Ատոպիկ մաշկաբորբ (Խ.Մ. Խաչիկյան)

Ընդհանուր տեղեկատվություն, խորհուրդներ հիվանդներին

Բնորոշումը

Ատոպիան (հուն. atopos` տարօրինակ, օտար, անսովոր, ԱԴ) ալերգիայի տե­սակ է, որի զարգացման մեջ առանձնահատուկ դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը (յուրահատուկ և ոչ յուրահատուկ գրգռիչների նկատմամբ ժառանգական գերզգայունություն)։

Ատոպիան և ալերգիան հաճախ միանգամայն սխալ ձևով ներկայաց­վում են որպես հոմանիշներ, այնինչ ատոպիան (հիպոնիմ է, մասնավոր եզրույթ) օրգանիզմի IgE-հակամարմիններով միջնորդավորված իմուն պատասխան է (I տեսակի ալերգիկ ռեակցիա), այն դեպքում, երբ՝ ալերգիան (հիպերոնիմ է, ընդ­հա­նուր եզրույթ)՝ ցանկացած (I, II, III և IV) տեսակի իմուն պատասխան։

Ատոպիկ դերմատիտը (ԱԴ) բազմապատճառագիտական, բազմախ­տա­ծա­գում­նա­յին հիվանդություն է, որտեղ առաջատար մեխանիզմը T1-իմուն պատասխանի փոխակերպումն է T2-իմուն պատասխանի։

ԱԴ-ն կլինիկորեն արտահայտվում է բորբոքային բնույթի բազմաթիվ քորվող համաչափ ձևաբանական տարրերի (էքսուդատիվ և լիխենոիդ) առաջացումով, որքինացումով, ԿՆՀ-ի և ՎՆՀ-ի գործընթացի մեջ ընդգրկման (գործառու­թա­յին խախտումներ) և β-ադրենէրգիկ ընկալիչների մասնակի պաշարման նշաններով, այլ օրգան-համակարգերի ատոպիկ ախտահարումով։

ԱԴ-ին բնորոշ են տարիքային առանձնահատկությունները, սեզոնայ­նու­թյու­նը (սրացումները՝ ձմռանը, ախտադադարները՝ ամռանը), խրոնիկ կրկնվող ընթացքը ևն։

Միշտ չէ, որ հնարավոր է պարզաբանել ատոպիկ դերմատիտի առաջացման գլխավոր պատճառը ու առաջացման պատճառը հայտնաբերելով բոլոր կետերը «i»-երի վրա չեն դրվում, անշուշտ։ Սակայն մաշկի ճիշտ խնամքի դեպքում հիվանդի վիճակը կարելի է անհամեմատ բարելավել, շատ դեպքերում անգամ առանց դեղամիջոցների կիրառման։

Շատ կարևորում ենք հատկապես լողանալու, խոնավացնող միջոցի ընտրության և մի շարք այլ խնդիրների հետ կապված մոտեցումները։

Ատոպիկ դերմատիտի առաջին  տարիքային շրջանի առանձնահատկությունները

ԱԴ-ի առաջին տարիքային (վաղ մանկական, էքսուդատիվ, էկզեմային) շրջանը (2 ամսականից մինչև 2 տարեկան հասակը) բնորոշվում է էքսուդատիվ գործընթացների (բշտիկներ, շճա­յին պարունակությամբ «էկզեմային ջրհորներ», ցողի կաթիլներ, էրիթեմային-թեփային և կեղևային տարրեր) գերակշռումով և սուր (ենթասուր) ընթացքով։

Առավելապես ախտահարվում են դեմքի մաշկը (հատ­կա­պես պերիօրիֆիցիալ և պերիօրբիտալ հատվածներում), ճակատը (ԳՄՄ-ին անցում կատարելու հատվածում), կոպերը, այտերը, շրթունքները և այլն։

Այս շրջանում կարևորվում է հատկապես ալիմենտար սադրիչների դերը (շնչառական սադրիչների հանդեպ գերզգայունությունն արտահայտված չէ)։

Ատոպիկ դերմատիտի երկրորդ տարիքային շրջանի առանձնահատկությունները

ԱԴ-ի երկրորդ տարիքային (մանկական, պրոլիֆերատիվ) շրջանը (2-ից մինչև 13 տարեկան հասակը) բնորոշվում է պրոլիֆերատիվ գործընթացների (կանգային էրիթեմա, լիխենոիդ հանգույցիկներ, ներսփռանք, որքինացում, էքսկորիացիաներ, ճա­քեր· չոր, ճաքճքած շրթունքներ, ուտիճ, ատոպիկ խեյլիտ, angulus infectiosus, perleche և այլն) գերակշռումով, խրոնիկական (ենթասուր, թառամ) կրկնվող (ընթանում է հարաբե­րա­կան ախտադադարներով և ինքնաբուխ կարող է ապաճել 3-5 տարեկանում) ընթացքով, վե­գետատիվ դիստոնիայով և այլն։

Առավելապես ախտահարվում են վերջույթների տարածիչ մա­կե­րես­նե­րը և իրանը (եթե այդուամենայնիվ դեմքի մաշկն ախտահարված է, ապա այն կրում է հասարակ որքինի հատկանիշներ)։ Տարրերի ապաճման տեղում (ինքնաբուխ կարող է ապաճել հատ­կա­պես 3-5 տարեկանում) մնում են գերգունակային և թերգունակային թեփոտ­վող բծեր։

Այս շրջանում առանձնանում է շնչառական սադրիչների դերը (ալի­մենտար գերզգայունությունը տարիքի հետ մարում է)։

Ատոպիկ դերմատիտի երրորդ տարիքային շրջանի առանձնահատկությունները

ԱԴ-ի երրորդ տարիքային (մեծահասակ, 13 տարեկանից բարձր հա­սա­կը) շրջանը բնորոշվում է նրանով, որ էքսուդատիվ համախտանիշն էլ ավելի է թուլանում, իսկ լի­խենոիդ համախտանիշն ուժգնանում է (էրիթեմա՝ կապտավուն նրբերանգ­ներով, հանգուցիկային ներսփռանք, որքինացում, օջախները՝ համաչափ, ոչ հստակ, անկանոն կամ բազմանկյուն եզրագծերով, երբեմն՝ ատոպիկ էրիթ­րոդերմիա)։

Հիվանդության ընթացքը (ինչպես և երկրորդ ձևի դեպքում) լինում է խրոնիկական կրկնվող (ընթանում է հարաբե­րա­կան ախտադադարներով և ինքնաբուխ կարող է ապաճել ոչ միայն 3-5, այլ նաև 40 տարեկան հասակում)։

Սիրված տեղակայումը՝ վերջույթների ծալիչ մակերեսներն են (ծնկա­յին, արմնկային, սրունք-թաթային և ծղիկ-դաստակային հոդերի շրջանում), շեքի և հետույքի մաշկը։

Այս շրջանում որևէ ալերգենի դեր չի առանձնանում։

Խորհուրդներ ատոպիկ դերմատիտով հիվանդներին

Կատարեք ստորշարադրյալ խորհուրդները և օգնեք այդպիսով Ձեր մաշկաբանին` հասնելու առավել արդյունավետության։

 Ծանոթացե´ք ատոպիկ դերմատիտի մասին տեղեկատվությանը

  • Ծանոթացե´ք ԱԴ-ի մասին տեղեկատվությանը։ Այն Ձեզ կօգնի ճիշտ կենսաձև վարել, տեղեկացված որոշումներ կայացնել բուժման հաջորդական կուրսերի վերաբերյալ, խուսափել հիվանդության սրացումներից և այլն։

Պահպանե´ք հանգստություն

  • Աշխատեք հանգիստ լինել, չլարվել ու չհուզվել։ Այո´, երբ Դուք ուսումնասիրում եք Ձեր հիվանդությունը, Դուք հասկանում եք, որ այդ հիվանդության մասին միտքն անգամ խիստ սթրեսածին է, և որ դժվար է ապրել ատոպիկ դերմատիտի հետ համատեղ։ Բայց անհրաժեշտ է ապրել ու չմոռանալ, որ սթրեսը սրացնելու է գործընթացը։
  • Այսպիսով, պետք է խուսափել սթրեսից ու գտնել անհատական միջոցներ ու մեթոդներ` առավել արդյունավետ ձևով այն հաղթահարելու նպատակով։ Վերջապես, եթե դուք ընկճված եք` անպայմանորեն դիմե´ք մաշկաբանի և հոգեբանի։ Նրանց համատեղ խորհրդատվությունը կարող է խիստ օգտակար լինել։
  • Խուսափե´ք սթրեսներից, վերահսկեք Ձեր հոգեհուզական վիճակը, պահպանեք քնի և հանգստի հիգիենան։

Խորհուրդներ խոնավացնող միջոցի ընտրելու վերաբերյալ

(Tips for choosing a moisturizer)

  • խոնավացնող միջոց ընտրելիս հարցրեք Ձեր մաշկաբանին դեղաձևերի (լոսիոն, գել, կրեմ, լիպոկրեմ, քսուք և այլն) տարբերությունները և կանգ առեք (ցուցումների դեպքում) կրեմի և քսուքի վրա,
  • հակացուցումների բացակայության դեպքում կանգ առեք վազելինի վրա (էժան է, չի պարունակում արոմատիզատորներ և այլն,
  • առաջնորդվեք «փորձի և սխալի» սկզբունքով (ո՞րն է ամենալավ ազդել Ձեր երեխայի մոտ նախկինում, նա էլ կիրառեք)։

Դիսկոմֆորտը մեղմելու խորհուրդներ

(Tips to ease discomfort)

  • խոնավացնող միջոցը կիրառում են ոչ պակաս, քան օրական 2 անգամ (կանխարգելում է մաշկի չորացումը և ճաքճքումը, նվազեցնում ակտիվ դեղամիջոցի կիրառման անհրաժեշտությունը,
  • եթե ատոպիկ դերմատիտի ընթացքը ծանր է (ախտահարված է մեծ մակերես, ընթանում է այտուցով, ճաքերով, արյունահոսելիությամբ և անզուսպ քորով), ապա խորհրդակցեք Ձեր մաշկավեներաբանի հետ «խոնավ պարուրումներ» (мокрые обертывания, wet wrap therapy) կիրառելու վերաբերյալ,
  • կտրեք երեխայի մատների եղունգները կարճ և հարթ (տաշեք), որպեզի նա եղունգներով չքորի ու չբարդացնի կլինիկական ընթացքը,
  • քնելուց առաջ երեխայի ձեռքերտի հագցրեք սամսակյան ձեռնոցներ, որպեսզի կանխեք գիշեը հնարավոր քորելու հետևանքները,
  • կարգավորեք սենյակի ջերմաստիճանը (մի´ թողեք, որ այն շատ բարձրանա) և խոնավությունը (մի´ թողեք, որ այն չորանա), որպեսզի երեխան շատ չշոգի կամ չքրտնի (սա քորի և ճաքերի առաջացման ամենահաճախադեպ սադրիչն է,

Հագուստի մաքրման խորհուրդներ

(Clothes-washing tips)

  • Կիրառեք զգայուն մաշկի համար նախատեսված լվացքի միջոցներ, քանի որ մնացածը կարող են գրգռել մաշկը,
  • մի´ գերազանցեք լվացքի համար նախատեսված միջոցի քանակը,
  • կիրառե´ք բավարար քանակով հեղուկ` ադեքվատ ողողման (պարզաջրման) նպատակով,
  • մինչև հագցնելը լվացեք Ձեր երեխայի նոր գնված հագուստը, դա կնպաստի գործարանային մնացորդային քիմիական նյութերի (ներկերի և այլն) լվացմանը,
  • հանեք հագուստին ամրացված պիտակները, դրանք կարող են շարունակաբար գրգռել մաշկը։

Խորհուրդներ լողանալու վերաբերյալ

(Bathing tips)

  • Անհրաժեշտ է լողանալ (հատկապես երեխան) գոլից մի փոքր դեպի տաք, բայց ոչ երբեք տաք կամ առավել ևս շատ տաք ջրով (սրացման հիմնական սադրիչներից է),
  • պետք է լողանալ ոչ ավելի, քան 5-10 րոպե,
  • մի կիրառեք լվացող միջոցներ, օրինակ, օճառներ, հատկապես փրփրացնող ազդեցության (միայն խիստ անհրաժեշտության դեպքում), կիրառե´ք մանկական օճառներ, որոնք չեն պարունակում արոմատիկ նյութեր, ունեն խոնավացնող ազդեցություն և այլն,
  • լողանալուց հետո նրբորեն, հանգամանալից, բայց ոչ երբեք կոպտորեն չորացրեք երեխայի մաշկը սրբիչով այնպես, որ այն չորանա, չլինի թաց, սակայն մնա խոնավ,
  • եթե արտաքին միջոցներ է նշանակել բժիշկը, ապա անմիջապես քսեք այն մաշկին, որից հետո՝ դեղամիջոցի վրայից քսեք խոնավացնող միջոց ոչ միայն ախտահարված տեղամասերին, այլևս առողջ հատվածներին նույնպես։

 

Խորհուրդներ նոսրացված քլորային լոգանքների վերաբերյալ

(Bleach bath therapy tips)

  • եթե գործընթացը բարդանում երկրորդային վարակով (անգամ եթե չի էլ բարդացել, հիվանդների 90%-ի շրջանում հայտնաբերվում է Staphylococcus aureus, այն դեպքում, երբ առողջ մարդկանց շրջանում` միայն 5%-ի մոտ), ապա անհրաժեշտ է կիրառել քլորային լոգանքներ (bleach bath, отбеливающие ванны, sodium hydrochlorite, bleach, liquid chlorin bleach),
  • իրականացրե´ք քլորային լոգանքներ շաբաթական 2-3 անգամ (օժտված են հակամանրէային և հակաստաֆիլոկոկային ազդեցությամբ),
  • քլորային լուծույթի խտությունը լոգարանում պիտի կազմի 0,005% (օգտվե´ք չափաբաժակից (measuring cup, мерная чашка), քանի որ լոգարանում չափից ավելի նյութ լցնելու դեպքում Դուք լրացուցիչ կգրգռեք երեխայի մաշկը, իսկ պակասի դեպքում բուժագործությունը պարզապես արդյունավետ չի լինի),
  • շուկայում առկա 6%-ոց սպիտակեցնող հեղուկների դեպքում ամբողջ լոգարանին (200 լիտր) ավելացրեք 100 մլ (համարյա կես բաժակ), կես լոգարանին (100 լիտր)` 50 մլ (համարյա քառորդ բաժակ), մանկական լոգարանին (4 լիտր, 1 գալոն` ԱՄՆ-ում 3,8 լիտր, իսկ Անգլիայում` 4,5 լիտր)` 1 թեյի գդալ (4-5 մլ) լուծույթ,
  • շուկայում առկա 2,2%-ոց սպիտակեցնող հեղուկների դեպքում (Budget Household Bleach Regular 2,2%) յուրաքանչյուր լիտր ջրին ավելացրեք 2 մլ հեղուկ,
  • սպասեք, որ հեղուկը հավասարաչափ բաշխվի ամբողջ լոգարանում,
  • ինչպես ոչ քլորային, այնպես էլ քլորային լոգանքների տևողությունը 5-10 րոպե է, որից հետո լողացրեք (պարզաջրեք) երեխային մաքուր ոչ տաք ջրով,
  • ինչպես ոչ քլորային, այնպես էլ քլորային լոգանքներից հետո նրբորեն (ոչ կոպտորեն) չորացրեք երեխայի մաշկը սրբիչով այնպես, որ այն չորանա և մնա խոնավ,
  • անմիջապես օծեք մաշկի ախտահարված մասը արդեն իսկ նշանակված դեղամիջոցներով (կորտիկոստերոիդային քսուքներ, կալիցինևրինի ինհիբիտորների կրեմներ և քսուքներ և այլն),
  • մաշկի ախտահարված մասը արտաքին դեղամիջոցներով օծելուց հետո, վրայից մաշկն օծեք խոնավացնող միջոցներով (էմոլիենտներ),
  • շարունակեք օծել մաշկի խոնավացնող միջոցներով նաև առողջ հատվածներում։

 

 Խաչիկ. Մ. Խաչիկյան

բ.գ.դ., պրոֆեսոր,

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,

պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,

հեռ.`+374 (91) 406151, 

E-mail: [email protected]

 

 

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top