Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով պարգևատրումը

2019 թվականի հոկտեմբերի 10-ին, Հայատանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նորվեգացի գիտնական, բևեռախույզ, օվկիանոսագետ, կենդանաբան, հասարակական գործիչ, մեծագույն հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 158 ամյակի կապակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը պարգևատրվեց Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով։
Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Բախչինյանը ներկայացրեց պրոֆեսոր Խաչիկյանի բժշկական և գիտամանկավարժական կենսագրությունը և ներկաների ծափողջույնների ներքո հանձնեց հուշամեդալը։
Այնուհետև պրոֆեսոր Խաչիկյանը խոսեց հումանիզմի, իբրև մարդու ինքնագիտակցության  համամարդկային միջոցի մասին, միջոցի, որը նախանշում է մեր ապրելակերպն ու գործելակերպը, որը ենթադրում է փոխօգնություն, համագործակցություն, սեր, մարդու իրավունքների և արժանապատվության հանդեպ հարգանք, հավասարություն, իրավահավասարություն, արդարություն, պաշտպանություն չարից ու բռնությունից։
Նա ներկայացրեց մշակույթի ու գիտության մեջ Վերածննդի դարաշրջանում կատարված փոփոխությունները, երբ Աստծո թեման դադարում է գերակայել ու մարդը հռչակվում է իբրև տիեզերքի կենտրոն, բնության բարձրագույն և առավել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, որը ներկայումս դիտարկվում է ոչ թե որպես էվոլյուցիայի գագաթնակետ, այլ անվերջ վերափոխման վիթխարի գործընթացի մի կարևորագույն մաս։ Այդտեղից է սկիզբ առնում Նիցշեի «Մարդը մի բան է, որ պիտի հաղթահարվի» սկզբունքը («Այդպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական վեպում)։ Այլ կերպ ասած, մարդը անդադար պիտի կատարելագործվի, վերաիմաստավորվի, զարգանա` գերմարդ դառնալու նպատակով։
Պրոֆեսոր Խաչիկյանի հումանիզմի բազմաթիվ օրինակներ բերեց Հայաստանում՝ առանձնացնելով հատկապես «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ստեղծումը և այլն։
Նա հատուկ ընդգծեց Նանսենի հայանպաստ գործունեության մասին՝ Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանության խստագույնս ղատապարտումից սկսած և 320.000 հայերի նանսենյան անձնագրերի հանձնումով ավարտած։
Հատկապես ուշադրության արժանացվեց Նանսենի հեղինակմամբ «Հայաստանում» ծավալուն մենագրության հրատարակումը նորվեգերեն, որը հրատարակվել է նաև անգլերեն ու ֆրանսերեն՝ «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» և գերմաներեն «Խաբված ժողովուրդը» վերտառությամբ։ Այդտեղ հեղինակը մեղադրում է ոչ միայն թուրք ջարդարարներին, այլև արևմտյան տերություններին, որոնց «նավերը այդպես էլ չկարողացան բարձրանալ Տավրոսի լեռները»։
Վերջում պրոֆեսոր Խաչիկյանն իր երախտագիտությունը հայտնեց Հայատանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ հարգարժան Ֆելիքս Բախչինյանին, հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ իր համեստ աշխատանքի բարձր գնահատականի համար՝ նշելով սակայն, որ պարգևը դիտում է իբրև ավանս, որը տրվել է ժամանակից շուտ, ու որը աներկբայորեն կբարձրացնի ու կբազմապատկի իր պատասխանատվությունն ու կլինիկական, գիտակրթական և ուսումնամանկավարժական աշխատանքին նվիրվածությունը։

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top