Ընդհանուր բուժում
- Համակարգային կորտիկոթերապիա։ Չպետք է մոռանալ սակայն, որ այս պատրաստուկների երկարատև կիրառումը հղի է անցանկալի հետևանքներով (կողմնակի արդյունք)։ Կիրառում են ցածր դեղաչափերով (0,1-0,3 մգ/կգ` պրեդնիզոլոնի հաշվարկով, մինչև արդյունքի հասնելը) կորտիկոիդներ, 2-6 ամիս տևողությամբ։
- պրեդնիզոլոն 0,1-0,3 մգ/կգ x 2 x 6 ամիս,
- դեքսամետազոն 5 մգ x 2 x 6 ամիս,
Տեղային բուժում
- Կան բազմաթիվ տեղային պատրաստուկներ, որոնք կարող են վերագունակավորել մաշկը։
- Ամենից հաճախ նշանակվում են ուժեղ կամ շատ ուժեղ կորտիկոստերոիդային պատրաստուկներ, որոնք մոտ 45% դեպքերում փոքրիշատե փոփոխում են մաշկի գույնը`
- տրիամցինոլոն, 0,1% քսուք, օրական 2 անգամ, 3-6 ամիս տևողությամբ,
- ֆլյուտիկազոն (կուտիվեյթ), 0,005% քսուք, օրական 2 անգամ, 3-6 ամիս տևողությամբ։
- Բուժման նվազագույն կուրսը 3 ամիսն է։
- Եթե գործընթացը տեղակայված է շուրջակնակապճային հատվածներում, ապա կորտիկոիդների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել գլաուկոմայի և կատարակտայի առաջացման։
- Արդյունքները բարելավելու նպատակով կարելի է կորտիկոիդային քսուքը համադրել այլ տեղային պատրաստուկների հետ, որոշակի ընդմիջումից հետո կրկնել բուժման կուրսը և այլն։
- Այս նպատակով կիրառում են նաև կալցինևրինի ածանցյալներ (էլիդել, պրոտոպիկ)։
Փոքր տեղամասերի ախտահարման դեպքում
- Տեղային պատրաստուկները ցուցված են միայն փոքր տեղամասերի վրա կիրառելու համար (օջախային վիտիլիգո)։
- Տեղային պատրաստուկներն առավել արդյունավետ են մուգ մաշկով անձանց բուժման համար։
- Տեղային պատրաստուկներն առավել արդյունավետ են դեմքի և նվազ արդյունավետ ձեռքերի կամ ոտքերի շրջանում։
- Բոլոր տեղային պատրաստուկները չէ, որ կարելի է կիրառել դեմքի մաշկին, հատկապես շուրջակնային տեղակայման դեպքում (օրինակ, կորտիկոիդների երկարատև կիրառումը կարող է հանգեցնել գլաուկոմայի և կատարակտայի)։
- Թերություններից են տեղային պատրաստուկների կողմնային հնարավոր ազդեցությունները (պետք է հանգամանորեն վերահսկել բուժման գործընթացը), մասնավորապես մաշկի ատրոֆիան (1 տարի կամ ավելի երկար կիրառելու պարագայում խնդիրը դառնում է առարկայական), երբ մաշկը դառնում է թղթի նման բարակ, շատ չոր և փխրուն։
Մեծ տեղամասերի ախտահարման դեպքում
Դեպիգմենտացիոն թերապիա
- Եթե ախտահարված է մաշկի մեծ մասը (համապարփակ վիտիլիգո) և ռեգպիգմենտացիայի արդյունքները բավարար չեն կարող լինել, ապա բուժման մեթոդների մեջ հանձնարարելի է դառնում առողջ մնացած մաշկի գունազրկումը (մոնոբենզոն` հիդրոխինոնի մոնոբենզիլային եթեր, օրական 2 անգամ, 6-18 ամսվա ընթացքում, մելնոցիտոցիդ, մաշկի սպիտակեցում)։
Լուսաբուժություն
Հաճախ կիրառվում են ընդհանուր լուսաբուժության և էքսիմերային լազերաբուժության մեթոդները (բավականաչափ արդյունավետ են)։
Ընդհանուր լուսաբուժության
- Ընդհանուր լուսաբուժությունը կիրառվում է տարածուն վիտիլիգոյի, իսկ էքսիմերային լազերաբուժությունը՝ տեղային վիտիլիգոյի բուժման նպատակով։
- Հիվանդները պարտավոր են մի քանի շաբաթ շարունակ, շաբաթական 3 անգամ լուսաբուժության կուրս ստանալ։
- Լուսաբուժության մեթոդներն ավելի արդյունավետ են՝ դեմքի և նվազ արդյունավետ՝ ձեռքերի կամ ոտքերի շրջանում տեղակայվելու դեպքում։
- Լուսաբուժության արդյունքները կարող են անհետանալ։ Մոտ 44% հիվանդների մոտ բուժման ավարտից հետո մոտ 1 տարվա ընթացքում բուժման արդյունքներն անհետանում են (4 տարի անց՝ 86%-ի մոտ)։
- Այս մեթոդը կարող է զուգադրվել մեկ այլ մեթոդի հետ (կորտիկաբուժություն և այլն)։
Էքսիմերային լազերաբուժություն
- Հիվանդների 70%-ի մոտ էքսիմերային լազերաբուժության կիրառմամբ գոհացնող ռեպիգմենտացիա է արձանագրվում (հատկապես վաղ հայտնաբերման կամ տեղային և կամ կայուն ձևերի դեպքում)։
PUVA-բուժություն
- Այս մեթոդի ժամանակ կիրառում են UVA-ճառագայթներ և պսորալեն (քսելու ձևով կամ արտաքին)։
- Կիրառվում է հատկապես տարածուն վիտիլիգոյի դեպքում։
- Դեմքին, իրանին, բազուկներին և ազդրերին տեղակայվելու դեպքում բուժման արդյունավետությունը 50-75% է։
- Նախաբազուկներին, ձեռքերին, սրունքներին և ոտնաթաթերին տեղակայվելու դեպքում բուժման արդյունավետությունը բարձր չէ։
- Բուժման կուրսը` շաբաթական 2 այցելություն՝ 1 տարի տևողությամբ։
- Պսորալենն ազդում է աչքերի վրա, ուստի մինչև PUVA-թերապիան և դրանից հետո անհրաժեշտ է անցկացնել համապատասխան հետազոտություններ։
- Կիրառում են նաև մելագենին, մելագենին-պլյուս (Կուբա, Հնդկաստան, Չինաստան և այլն) և այլ ֆոտոսենսիբիլիզատորներ։
Վիրաբուժություն
Մաշկի աուտոտրանսպլանտացիա
- Մաշկի աուտոտրանսպլանտացիա՝ առողջ մաշկը (դերմոէպիդերմալ տրանսպլանտատներ) անջատում և պատվաստում են հիվանդ մաշկի շրջանում (կարող է արդյունավետ լինել 90-95% դեպքերում)։
Մելանոցիտների աուտոտրանսպլանտացիա
- Մելանոցիտների աուտոտրանսպլանտացիա (կարող է արդյունավետ լինել 84-100% դեպքերում)։
Վիրաբուժական մեթոդների կիրառումը
- Կիրառվում է այն դեպքում, երբ լուսաբուժությունն ու մյուս մեթոդները չեն օգնում։
- Կիրառվում է միայն մեծահասակների շրջանում՝ կայուն դեպքերում (վերջին 6 ամսում փոփոխություններ չեն արձանագրվում) և սեգմենտային վիտիլիգոյի դեպքում։
- Երեխաների շրջանում չի կիրառվում։
- Այն անձանց շրջանում, ովքեր առանձնանում են սպիական գործընթացների նկատմամբ հակումով, առաջանում են կելոիդներ և այլն (չեն կիրառվում)։
- Հնարավոր կողմնակի ազդեցություններն են երկարատև անաշխատունակությունը, գետաքարե սալահատակ հիշեցնող մաշկի առաջացումը և վարակները։
Ավանդական բուժում
- Այս նպատակով կիրառվում են որոշ վիտամիններ (C, B1, B6, D), հանքային աղեր (Co, Cu, Zn, Fe, Se), ամինաթթուներ, էնզիմներ (վոբէնզիմ, ֆլոգէնզիմ), հեպատոպրոտեկտորներ (սիլիբինին, էսենցիալե, խոֆիտոլ և այլն), տարբեր պատրաստուկներ, որոնք «չեն վաճառվում դեղատնային ցանցում» (օրինակ, Sanum cutis) և այլն։
- Նրանց մեծ մասն ուսումնասիրված չէ, չկան հավաստի գիտական տվյալներ նրանց արդյունավետության և կողմնակի արդյունքների բացակայության վերաբերյալ (այո, նկատվում է Se-ի պակասուրդ և կան տեղեկություններ, որ այն լրացնելու և տեղային սուլսենի մածուկ կիրառելու դեպքում երևույթները մեղմանում են, սակայն սրանք հիմնավորված և հավաստի չեն)։
- Ուսումնասիրվել է Ginkgo biloba խոտաբույսը։ Հնարավոր է, որ այն վերականգնի մաշկի գունավորումը (եզակի անձանց շրջանում արձանագրվել է ոչ վատ արդյունավետություն)։
- Մաշկի գույնը կարող է փոփոխվել դանդաղորեն կամ ոչ լիարժեք և կամ ընդհանրապես չփոխվել։
ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ՝
բ.գ.դ., պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան