Դիաբետային բուշտ (Ավագյան Է.Ա.)

Բնորոշումը

Դիաբետային բուշտը (bullosis diabeticorum, ՇԴ-ի բշտային հիվանդություն) առանձին, ինքնաբուխ, ոչ-բորբոքային բշտային հիվանդություն է, որը յուրահատուկ է ՇԴ-ով հիվանդներին։ Զարգանում է հիմնականում երկարատև կամ բարդացած (նեյրո- և անգիոպաթիաներով) ընթացքով ՇԴ-ի դեպքում։

Առաջին անգամ ՇԴ-ով հիվանդի մոտ բշտային հիվանդություն է նկարագրել Կրամերը, 1930-ին։ 1967-ին Քանթվելը և Մարցն այն արձանագրել են որպես նոզոլոգիական միավոր։

Համաճարակաբանությունը

ԴԲ-ը հազվադեպ հանդիպող հիվանդություն է` գրանցվում է դիաբետային հանրույթի 0,5%-ի շրջանում, տղամարդկանց մոտ կրկնակի անգամ ավելի հաճախ։

Հիվանդությունը սկսվում է 17-84 տարեկանում։

Գրեթե բոլոր հիվանդների շրջանում հայտնաբերվում է նաև դիաբետիկ նեֆրոպաթիա կամ նեյրոպաթիա։

Պատճառագիտությունը և ախտածագումը

Պատճառն անհայտ է։ Հաշվի առնելով, որ բշտերն առաջանում են գերազանցապես ակրալ հատվածներում, ենթադրվում է, որ մաշկի վնասվածքները և ՈՒՄՃ-ն հնարավոր սադրիչ գործոններ են։

Որոշ հեղինակների վարկածով ԴԲ-ի զարգացման գլխավոր մեխանիզմը վերնամաշկի հիմային թաղանթի ստորին գոտու շարակցական հյուսվածքի վնասումն է՝ զուգակցված մանր անոթների հիալինոզի հետ (միկրոանգիոպաթիա)։

Կլինիկան

Բշտերն առաջանում են ինքնաբուխ, միանգամից, հաճախ գիշերը, հիվանդները հաճախ չեն կարողանում նշել նախորդող վնասվածքի փաստը։ Մեծ մասամբ առաջանում են միակողմանի, հիմնականում՝ ստորին վերջույթների մաշկին, չնայած արձանագրվել են նաև երկկողմանի և տարածուն դեպքեր մեջքին, վերին վերջույթներին։

Բշտերի ծածկը լարված է, եզրերն անհամաչափ, առանց էրիթեմային ֆոնի, պարունակությունը՝ թափանցիկ, երբեմն՝ հեմոռագիկ, ընթացքը՝ անախտանիշ, հազվադեպ կարող է լինել թույլ այրոցի զգացողություն բշտերի առաջացման ընթացքում, չափերը՝ 0,5-17սմ տրամագծով։ Ինքնուրույն լավացում տեղի է ունենում 2-6 շաբաթների ընթացում՝ թողնելով մուգ դարչնագույն կեղևներ, որոնց պոկվելուց հետո սովորաբար սպիներ չեն առաջանում։

Բուժումը

ԴԲ-ի յուրահատուկ բուժում գոյություն չունի և չի պահանջում, քանի որ խնդիրը հակում ունի ինքնալավացման։

Դեղորայքային բուժում անհրաժեշտ է միայն երկրորդային վարակային բարդությունների դեպքում։

Կանխատեսումը

ՇԴ-ի բշտերը սովորաբար լավանում են ինքնուրույն 2-6 շաբաթների ընթացքում։ Չնայած երկրորդային վարակային բարդությունների հնարավորությանը, այնուամենայնիվ կանխատեսումը բարենպաստ է։ Բշտերը հաճախ լավանում են առանց նշանակալի սպիացման, երբեմն կարող են կրկնվել կամ խոցավորվել։

Արձանագրվել են ԴԲ-ի հետևանքով զարգացող օստեոմիելիտի և անդամահատման եզակի դեպքեր։

 

Էդուարդ Արկադիի Ավագյան

Մաշկավեներաբան

հեռ.՝ +374 (94) 967598

E-mail[email protected]

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top