Ինչպես կանխել ցելյուլիտի առաջացումը ու նվազեցնել ռիսկը
Ցելյուլիտը սովորաբար մաշկի սուր վարակական (հաճախ ստրեպտոկոկային կամ ստաֆիլոկոկային բնույթի) կամ վնասվածքային (կտրվածքներ, քերծվածքներ, այրվածքներ, արևայրուկներ, ցրտահարություն, մեղուների և այլ միջատների խայթոցներ) ախտաբանությունից հետո զարգացող մաշկի և ենթամաշկային ճարպաշարակցական հյուսվածքի չնեկրոտիզացվող բորբոքումն է։
Չբարդացած ցելյուլիտը դրսևորվում է մաշկի կարմրությամբ, այտուցով, ցավով և ախտահարված շրջանի տաքությամբ։
Բարդացման մասին են վկայում ընդհանուր թուլությունը, դողը, սարսուռը, տենդը, շուրջօջախային ցելյուլիտի առաջացումը և տարածումը, օջախի հարակից շրջաններում լիմֆանգիտի առաջացումը։
Եթե նախկինում ունեցել եք ցելյուլիտ, ապա այն կրկվելու ռիսկն ավելի մեծ է (նույնիսկ հաջողված բուժումից հետո կրկնումներն անխուսափելի են)։
Խորհուրդներ ցելյուլիտի առաջացման ռիսկի նվազեցման նպատակով
- Խուսափե´ք մաշկը վնասելուց
Մաշկի վնասվածքները նպաստում են ցելյուլիտի առաջացմանը:
- Մաշկի ամբողջականության խախտման դեպքում անմիջապես մշակե՛ք օջախը
- լվացեք վերքային մակերեսներն օճառով և ջրով,
- կիրառեք հակաբորբոքային քսուքներ,
- մշակեք և փոխեք վիրակապերն այնքան հաճախ, որքան խորհուրդ է տալիս Ձեր մաշկաբանը մինչև ապաքինումը:
- Պահե´ք ձեր մաշկը մաքուր եվ խոնավ:
Այդպիսով Դուք հնարավորինս կկասեցնեք մանրէների մուտքը օրգանիզմ, կկանխեք ճաքերի առաջացումը, որն իր հերթին մանրէների ներթափանցման պատճառ կարող է հանդիսանալ:
Լոգանքից հետո երեք րոպեի ընթացքում խոնավացնող միջոցի կիրառումը մաշկի չորությունը նվազեցնելու արդյունավետ միջոց է։
- Խնամե´ք ձեր եղունգները:
Եղունգները ուշադիր կտրեք և խնամեք, որպեսզի չվնասեք, քանի որ վնասված եղունգով հետո կարող եք վնասել Ձեր մաշկը ու մանրէների մուտքի դուռ ստեղծել:
- Հետազոտման նպատակով երակային արյունը հանձնե´ք ցելյուլիտի օջախներից հառու հատվածներից:
- Բուժե´ք վարակական ախտաբանությունը։
Վարակի առկայությունը կարող է նպաստել ցելյուլիտի զարգացմանը, հետևաբար վարակի մասին վկայող ախտանշանների (էրոզիա, խոց, բշտիկներ, այտուց և այլն) ի հայտ գալուն պես դիմեք մաշկաբանի (ստուգե´ք ոտքերը ամեն օր, տեսնելու արդյո՞ք կան վարակի ախտանշաններ):
- Բուժե´ք ուղեկցող հիվանդությունները:
Հարակից հիվանդությունների առկայությունը բարձրացնում է ցելյուլիտի առաջացման ռիսկը: Շաքարային դիաբետի, էկզեմայի, ստորին վերջույթներին տեղակայված խոցերի, ծայրամասային զարկերակային և կամ երակային անբավարարության արդյունավետ բուժման դեպքում ցելյուլիտի առաջացման ռիսկը զգալիորեն նվազում է:
- Բուժե´ք լիմֆեդեման։
Ցելյուլիտի առաջացման ռիսկային հիվանդությունների շարքում է լիմֆեդեման (վերին և ստորին հեռադիր վերջույթների ավշային անոթներում հավելուրդային հեղուկի կուտակումը և այտուցի առաջացումը):
Չնայած ցելյուլիտի բուժումը բեկանելի է, այնուամենայնիվ հիվանդության ապաճմանը կարող են նպաստել ֆիզիկական վարժությունները, ճնշող վիրակապերը և այլն։
- Նիհարե´ք:
Եթե Դուք ավելորդ քաշի դեպքում ջանքեր եք գործադրում նիհարելու նպատակով, ապա դրանով իսկ Դուք նվազեցնում եք ցելյուլիտի առաջացման ռիսկը:
- Դադարե´ք ծխել:
Ծխելը բարձրացնում է ցելյուլիտի զարգացման ռիսկը:
- Չափավորե´ք խմելը։
Ալկոհոլի չարաշահումը նպաստում է հիվանդության զարգացմանը (կանանց հանձնարարելի օրական առավելագույն չափաբաժինը 50, իսկ տղամարդկանցը 100 գրամն է):
- Բժշկի նշանակման դեպքում կիրառե´ք հակաբիոտիկներ:
Հակաբիոտիկների հավուր պատշաճի ընդունումը կարող է նվազեցնել ցելյուլիտի կրկնումների հավանականությունը: Հակաբիոտիկների անարդյունավետության դեպքում հնարավոր է, որ ցելյուլիտի ախտորոշումը վերանայվի։
Խաչիկ. Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,
հեռ.`+374 (91) 406151,
E-mail: [email protected]