«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Պատմությունը

«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՄՄՕԱԱ ՀԿ) ստեղծվել է 2018թ.-ին ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական կրթության մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանի նախաձեռնությամբ, Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի երիտասարդ մասնագետների, ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի աշխատակիցների և նույն ամբիոնի կլինիկական օրդինատորների ջանքերով (1,2

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես հասարակական կազմակերպություն այն գրանցվել է 2018 թ. փետրվարի 20-ին (գրանցման համարը՝ 211.171.1006559, գործունեության ժամկետը՝ անժամկետ)։

ՄՄՕԱԱ ՀԿ-ի նպատակ է ունեցել համախմբելու նոր սերնդի մաշկավեներաբանների ներուժը, միավորելու բժշկական, գիտական և գործնական ընդհանուր հետաքրքրություններ ունեցող և միջդիսցիպլինային գործունեություն իրականացնող մասնագետներին, նպաստելու գիտական, գործնական և փորձարարական մաշկավեներաբանության զարգացմանը, զարգացնելու ՀՀ-ում արդի չափանիշներին համապատասխան մաշկավեներաբանական ծառայություն, ինչպես նաև աջակցելու և գործուն մասնակցություն ունենալու նոր սերնդի մասնագետների ուսումնական, գիտական, կլինիկական գործունեությանը։ Ասոցիացիան կարևորում է նաև մարզային առողջապահության ոլորտի համաչափ զարգացման հիմնախնդիրը, ՀՀ և արտերկրի բժշկական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց հետ համագործակցությունը և այլն։

Իր բազմագործառութայնության մեջ, ասոցիացիայի գործունեության առանցքը, վճռորոշ և ռազմավարական գաղափարախոսությունը երիտասարդական ներուժի (երիտասարդ բժիշկներ, հայցորդներ և ասպիրանտներ, կլինիկական օրդինատորներ, ուսանողներ և այլ շահառուներ) ներգրավումն է։

ՄՄՕԱԱ ՀԿ-ի գործունեության առաջին դրվագը ասոցիացիայի մասնագիտական I ֆորումն էր, որը տեղի ունեցավ 2018 թ. փետվարի 24-ին։ Ներկայացվեցին «Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի կյանքը և գործունեությունը» (ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՄՍՎ ԲԳԿ բժիշկ Մ.Գ. Մխիթարյան), «Դեմքի մաշկի բորբոքային ախտաբանության տարբերակիչ ախտորոշումը» (ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան), «Գենաինժեներային տեխնոլոգիաները դերմատոլոգիայում» (ԵՊԲՀ հետբուհական կրթության մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի կլինկական օրդինատոր, ասոցիացիայի անդամ Ա.Տ. Չալաբյան) և «Դերմատոկոսմետոլոգիայի զարգացման հեռանկարները» («Հելիոս» ԲԿ հիմնադիր տնօրեն, ասոցիացիայի անդամ Հ.Ղ. Ազարյան) զեկույցները։ Վերջում կայացավ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանի և Հ.Ղ. Ազարյանի հեղինակած «Նվազներխուժական գեղարարական բժշկության ներարկային մեթոդները» ուսումնամեթոդական ձեռնարկի (2018 թ.) շնորհանդեսը։

2018 թ. մայիսի 11-ին կայացավ ՄՄՕԱԱ ՀԿ-ի մասնագիտական II ֆորումը, որի աշխատանքում զեկուցումներով հանդես եկան` Աննա Ա. Հարությունյանը («Հղիության մաշկախտների առանձնահատկությունները»), Էդուարդ Ա. Ավագյանը («Շաքարային դիաբետի և մաշկային ախտաբանության կոմորբիդայնությունը») և պրոֆեսոր Խաչիկ Մ. Խաչիկյանր («Ռոզացեայի ախտածագման և բուժման մոտեցումները» (տե′ս «Ավարտված միջոցառումներ»)։

2018 թ. հոկտեմբերի 27-ին կայացավ ՄՄՕԱԱ ՀԿ-ի մասնագիտական III ֆորումը, որի աշխատանքում զեկուցումներով հանդես եկան`ՄՍՎ ԲԳԿ մաշկավեներաբան Դ.Ա. Հարությունյանը («Էրիթրոդերմիայի ախտորոշման ժամանակակից մոտեցումները»), «Պրոմ-տեստ լաբորատորիաների» ներկայացուցիչը («Ցելիակիայի ախտորոշման ժամանակակից մոտեցումները»), ՄՍՎ ԲԳԿ մաշկավեներաբան, տրիխոսկոպիստ Լ.Ս. Կիրակոսյանը («Անդրոգենային մազաթափության հեռանկարային բուժումը»), ՄՍՎ ԲԳԿ մաշկավեներաբան, դերմատոսկոպիստ Շ.Վ. Կարապետյանը («Մաշկի մելանոմայի վաղաժամ ախտորոշումը»), «Հելիոս» ԲԿ բժիշկ Մ.Վարժապետյանը («Հիպերկերատոզների կանխարգելումը պոդիատրիայում») և այլք։

Օրակարգի և բազմաթիվ այլ թեմաներով հնչեցին բյուրապատիկ հարցեր, որոնց զեկուցողները տվեցին սպառիչ պատասխաններ։ Ասոցիացիայի III նիստի աշխատանքը եզրափակեց ՄՄՕԱԱ-ի նախագահ՝ պրոֆեսոր Խ. Մ. Խաչիկյանը, որը ընդգծեց ֆորմալ կրթական համակարգից զատ նաև ոչ ֆորմալ կրթական համակարգի անհրաժեշտությունը և ըստ այդմ ասոցիացիաների դերը մաշկավեներաբանների մասնագիտական պատրաստվածության բարձրացման գործում։ Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ գործակցության ու զուգամասնության համար և մաղթեց նորանոր հաջողություններ։

(1)  ՀՀ ԱՆ մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի մասին տե´ս` «www.dermasti.am» վեբկայքում,
(2)   ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի մասին տե´ս` «www.ysmu.am/hy/chairs/mashkavenerabanutyan_ev_kosmetologiayi_ambion_hetbuhakan_/#sthash.pXMGfIFa.dpbs» վեբկայքում։