Դիաբետային դերմոպաթիա (Ավագյան Է.Ա.)

Բնորոշումը

Դիաբետային դերմոպաթիան (ԴԴ, սրունքների դիաբետային ցան, diabetic dermopathy) մաշկի վիճակ է, որը բնորոշվում է առավելապես սրունքներին կլոր կամ օվալաձև կարմրաշագանակագույն բծերի առաջացումով։

ՇԴ-ի հետ զուգակցված ամենատարածված մաշկային հիվանդությունն է (30-50% դեպքերում)։

Համաճարակաբանությունը

Հանդիպում է ավելի հաճախ տարեց տղամարդկանց շրջանում, ովքեր 10-20 և ավելի տարի հիվանդ են ՇԴ-ով։ Ընդ որում, հաստատված է, որ ԴԴ-ի արտահայտվածությունը համահարաբերակցվում է արյան գլիկոզիլացված հեմոգլոբինի մակարդակի հետ։

Պատճառագիտությունը և ախտածագումը

Պատճառն անհայտ է։ Ախտածագումնաբանության մեջ կարևորվում է դիաբետային նեյրոպաթիայի և վասկուլոպաթիայի դերը (ԴԴ-ն ավելի հաճախ հանդիպում է հատկապես նեյրոպաթիայով, ռետինոպաթիայով և նեֆրոպաթիայով ուղեկցվող ՇԴ-ի դեպքում)։

Քանի որ ԴԴ-ն առաջանում է հիմնականում մարմնի ոսկրային հատվածների մաշկի վրա, ենթադրվում է, որ վնասվածքները, ֆիզիկական ազդակները կարող են հանդիսանալ որպես խթանիչ գործոն ցանի առաջացման գործում։

Կլինիկան

Սրունքների, նախաբազուկների, ազդրերի, ավելի հազվադեպ՝ մեջքի և գլխամաշկի վրա առաջանում են 0,5-1սմ տրամագծով, կլոր կամ օվալաձև, կարմրադարչնագույն, սկզբում՝ թեփոտված, հետո՝ հարթ մակերեսով բծեր, որոնք լավացումից հետո թողնում են ատրոֆիկ դարչնագույն սպիներ։ Գույնը պայմանավորված է անոթների շուրջը ներսփռված հիստիոցիտներում հեմոսիդերինի կուտակումով։

Բուժումը

ԴԴ-ն սովորաբար բուժում չի պահանջում, անցնում է ինքնուրույն մի քանի տարվա ընթացքում, մասնավորապես, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման հետ զուգընթաց։

 

Էդուարդ Արկադիի Ավագյան

Մաշկավեներաբան

հեռ.՝ +374 (94) 967598

E-mail[email protected]

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top