուբտոտալ կամ ենթահամապարփակ, տոտալ կամ համապարփակ ձև և ունիվերսալ կամ համակողմանի ձև) և նույնպես բեկանելի են բուժման նկատմամբ։

ՕՄ-ի սուբտոտալ (ենթահամապարփակ) և տոտալ (համապարփակ) ձևերը ենթադրում են միայն գլխի մազածածկ մասի (ԳՄՄ), իսկ ունիվերսալ ձևը (համակողմանի)՝ ոչ միայն գլխի մազածածկ մասի, այլ նաև իրանի և վերջույթների ախտահարում։

Կլինիկան

ԳՄՄ-ին, հաճախ ծոծրակի շրջանում (կարող են մազաթափվել նաև հոնքերը, արտևանունքները, բեղերը, մորուքը և այլն) առաջանում է դրամանման, կլոր, հստակ եզրագծված, փայլուն (բիլիարդի գունդ հիշեցնող), առանց բորբոքման նշանների մազաթափ մերկ օջախ։ Նախորդ օրը (օրերին) հիվանդի մոտ զարգանում են ընդհանուր (գլխացավ, գլխապտույտ և այլն) և տեղային (պարեսթեզիա՝ քոր, այրոց, գերզգայունություն և այլն) ախտանիշներ։

Առաջանում է հիպերեմիայի հստակ եզրագծված, եզրազարդ մեկ կամ մի քանի օջախ, մազերը սկսում են թափվել, մաշկը ժամանակի ընթացքում դառնում է փղոսկրագույն։ Հիվանդը այս շրջանում սրբիչի կամ բարձի վրա և կամ ցնցուղ ընդունելիս տեսնում է բազմաթիվ թափված մազեր։ Ի վերջո մազերն օջախում ամբողջովին թափվում են, իսկ օջախի եզրում առաջանում է, այսպես կոչված, տեղախախտված մազերի գոտի (մի քանի մմ-ից մինչև 2 սմ), որտեղ դիստրոֆված և բարակած մազերը հեշտությամբ տեղահանվում են։

Օջախների եզրերում երբեմն նկատվում են կարճ մազեր, որոնք նեղանում են վերևից դեպի ներք (բացականչական նշան են հիշեցնում)։

Տարիների ընթացքում մազաթափությունը կարող է տարածվել (հազվադեպ)՝ ընդգրկելով ամբողջ մարմինը։

Եղունգները բարակում են, դառնում փայլուն կամ փայլատ, անհարթ, անողորկ մակերեսով։ Նրանք ճեղքվում են, ի հայտ են գալիս սպիտակ կետեր կամ գծեր, մակերեսը կետավորվում է (կետային ներանկումներ, մատնոցի ախտանիշ), կարող է դիտվել նաև եղնգանկում։

Ոչ հազվադեպ եղունգների ախտահարումը սկսվում է մինչև մազաթափությունը (կանխատեսումային նշանակություն)։

Մազերը կարող են վերականգնվել, մազաթափությունը կարող է կրկնվել, մազերի թափվելու գործընթացը կարող է շարունակվել անգամ բուժման գործընթացում և երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե մազաթափությունը երբ կարող է առաջանալ կամ կրկնվել և կամ հարաճել։

Բուժումը

Բացարձակ իմաստով օջախային մազաթափությունն անբուժելի է։ Սակայն նշանակող բուժումն օգնում է արագացնելու մազերի աճը, կանխատեսելի դարձնել հնարավոր զարգացումները և այլն։

Բուժական մեթոդները բազմապիսի են։ Հաճախ կիրառվում են կորտիկոստերոիդներ (ճնշում են իմուն ռեակցիաները), որոնք կարող են նշանակվել մազաթափության օջախի մեջ ներօջախային ներարկումների (նշանակվում են 3-6 շաբաթը 1 անգամ, մազերը սկսում են աճել շատ ավելի ուշ` շաբաթներ և ամիսներ անց), նրբաքսուքների, քսուքների, լոսիոնների ձևով (վերջիններիս արդյունավետությունը ցածր է)։

Կորտիկոստերոիդների հաբեր նշանակվում են միայն բազմաօջախային, տարածուն, համապարփակ և համակողմանի մազաթափության դեպքերում (հնարավոր են բազմաթիվ կողմնակի արդյունքներ)։

Նշանակվում է նաև մինօքսիդիլ 5%-ոց (արտաքին օգտագործման, օրական 2 անգամ, արդյունքը՝ ոչ շուտ, քան 3 ամիս անց), անտրալին (արտաքին օգտագործման, 20-60 րոպե տևողությամբ, չգրգռելու նպատակով), դիֆենցիպրոն (ամբողջովին ճաղատ մաշկին) և այլն։

Օջախային մազաթափությունը եվ կյանքի որակը

Օջախային մազաթափությունը որպես խրոնիկական երկարատև ընթացքով հիվանդություն, նշանակալիորեն փոխում է հիվանդի կյանքի որակը, որը դրսևորվում է՝

  • հուսախաբությամբ (ֆրուստրացիա),
  • վրդովմունքով,
  • շփոթությամբ (առաջանում են նոզոգենիաներ), որի արդյունքում հիվանդները խուսափում են հասարակական շփումներից և պարտավորություններից (սոցիոֆոբիաներ),
  • ինքնագնահատականի անկմամբ (հիվանդների մեծ մասը նշում են, որ ինքնավստահությունը, ինքնագնահատականը և ինքնահարգանքը նշանակալիորեն նվազում են),
  • միջմարդկային փոխհարաբերությունների սառեցումով (հիվանդների 70%-ը նշում են, որ խուսափում են գործընկերային շփումներից), դեպրեսիայով և այլն։

Խորհուրդներ հիվանդներին

Ստորշարադրյալ խորհուրդները կօգնեն Ձեզ և այդպիսով Ձեր մաշկաբանին` հասնելու առավել բարձր արդյունավետության։

Անհրաժեշտ է նախևառաջ քողարկել մազաթափ օջախը։ Այդ նպատակով ԳՄՄ-ից մազերի մի փունջ տեղափոխեք մազաթափ հատվածի վրա։

Կարող եք նաև կեղծամ կրել կամ գլխարկ դնել (եթե օջախը մեծ է և ծածկելն անհնար, գլխարկը մազերի հնարավոր վերականգնմանը չի խոչընդոտի)։

Որոշ դեպքերում հանձնարարելի է գլխի սափրումը։

Եթե մազաթափությունը հոնքերի շրջանում է, ապա դիմեք Ձեր բժիշկ-կոսմետոլոգին (կկիրառվեն դիմակավորող և քողարկող միջոցներ («Make-Up» միջոցներ, մասնավորապես ավանդական (առօրյա) դեկորատիվ գեղարարական միջոցներ)։

Անհրաժեշտ է նաև խուսափել սթրեսից, կարդալ մազաթափության մասին ակադեմիական և ոչ մարքեթինգային գրականություն (ստացված գիտելիքները բարելավում են օջախային մազաթափությամբ հիվանդի կյանքի որակը, մի բան, որը նշանակալիորեն անկում է ապրում, հիվանդը տեղեկանում է հիվանդության ընթացքի, բուժման մեթոդաբանության մասին, վերջապես հուսադրվում է, որ դա անհնար չէ)։

Շատ մեծ դեր ունի նաև ՕՄ-ով այլ հիվանդների հետ անձնական, ոչ վիրտուալ շփումը (հոգեզգայական ասպեկտները հաճախ բավարար ուշադրության չեն արժանանում, երեխաները կարող են ծաղրել, վիրավորել, մարդիկ կարող են ակնդետ հայացք նետել հիվանդների վրա), որով Դուք կօգնեք մեկդ մյուսին (աջակցության խմբեր)։

 

Խաչիկ. Մ. Խաչիկյան

բ.գ.դ., պրոֆեսոր,

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,

պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,

հեռ.`+374 (91) 406151, 

E-mail: [email protected]

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top