Էկզեմա (Խ.Մ. Խաչիկյան)

Խորհուրդներ էկզեմայով հիվանդներին

Ծանոթացե´ք էկզեմայի մասին տեղեկատվությանը

Ծանոթացե´ք էկզեմայի մասին տեղեկատվությանը։ Այն Ձեզ կօգնի ճիշտ կենսաձև վարել, տեղեկացված որոշումներ կայացնել բուժման կուրսերի և բուժական մոտեցումների վերաբերյալ, ժամանակին խուսափել հիվանդության սրացումներից։

Պաշտպանեք Ձեր մաշկն արևի ճառագայթներից

Պաշտպանեք Ձեր մաշկն արևի ճառագայթներից, քանի որ էկզեմայի դեպքում Ձեր մաշկը գերզգայունանում է նրանց հանդեպ։ Շատ կարճ ժամանակահատված արևի տակ մնալու դեպքում անգամ (թեկուզ րոպեներ տրանսպորտի սպասելիս) գործընթացը կարող է սրվել կամ բարդանալ։

Լուսապաշտպան միջոցների (արևապաշտպան կրեմներ և այլն) կիրառումը էկզեմայով հիվանդների բուժման պարտադիր պայմաններից մեկն է։

Արևապաշտպան կրեմներին ներկայացվող պահանջները

Արևապաշտպան կրեմները պիտի ապահովեն լայն սպեկտրի ազդեցություն (թե´ UVA և թե´ UVB-պաշտպանություն, ուշադրություն դարձրեք, որ կրեմի սրվակի վրա նշված լինի` «լայն սպեկտր»)։

Արևապաշտպան կրեմների արևապաշտպան գործոնը (sun protection factor) արևային ամիսներին պետք է լինի 30 և ավելի բարձր (SPF ≥ 30, մինչև 50-100)։

Արևապաշտպան կրեմները պետք է լինեն ջրակայուն։

Կիրառե´ք արևապաշտպան կրեմներ

(մաշկի օծումը և վերաօծումը)

Անհրաժեշտ է խնամքով օծել մաշկն արևապաշտպան կրեմով ամեն օր, տնից դուրս գալուց առնվազն 15 րոպե առաջ (խոսքը վերաբերում է ոչ միայն մաշկի ախտահարված, այլ ավելի ընդարձակ՝ մաշկի հագուստով չծածկված հատվածներին՝ դեմքին, ձեռքերին, դեկոլտեի գոտում և այլն)։

Եթե Դուք դրսում եք, ապա յուրաքանչյուր 2 ժամը մեկ և կամ լողանալուց կամ քրտնելուց անմիջապես հետո կրկին վերաօծեք մաշկն արևապաշտպան կրեմով։

Կրեք արևապաշտպան հագուստ

Հագուստով ծածկված մաշկին արևապաշտպան կրեմներ իմաստ չունի քսելը։ Իհարկե, տարբեր հագուստների SPF-ը տարբեր է։ Օրինակ, երկարաթև ջինսե վերնաշապիկի SPF-ը հասնում է մինչև 2000-ի է, այն դեպքում, երբ կարճաթև սպորտային սպիտակ վերնաշապիկի SPF-ը 7 է, իսկ կարճաթև սպորտային կանաչ վերնաշապիկինը` 10։

Դուք կարող եք մեծացնել հագուստի SPF-ը` լվացքի ժամանակ լվացքի հեղուկին համապատասխան նյութ ավելացնելով։ Ընդ որում, SPF-ը բավարար չափով ավելանում է միայն առաջին 20 լվացքի ժամանակ։

 Գտնվեք ստվերում

Սա շատ կարևոր է այն դեպքում հատկապես, երբ Ձեր մարմնի ստվերն ավելի կարճ է, քան Դուք, այլ կերպ ասած, օրվա այն ժամերին, երբ արևի վնասակար ճառագայթները ամենաուժեղն են (ժամը 10-ից մինչև 16-ը), մանավանդ, երբ Դուք արևայրուկի հակում ունեք։

Ստվերում, անգամ ամպամած օրերին և կամ նույնիսկ ձմռանը արևապաշտպան հագուստ կրեք, այլապես էկզեման կարող է ակտիվանալ։

Անհրաժեշտ է պաշտպանվել այն դեպքում, երբ օրվա մեծ մասն անցկացնում եք մեքենայի մեջ, պատուհանի մոտ։

Հեռու մնացեք լույսի արհեստական աղբյուրներից

Լույսի արհեստական աղբյուրներն արևի անվտանգ այլընտրանք չեն։ Ավելին, նրանք ավելի վտանգավոր են, քան արևի բնական ճառագայթները և աներկբայորեն հանգեցնում են գործընթացի սրացման։

Մի´ ծխեք

Մի´ ծխեք։ Նիկոտինը սրացնում է էկզեմայի կլինիկական պատկերը, իսկ բուժումը դառնում է ոչ բավարար արդյունավետ։ Ավելին, ծխելը դադարեցնելուց հետո բուժման արդյունավետությունն աճում է։

Մի´ գրգռեք մաշկի ձևաբանական տարրերը

Եթե Դուք շարունակաբար գրգռում եք ձևաբանական տարրերը (բծեր, թեփուկներ, կեղևներ, էրոզիա, խոց և այլն), ապա դրանով ապահովում եք գործընթացի շարունակականությունը։ Այն կարող է կրկնվել։

Փոխե´ք ֆլյուորեսցենտային լամպերը

Եթե տանն առկա են ֆլյուորեսցենտային և հալոգենային լամպեր, ապա դրանց փոխարեն կիրառեք շիկացման լամպեր, քանի որ առաջինները անդրմանուշակագույն ճառագայթներ են լուսարձակում, որոնք կարող են վնասել։ Հակառակ դեպքում կիրառեք անդրմանուշակագույն ճառագայթների ֆիլտրեր, որոնք կնվազեցնեն ճառագայթների բացասական ազդեցությունը։

Եթե լամպերը փոխել կամ ֆիլտրեր կիրառել ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ, ապա գոնե պաշտպանվեք արևապաշտպան կրեմների, արևապաշտպան հագուստի կամ արևապաշտպան լայնեզր գլխարկի օգնությամբ։

Եթե դեղորայք եք ընդունում, ապա հարցրեք Ձեր բժշկին  արդյո՞ք այդ դեղամիջոցները չեն բարձրացնում մաշկի լուսազգայունությունը

Որոշ դեղամիջոցներ, օրինակ ֆտորխինոլոնները, տետրացիկլինները և այլն, մաշկը դարձնում են ավելի լուսազգայուն և հանգեցնում ֆոտոդերմատիտների, արևային այրվածքների, ֆոտոդերմատոզների, այդ թվում էկզեմայի սրացման և այլն։

Դիմեք Ձեր մաշկաբանին, որպեսզի փոխի բուժման մեթոդաբանությունը։

Հարցրեք Ձեր մաշկաբանին վիտամին-D3-ի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Վիտամին-D3-ը (խոլեկալցիֆերոլ) արտադրվում է մաշկում` անդրմանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ և մուտք գործում արյան շրջանառություն։

Վիտամին-D2-ը (էրգոկալցիֆերոլ) մուտք գործում օրգանիզմ սննդի միջոցով։

Այս վիտամիններն ապահովում են աղիներից կալցիումի և ֆոսֆորի ներծծումը։

Էկզեմայի դեպքում տասնամյակներով շարունակաբար արևի ճառագայթներից խուսափելն ի վերջո կարող է հանգեցնել վիտամին-D3-ի անբավարարության (հատկապես հյուսիսաբնակների շրջանում), որն իր հերթին կարող է հանգուցալուծվել էկզեմայի, պսորիազի, վիտիլիգոյի և մի շարք այլ մաշկային հիվանդությունների սրացումով, ոսկրահոդային համակարգի փոփոխություններով և այլն։

Հետազոտե´ք Ձեր արյան մեջ վիտամին D-ի քանակությունը։

 Մաշկի ուռուցքային ախտաբանության կասկածի դեպքում դիմե´ք Ձեր մաշկաբանին

Հատկապես այն դեպքերում, երբ ժամանակի ընթացքում փոխվում են մաշկային ինչ-ինչ գոյացությունների (գունակային նևուսներ, անոթային նևուսներ և այլն) գույնը, չափը, եզրագծերը և այլն, դիմեք մաշկաբանի։ էկզեմայի որոշ ձևերի դեպքում մեծանում է մաշկի ուռուցքային ախտաբանության զարգացման հնարավորությունը։

Վերջինս վաղ հայտնաբերման դեպքում կանխատեսումն ավելի բարենպաստ կլինի։

 

Խաչիկ. Մ. Խաչիկյան

բ.գ.դ., պրոֆեսոր,

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,

պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,

հեռ.`+374 (91) 406151, 

E-mail: [email protected]

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top