«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Բժիշկներին

Դերմատոսկոպիա

ԴԵՐՄԱՏՈՍԿՈՊԻԱՅԻ ՄԵԹՈԴԸ ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Տասնամյակների ընթացքում մաշկային հիվանդություններն ախտորոշվել են պարզ կլինիկական զննումով, որն անհրաժեշտության դեպքում միայն (շատ հազվադեպ, գրեթե բացառապես ուռուցքային ախտաբանության դեպքում) լրացվել է ախտահյուսվածաբանական հետազոտություններով։ Վերջին տարիներին կլինիկական պրակտիկայում գործիքային ախտորոշման նորարարական, հատկապես ոչ ներխուժական կենսակա մեթոդների զարգացումը հիվանդների հետազոտման նոր և նշանակալի հնարավորություններ է ստեղծել։

Դրանց մեջ ամենանշանակալին թերևս դերմատոսկոպիայի (էպիլյումինեսցենտային մանրադիտում) մեթոդն է, որը համաշխարհային մաշկաբանական պրակտիկա է ներդրվել ոչ այնքան վաղ անցյալում (անցած դարի 90-ականներին) և ներկայումս կիրառվում է 100-ից ավելի երկրներում։

Դերմատոսկոպիայի մեթոդն իր ստեղծման նախաշեմին կիրառվում էր միայն մաշկի գունակային ախտահարումների (նևուսներ, մելանոմաներ և այլն) ուսումնասիրման նպատակով։ Ներկայումս նրա գործունեության ոլորտն անհամեմատ ավելի ընդլայնվել է և հաջողությամբ կիրառվում է մաշկի բորբոքային և ոչ բորբոքային, մելանոցիտային և ոչ մելանոցիտային, նախաուռուցքային, ուռուցքային, անոթային և բազմաթիվ այլ հիվանդությունների ախտորոշման և տարբերակիչ ախտորոշման նպատակով (հիմնախնդրի լուսաբանում, այլ հիվանդությունների բազմազանության մեջ ընդհանությունների հայտնաբերում և այլն)։

Դերմատոսկոպիան ՀՀ ԱՆ մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ում (բժշկուհի` Շ.Վ. Կարապետյան) իրականացվում է թվային և վիդեոդերմատոսկոպիայի ռեժիմներում, «HEINE DELTA 20+» և «Photofinder Medicam-500» տեսակի դերմատոսկոպերով:

Եթե խոշորացույցով մենք վիզուալիզացնում ենք մաշկի մակերևույթի խոշորացրած պատկերը, ապա դերմատոսկոպի օգնությամբ՝ անզեն աչքով անտեսանելի, ներվերմաշկային և ներմաշկային (ենթամակերեսային, խորքային) ձևաբանական կառույցների խոշորացրած պատկերը։

Մեթոդի անվիճելի առավելություններից են ախտորոշման բարձր ճշգրտությունը, նախակլինիկական փոփոխությունների վիզուալիզացիայի հնարավորությունը և այլն։

Այսպիսով,  դերմատոսկոպիան հետազոտման ոչ ներխուժական մեթոդ է (լրացուցիչ կարևորագույն գործիք է), որը բարելավում է հիվանդությունների ախտորոշումը վերջիններիս զարգացման հատկապես ենթակլինիկական շրջանում (հիվանդությունների վաղ ախտորոշում, ախտորոշման հստակեցում), ինչպես նաև կլինիկական դեպքի փաստաթղթավորման (մեր ժամանակներում կարևոր է), առավել ուղղորդված բուժման և հիվանդի բուժման գործընթացի մշտադիտարկման հեռանկար է ստեղծում։ Դերմատոսկոպիայի ներդրմամբ մաշկաբանության մեջ ձևավորվում են ախտորոշման միանգամայն նոր չափորոշիչներ։

Տարբերակիչ ախտորոշման և թերապևտիկ մեթոդի ընտրության նպատակով, անշուշտ, կարելի է ախտահյուսվածաբանական հետազոտություններ իրականացնել, սակայն ներխուժական բուժագործությունները հանձնարարելի չեն (մանավանդ եթե գործընթացը տեղակայված է դեմքի մաշկին), քանի որ ամենևին ռուտին չեն և առավել ևս անվնաս չեն (բարդություններ, վնասվածքներ և այլն, կարող են կիրառվել միայն եզակի դեպքերում)։ Այդ իսկ պատճառով, ախտորոշման գործընթացի բարելավման նպատակով նախընտրելի են հետազոտման հատկապես ոչ ներխուժական մեթոդները։

Դերմատոսկոպիայի մեթոդը լրացնում է մեր կլինիկական-հետազոտական զինանոցը և պետք է այն դիտարկել հոլիզմի զանգակատնից՝ «հոլիզմ-էլեմենտալիզմ» հանդիպակացության մեջ կարևորելով առաջինը (հոլիզմը ելակետային դրույթ է այն մասին, որ երևույթը կարելի է բացահայտել միայն նրան իբրև ամբողջական համակարգ դիտարկելու դեպքում)։ Այլ կերպ ասած, մենք ամենևին չենք նսեմացնում որևէ հետազոտության դեր, ավելին, շատ կարևորում ենք և հաշվի ենք առնում նրանցից յուրաքանչյուրի, ինչպես նաև ախտանիշի, վերհուշական դրվագի դերը մաշկային հիվանդության ախտորոշումն իրականացնելիս, վերլուծում այն այլ մեթոդների համալիրում։

 

Շ.Վ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
մաշկավեներաբան, բժիշկ-կոսմետոլոգ, դերմատոսկոպիստ
հեռ.`+ 374 (93) 494941, 
E-mail: [email protected]

Կայանալիք Միջոցառումներ