Գծային Ig-A մաշկախտ
Բնորոշումը
Գծային IgA-բշտային մաշկախտը (գծային IgA-հիվանդություն) ձեռքբերովի ինքնաիմուն ենթավերնամաշկային բշտային մաշկախտ է (ԻԵԲՄ), որը բնորոշվում է դերմո-էպիդերմալ միավորման շրջանում՝ հիմքային թաղանթի ամբողջ երկայնքով IgA-հակամարմինների համասեռ և գծային կուտակումով [5, 54, 142, 173]:
Համաճարակաբանությունը
Առաջին անգամ գծային IgA-բշտային մաշկախտը նկարագըրվել է 1901-ին, սակայն որպես ինքնուրույն հիվանդություն հերպեսանման մաշկախտերից առանձնացվել է 1979-ին [127, 129]:
Հիվանդությունը հաճախ զարգանում է 20–40 տարեկանում, առավել հաճախ՝ կանանց շրջանում, երբեմն՝ հղիության ընթացքում [1, 19]:
Գծային IgA-բշտային մաշկախտը կարող է մակածվել տարբեր դեղամիջոցների (հակաէպիլեպտիկ՝ կարբամազեպին, ֆենիտոին և այլն, հիպոթենզիվ՝ կապտոպրիլ ևն, հիպոլիպիդեմիկ՝ ատորվաստատին ևն, հակամանրէային՝ պենիցիլին, ցեֆտրիաքսոն, ցեֆազոլին, ռիֆամպիցին, վանկոմիցին, ամպիցիլին ևն, հակամակաբուծային՝ մետրոնիդազոլ ևն, ոչ ստերոիդային հակաբորբոքային՝ պիրօքսիկամ, դիկլոֆենակ ևն, ոչ նարկոտիկ անզգայացնող՝ ացետամինոֆեն ևն, միզամուղ՝ ֆուրոսեմիդ, իմունախթանիչ՝ ինտերֆերոն a-2ա ևն), արևի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ և այլն։ Գործընթացը սկսվում է, որպես կանոն, շարադրյալ պատրաստուկների ընդունումից 4–14 օր անց։ Անշուշտ, կարող է զարգանալ նաև իդիոպաթիկ ձևով [130, 134, 136, 137, 139–141, 155]:
Կլինիկան
Գծային IgA-բշտային մաշկախտի դեպքում դեմքի, իրանի, վերջույթների, շեքի շրջանի առերևույթ առողջ մաշկի վրա կամ էրիթեմայի ֆոնին ի հայտ են գալիս այտուցված բծեր և հանգույցիկներ, լարված ծածկ ունեցող օղակաձև-կամարաձև-էլիպսաձև, 1-2 սմ տրամագծով բշտեր, հանգուցիկաբշտիկներ, եղնջայտուցային (առավելապես զարգացման վաղ փուլերում) վահանակներ և այլ ձևաբանական տարրեր, որոնք օժտված են ծայրամասային աճի հակումով, եզրազարդ գլանիկ են առաջացնում և այդպիսով տարբեր հիվանդություններ (Լևերի բշտային պեմֆիգոիդ, Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբ, բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, Դարիեի կենտրոնախույս օղակաձև էրիթեմա, տոքսիկ էպիդերմային նեկրոլիզ, նեյտրոֆիլային մաշկախտեր և այլն) նմանակեղծում [2, 5, 8, 54, 55, 132, 142]։
Աչքերի, բերանի խոռոչի և այլ լորձաթաղանթների ախտահարման (50% դեպքերում) պարագայում (աչքի գծային IgA-բշտային մաշկախտ, բերանի խոռոչի լորձաթաղանթի գծային IgA-բշտային մաշկախտ, երկու և ավելի լորձաթաղանթ ներգրավող գծային IgA-բշտային մաշկախտ) գործընթացը (յուրաքանչյուր դրսևորում, ներառյալ սպիացումը) կարող է հանգեցնել սիմբլեֆարոնի (կոպի և ակնագնդի հյուսվածքների սերտաճում), կոպի ձևախեղման, կուրության՝ այդպիսով սպիացող պեմֆիգոիդ հիշեցնելով [5, 128]։
Լաբորատոր ախտորոշումը
Հյուսվածաբանական հետազոտություն
Ախտահյուսվածաբանորեն գծային IgA-բշտային մաշկախտը բնորոշվում է ենթավերնամաշկային խոռոչների, էոզինոֆիլային և նեյտրոֆիլային լեյկոցիտներով հարուստ բորբոքային ներսփռանքի (նեյտրոֆիլային լեյկոցիտների գերակշռումով), ինչպես նաև էոզինոֆիլային և կամ նեյտրոֆիլային սպոնգիոզի առաջացումով [2, 5]:
Հետազոտման իմունաձևաբանական մեթոդներ
Ուղիղ ԻՖՌ
Ուղիղ իմունաֆլուրեսցենտ մանրադիտմամբ դերմո-էպիդերմալ միավորման գրեթե բոլոր ենթաշերտերում (lamina lucida, lamina densa, sublamina densa և այլն) հայտնաբերվում են (անգամ կլինիկորեն անփոփոխ մաշկի հատվածում) IgA-ի գծային կուտակումներ [2, 135, 137]:
ԻՖՎ
ԻՖՎ-ով հիմքային թաղանթի հակածինների (բշտային պեմֆիգոիդի հակածին-1` ԲՊՀ-1, բշտային պեմֆիգոիդի հակածին-2` ԲՊՀ-2 և կամ VII տիպի կոլագեն) հանդեպ արտադրվող շրջանառող IgА-ինքնահակամարմիններ են հայտնաբերվում [2]:
Իմունաբլոթինգ
Իմունաբլոթինգով հայտնաբերվում են շրջանառող IgА-ինքնահակամարմիններ՝ լադինինի (97 կԴա), LAD-1-ի (120 կԴա), ինչպես նաև ԲՊՀ-1-ի (230 կԴա), ԲՊՀ-2-ի (180 կԴա), LAD-285-ի (285 կԴա), VII տիպի կոլագենի (290 կԴա) հանդեպ [2, 133, 135]:
Գծային IgA/IgG Մաշկախտ
Բնորոշումը
Գծային IgA/IgG-բշտային մաշկախտը (գծային IgA/IgG-հիվանդություն) ձեռքբերովի ԱԵԲՄ է, որը բնորոշվում է դերմո-էպիդերմալ միավորման շրջանում (հիմքային թաղանթի ամբողջ երկայնքով) IgA- և IgG-հակամարմինների համասեռ և գծային կուտակումով [5, 138, 173]:
Համաճարակաբանությունը
Գծային IgA/IgG-բշտային մաշկախտը մինչև 1995-2000 թթ. դիտարկվում էր որպես վերնամաշկի հիմքային թաղանթի երկայնքով միաժամանակ IgA- և IgG-հակամարմինների կուտակումով բնորոշվող գծային IgA-բշտային մաշկախտ, իսկ ներկայումս՝ որպես ինքնուրույն նոզոլոգիական միավոր [131]։
Ըստ հիվանդության պատճառագիտական-ախտածագումնային վարկածներից մեկի, ինչպես գծային IgA-բշտայինի դեպքում է` գործընթացը կարող է մակածվել տարբեր դեղամիջոցների ազդեցությամբ (կապտոպրիլ, դիկլոֆենակ, ֆենիթոին, վանկոմիցին և այլն) կամ իդիոպաթիկ զարգացում ունենալ:
Կլինիկան
Գծային IgA/IgG-բշտային մաշկախտի և գծային IgA-բշտային մաշկախտի կլինիկական պատկերները գրեթե նույնական են։ Գործընթացը բնորոշվում է իրանի և վերջույթների մաշկին առաջացող էրիթեմային բծերի և նրանց մակերեսին տեղակայված բշտերի առաջացումով (ձևավորվում են օղակաձև և ծաղկաշղթայանման պատկերներ) [155, 173]:
Մոտ 70% դեպքերում ախտահարվում է բերանի խոռոչի լորձաթաղանթը, որը կլինիկորեն և ախտահյուսվածքաբանորեն բերանի խոռոչի լորձաթաղանթի և շաղկապենու ախտահարմամբ ընթացող սպիացող պեմֆիգոիդ է հիշեցնում (էրոզիվ-խոցային տարրեր, սպիական-կպումային գործընթացներ և այլն):
Գծային IgA/IgG-բշտային մաշկախտի շարադրյալ կլինիկական պատկերն ամենևին ախտահատուկ չէ (հերպեսանման բշտախտ, Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբ է նմանակեղծում):
Լաբորատոր ախտորոշումը
Հյուսվածաբանական հետազոտություն
Գծային IgA/IgG-բշտային մաշկախտը ախտահյուսվածքաբանորեն բնորոշվում է դերմայի պտկիկային շերտում միկրոաբսցեսների և ենթավերնամաշկային խոռոչների առաջացումով: Հիմքային թաղանթի երկայնքով հայտնաբերվում է գերազանցապես նեյտրոֆիլային լեյկոցիտներից բաղկացած ներսփռանք (Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբի դեպքում գերակշռում են էոզինոֆիլային լեյկոցիտները) [155, 173]:
Հետազոտման իմունաձևաբանական մեթոդներ [138, 173]
Ուղիղ ԻՖՌ
Ուղիղ ԻՖՌ-ով կլինիկորեն անփոփոխ մաշկի հիմքային թաղանթի երկայնքով (լուսավոր թիթեղիկի մակարդակում) հայտնաբերվում են IgA-ի, IgG-ի և կոմպլեմենտի C3-բաղադրիչի գծային նստվածքաշերտեր (գերակշռում են IgA-հակամարմինները):
Անուղղակի ԻՖՌ
Անուղղակի ԻՖՌ-ով շրջանառող IgA- և IgG-հակամարմիններ չեն հայտնաբերվում:
ԻՖՎ
ԻՖՎ-ով հայտնաբերվում են տարբեր հակածինների, ավելի հաճախ` բշտային պեմֆիգոիդի հակածին-1-ի (BP-230), հազվադեպ` 120 կԴա (LAD-1) և 97 կԴա (լադինին) մոլեկուլային զանգված ունեցող պրոտեինների հանդեպ արտադրվող շրջանառող IgA- և IgG-հակամարմիններ:
Տարբերակիչ ախտորոշումը
Գծային մաշկախտերի տարբերակիչ ախտորոշումն անցկացվում է առաջին հերթին Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբից, Լևերի բշտային պեմֆիգոիդից, ինչպես նաև սպիացող պեմֆիգոիդից և ձեռքբերովի բշտային էպիդերմոլիզից [54, 142, 173]:
Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբ
Եթե գծային մաշկախտերի և Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբի միջև կլինիկորեն առարկայական տարբերություններ առանձնապես չկան, ապա ախտահյուսվածքաբանական պատկերն այլ է`
- ԴՀՄ-ն բնորոշվում է դերմայի պտկիկային շերտում IgA-հակամարմինների հատիկային, իսկ դերմոէպիդերմալ միավորման գոտում` գծային կուտակումով, իմունաֆերմենտային վերլուծությամբ` նաև հյուսվածքային և վերնամաշկային տրանսգլյուտամինազաների հանդեպ IgА-հակամարմինների արտադրությամբ,
- գծային IgA-բշտային մաշկախտը բնորոշվում է IgA-ի գծային կուտակումներով,
- գծային IgA/IgG-բշտային մաշկախտը բնորոշվում է ոչ միայն IgA-ի, այլև IgG-ի և կոմպլեմենտի C3-բաղադրիչի գծային կուտակումներով [2, 22, 23, 27, 54, 142, 153]:
Լևերի բշտային պեմֆիգոիդ
Լևերի բշտային պեմֆիգոիդը բնութագրվում է ստորովայնային հատվածի, վերջույթների ծալիչ մակերեսների, ինչպես նաև խոշոր ծալքերի շրջանում և իրանի առերևույթ առողջ մաշկին կամ էրիթեմայի ֆոնին խոշոր (4 սմ և ավելի տրամագծով), լարված, ամուր ծածկով, շճային կամ շճաարյունային պարունակությամբ, միախոռոչ, ենթավերնամաշկային բշտերի առաջացումով, որում գերակշռում են էոզինոֆիլային լեյկոցիտները, մինչդեռ գծային IgA-բշտային մաշկախտի պարագայում գործընթացը տեղակայվում է դեմքի, իրանի, վերջույթների, շեքի շրջանի մաշկին և դրսևորվում բազմաձևությամբ (այտուցված բծեր և հանգույցիկներ, կամարաձև-ձվաձև բշտեր, հանգուցիկաբշտիկներ, եղնջայտուցային տարրեր և այլն)։ Գծային IgA- և IgA/IgG-բշտային մաշկախտերի կլինիկական պատկերները նման են։ Վերջին դեպքում նույնպես ձևավորվում են տարաբնույթ օղակաձև և ծաղկաշղթայանման պատկերներ, և, որ պակաս կարևոր չէ, լորձաթաղանթները ընդգրկվում են գործընթացի մեջ ավելի հաճախ՝ 70% դեպքերում (ԼԲՊ-ի ժամանակ՝ 30% դեպքերում) [8, 17, 52, 54, 108]:
Լևերի բշտային պեմֆիգոիդի դեպքում հիմքային թաղանթի շրջանում IgG-հակամարմինների և կոմպլեմենտի C3-բաղադրիչի նստվածքաշերտեր են դիտարկվում (գծային IgA/IgG-բշտային մաշկախտի դեպքում բացի դրանից հայտնաբերվում են նաև IgA-հակամարմիններ, որոնք իմունաձևաբանական պատկերում գերակշռում են)։ Արյան շիճուկում հայտնաբերվում են ԲՊՀ-1-ի և կամ ԲՊՀ-2-ի հանդեպ արտադրվող շրջանառող IgG-հակամարմիններ (գծային IgA-բշտային մաշկախտի դեպքում` 120 կԴա և 97 կԴա մոլեկուլային զանգվածով պրոտեինների հանդեպ արտադրվող շրջանառող IgA-հակամարմիններ, իսկ գծային IgA/IgG-բշտային մաշկախտի դեպքում` ԲՊՀ-1-ի, 120 կԴա և 97 կԴա մոլեկուլային զանգվածով պրոտեինների հանդեպ արտադրվող շրջանառող IgA- և IgG-հակամարմիններ) [8, 17, 52, 54, 108, 133]:
Սպիացող պեմֆիգոիդ
ՍՊ-ին բնորոշ է գերազանցապես աչքի լորձաթաղանթի ախտահարումը, սակայն գծային IgA/IgG-բշտային մաշկախտի դեպքում շաղկապենուց զատ ախտահարվում է նաև բերանի խոռոչի լորձաթաղանթը [155]:
ՍՊ-ն իմունաախտաբանորեն առավելապես բնորոշվում է տարաբնույթ հակածինների հանդեպ շրջանառող IgG-հակամարմինների արտադրությամբ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ԼԲՊ-ի ինքնահակածիններին (ԲՊՀ-1 և ԲՊՀ-2), β4-ինտեգրինին (միայն աչքի լորձաթաղանթի ախտահարում), α6-ինտեգրինին (բերանի խոռոչի թույլ ախտահարում), լամինին-5-ին և -6-ին (բերանի խոռոչի թույլ ախտահարում), VII տիպի կոլագենին, 45 կԴա մոլեկուլային զանգված ունեցող կերատինին և այլն [155]:
Ձեռքբերովի բշտային էպիդերմոլիզ
Ի տարբերություն գծային բշտային մաշկախտերի, երբ բշտերը տեղակայվում են իրանի և վերջույթների մաշկին՝ էրիթեմային բծերի մակերեսին, ՁԲԷ-ի դեպքում տարրերը տեղակայվում են ձեռքերի թիկնային մակերեսի և կամ ծայրային հատվածների առողջ մաշկին, իսկ բշտերի տեղում ձևավորվում են սպիներ և միլիումներ (պատկերը նման է մաշկի ուշացած պորֆիրիայի) [155]:
Բացի դրանից, ՁԲԷ-ին հատուկ են IgG-հակամարմինների, կոմպլեմենտի C3b- և C5-բաղադրիչների գծային նստվածքաշերտերի, կոլագենի VII տիպի հանդեպ արտադրվող` IgG-հակամարմինների հայտնաբերումը և այլն (գծային բշտային մաշկախտերի իմունաձևաբանական նկարագիրը տե´ս վերը)։
Բուժման սկզբունքները
Գծային մաշկախտերի բուժումն իրականացվում է հականեյտրոֆիլային պատրաստուկներով՝ դապսոնով (50 մգ/օր դեղաչափով՝ ավելացնելով 50 մգ/օր շաբաթական քայլերով՝ հասցնելով ոչ ավելի, քան 150-200 մգ/օր դեղաչափի մինչև կլինիկական արդյունքի հասնելը⋅ սովորաբար 3 շաբաթվա ընթացքում երևույթները ապաճում են), սուլֆապիրիդինով (1000 մգ/օր դեղաչափով՝ ավելացնելով 1000 մգ/օր շաբաթական քայլերով մինչև կլինիկական արդյունքի հասնելը) և այլն` ցածր դեղաչափերով կորտիկոիդների հետ զուգակցելով կամ ոչ [27, 135, 173]։
Գծային մաշկախտերի բուժման ժամանակ կիրառում են նաև այլընտրանքային պատրաստուկներ (առաջին և երկրորդ շարքերի), ինչպիսիք են ցիկլոսպորինը (3 մգ/կգ/օր դեղաչափով), կոլխիցինը (1,5 մգ/օր դեղաչափով), ֆլյուկլօքսացիլինը, իմունագլոբուլինը, դոքսիցիկլինը (200 մգ/օր)՝ նիկոտինամիդի (1500 մգ/օր) հետ համաժամանակ կամ առանց, էրիթրոմիցինը, օքսացիլինը ևն [27, 135, 173]։
Խաչիկ. Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,
հեռ.`+374 (91) 406151,
E-mail: [email protected]