Սպիացող պեմֆիգոիդը (ՍՊ, pemphigoid cicatricalis, լորձաթաղանթների բարորակ պեմֆիգոիդ) խրոնիկական, ոչ լիարժեք ախտադադարներով ընթացող աուտոիմուն ենթավերնամաշկային բշտային մաշկախտ է (ԱԵԲՄ), որը դրսևորվում է մաշկի (բշտիկաբշտային տարրեր, նրանց տեղում` ատրոֆիկ սպիներ) և լորձաթաղանթների (85% դեպքերում, խոր բշտեր, էրոզիվ-խոցային տարրեր, սպիական-կպումային օջախներ) ախտահարումով [122–124]։
ՍՊ-ն իմունաախտաբանորեն բնորոշվում է հիմքային թաղանթի երկայնքով IgG-հակամարմինների նստեցումով (ուղիղ ԻՖՌ) և ամենատարբեր պրոտեինների (բշտային պեմֆիգոիդի հակածիններ` ԲՊՀ-1, ԲՊՀ-2, նաև b4-ինտեգրին, a6-ինտեգրին, լամինին-5, լամինին-6, VII տիպի կոլագեն և այլն) հանդեպ արտադրվող IgG-հակամարմինների շրջանառումով (ԻՖՎ)։
ՍՊ-ով հիմնականում հիվանդանում են հասուն և ծերունական տարիքում, կանայք` ավելի հաճախ, քան տղամարդիկ։
ԿԼԻՆԻԿԱՆ
Լորձաթաղանթների ախտահարումը
Աչքի, քթըմպանի, կոկորդի, կերակրափողի և հետանցքի լորձաթաղանթներն ախտահարվում են համապատասխանաբար 65%, 20%, 8%, 4% և 3% դեպքերում։
Կայուն հիպերեմիայի ֆոնի վրա աչքի կամ բերանի խոռոչի լորձաթաղանթին առաջանում են ամուր ծածկով, լարված և խոր բշտեր, որոնք հետագայում պատռվում են` առաջացնելով սահմանափակ, հարթ, չարյունահոսող հատակով, էրոզիվ-խոցային, անցավ մակերեսներ։ Վերջիններս էպիթելացվում են` ձևավորելով սպիական-կպումային օջախներ (աչքի մեջ` շաղկապենային պարկի աճակցում` սիմբլեֆարոն, կոպերի արտաշրջում, արցունքային խողովակների ձևախեղում, կուրություն և այլն) [122–124]։
Մաշկի ախտահարումը
Մաշկը հազվադեպ է ընդգրկվում գործընթացում։ Գլխի մազածածկ մասի (ԳՄՄ), դեմքի, վերջույթների, աճուկաազդրային ծալքերի մաշկին ի հայտ են գալիս սակավաթիվ, ոչ մեծ չափերի, ամուր ծածկով, շճային կամ շճաարյունային պարունակությամբ լարված բշտեր։ Ծածկի պատռվելուց հետո արտածորանքն արագորեն չորանում է` վերածվելով ամուր կեղևի, որը հեռացնելուց հետո գերգունակային բիծ է առաջանում։
Բշտային ցանը ոչ հազվադեպ կրկնվում է, ընդ որում՝ միևնույն տեղերում։ Նիկոլսկու ախտանիշը և նրա տարատեսակները բացասական են [122–124]։
Երբեմն գործընթացը տեղակայվում է վզին և իրանի վերին հատվածներում ու դրսևորվում է բշտիկաբշտային ցանով, իսկ լուծված տարրերի տեղում առաջանում են ատրոֆիկ սպիներ (ՍՊ-ի տեղային ձևը` Բրունստինգ-Պերրիի սպիացող պեմֆիգոիդ, ԲՊՍՊ, pemphigoid cicatricalis Brunsting-Perry) [125, 126]։
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈւՄԸ
Մանրադիտային հետազոտություն
Էրոզիաների հիմքից ստացված քսուք-դրոշմներում Տցանկի ականթոլիտիկ բջիջներ (ՏԱԲ) չեն հայտնաբերվում։
Հյուսվածաբանական հետազոտություն
Բուն մաշկի պտկիկային շերտում հայտնաբերվում են ենթավերնամաշկային բշտեր, շուրջանոթային և ինտերստիցիալ ներսփռանք, գործընթացի սկզբում` նեյտրոֆիլային, ավելի ուշ` էոզինոֆիլային միկրոաբսցեսներ, ավարտին` կոլագենային թելերի ֆիբրոզ և ձևախեղում [5, 155]։
Հետազոտման իմունաձևաբանական մեթոդներ
Ուղիղ ԻՖՌ
Հիմքային թաղանթի երկայնքով հայտնաբերվում են IgG-հակամարմինների նստվածքաշերտեր։
ԻՖՎ
Հայտնաբերվում են ԲՊՀ-1-ի, ԲՊՀ-2-ի, b4-ինտեգրինի (միայն աչքի ախտահարում), a6-ինտեգրինի (բերանի խոռոչի լորձաթաղանթի թեթև ախտահարում), լամինին-5-ի և լամինին-6-ի (գերազանցապես բերանի խոռոչի լորձաթաղանթի ծանր ախտահարում), VII տիպի կոլագենի և այլ գլիկոպրոտեինների հանդեպ արտադրվող շրջանառող IgG-հակամարմիններ (ՍՊ-ի ֆենոտիպը և արյան մեջ յուրահատուկ շրջանառող IgG-հակամարմինների առկայությունը հստակորեն համահարաբերակցվում են) [123, 124, 155]։
Իմունաբլոթ
Հայտնաբերվում են 230 կԴա (ԲՊՀ-1), 180 կԴա (ԲՊՀ-2), 145 կԴա (լամինին-5 և -6), 205 կԴա (b4-ինտեգրին), 130 կԴա (a6-ինտեգրին), 45 կԴա և 160 կԴա մոլեկուլային կշռով պրոտեինների դեմ արտադրված շրջանառող IgG-հակամարմիններ [123, 124, 155]։
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈւՄԸ
Լևերի բշտային պեմֆիգոիդ
Լևերի բշտային պեմֆիգոիդը (ԼԲՊ) և ՍՊ-ն ձեռքբերովի ԱԵԲՄ-ների կլինիկական տարատեսակներն են։
Շատ բաներ նույնական են, դժվար տարբերակելի, այդուամենայնիվ, կան որոշակի տարբերություններ (ՍՊ-ի դեպքում գործընթացը տեղային է, իսկ ԼԲՊ-ի դեպքում` քիչ թե շատ տարածուն ու բացի դրանից, լորձաթաղանթների ախտահարումն ամենևին բնորոշ չէ վերջինիս) [1, 5, 7, 8, 16–18, 108]։
Սովորական բշտախտ
Սովորական բշտախտից (ՍԲ) ՍՊ-ն տարբերվում է Նիկոլսկու բացասական ախտանիշով, ՏԱԲ-երի բացակայությամբ (ականթոլիզի բացակայություն, նեյտրոֆիլների և ոչ մեծաթիվ քանակի էոզինոֆիլների առկայություն), բշտերի ենթավերնամաշկային տեղակայումով (ՍԲ-ի դեպքում` ներվերնամաշկային-վերհիմքային), աչքի և բերանի խոռոչի լորձաթաղանթների ախտահարման գերակայումով, գործընթացի վերջնախաղում` սպիական փոփոխությունների առաջացումով (սիմբլեֆարոն, միկրոստոմա ևն), ամենատարբեր ինքնահակածինների (ԲՊՀ-1, ԲՊՀ-2, b4-ինտեգրին, a6- ինտեգրին, լամինին-5 և -6, VII տիպի կոլագեն ևն) հանդեպ արտադրվող IgG-հակամարմինների շրջանառումով (ՍԲ-ի դեպքում հայտնաբերվում են IgG-հակամարմիններ միայն դեսմոգլեինների` ԴՍԳ-1-ի և ԴՍԳ-3-ի դեմ) [1, 3, 21]։
ՍԲ-ի համեմատ ՍՊ-ի ընթացքը և կանխատեսումը շատ ավելի բարենպաստ են։
Էրիթեմային բշտախտ
Թերթաձև բշտախտի (ԹԲ) այս կլինիկական ձևի դեպքում գործընթացը տեղակայվում է մաշկի սեբորեային տեղամասերին։
Բշտերը ներվերնամաշկային են, բնորոշ են ֆոլիկուլային հիպերկերատոզը, ենթաեղջերային ականթոլիզը, հայտնաբերվում են ՏԱԲ-եր։ Նիկոլսկու ախտանիշը դրական է։ Լորձաթաղանթների սպիական փոփոխությունները բնորոշ չեն։
Ի տարբերություն ՍՊ-ի՝ վերնամաշկի հատիկային շերտում վիզուալիզացվում են IgG-հակամարմիններ և կոմպլեմենտի С3-բաղադիչը (ուղիղ ԻՖՌ), արյան մեջ հայտնաբերվում են IgG-հակամարմիններ ԴՍԳ-1-ի և ԴՍԳ-3-ի (ԻՖՎ) ու 230 և 190 կԴա մոլեկուլային կշռով պրոտեինների նկատմամբ (իմունաբլոթինգ) [1, 21, 12, 42, 162]։
Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ
Ի տարբերություն ՍՊ-ի՝ Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշը (ՍՋՀ) զարգանում է երիտասարդ տարիքում և բնորոշվում է բուռն ու ծանր ընթացքով։
ՍՋՀ-ի դեպքում կունյունկտիվիտը շատ ավելի սուր է ընթանում` թարախային արտադրությամբ և այլն, սակայն, ի տարբերություն ՍՊ-ի՝ սպիագոյացմամբ չի ավարտվում [163–166]։
Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբ (բշտային ձև)
Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբի (ԴՀՄ) բշտային ձևին բնորոշ են տարածուն (ՍՊ-ի դեպքում` սահմանափակ), բազմաձև ցանը, տարրերի հերպեսանման տեղակայումը, ուղեկցող սուբյեկտիվ երևույթների արտահայտվածությունը (քոր, այրոց և այլն), Յադասոնի դրական փորձը, բշտի պարունակության մեջ էոզինոֆիլիան, IgА-հակամարմինների հատիկային նստեցումները բուն մաշկի պտկիկային շերտում և գծային նստեցումները հիմքային թաղանթի շրջանում [5, 22, 23]։
Բացի դրանից, ի տարբերություն ՍՊ-ի, շաղկապենու ախտահարումը ԴՀՄ-ին բացարձակապես բնորոշ չէ։
Աֆթային ստոմատիտ
ՍՊ-ն աֆթային ստոմատիտից տարբերվում է խրոնիկական ընթացքով և ոչ լիարժեք ախտադադարներով։
Գործընթացը տեղակայվում է ոչ միայն լորձաթաղանթներին, այլև մաշկին` ավարտվելով սպիացումով, որը աֆթային ստոմատիտին բնորոշ չէ։
Բեխչետի հիվանդություն
Բեխչետի հիվանդության (ԲՀ, Տուրենի մեծ աֆթոզ, ակնաբերանասեռական համախտանիշ) կլինիկական հիմնաքարերն են իրիդոցիկլիտը (նաև կոնյունկտիվիտ, ուվեիտ, ռետինիտ, աչքի առաջային խցում թարախի կուտակում` հիպոպիոն և այլն), աֆթային ստոմատիտը (բերանի խոռոչի լորձաթաղանթին` բշտային-էրոզիվ-խոցային տարրեր) և սեռական օրգանների աֆթային ախտահարումները (շուրջսեռական և շուրջհետանցքային շրջանների մաշկին և լորձաթաղանթներին` էրոզիվ-խոցային տարրեր) [89, 121]։
Մաշկի այլ հատվածներում դիտարկվում են ակնեանման տարրեր, հանգուցային էրիթեմա, պսևդոֆոլիկուլիտներ ևն:
Ի տարբերություն ՍՊ-ի՝ ԲՀ-ի դեպքում գլխավոր ձևաբանական տարրերը, այսպես կոչված, աֆթաներ-էրոզիաներն են, աֆթաներ-խոցերը, ակնեանման տարրերը, բայց ոչ բշտերը, իսկ սպիացումն ամենևին բնորոշ չէ [89, 121]։
Գործընթացն ուղեկցվում է ընդհանուր համախտանիշով (գլխացավ, գլխապտույտ, ջերմության բարձրացում, արթրալգիաներ, միալգիաներ և այլն)։
* Խաչիկ Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի գիտ. գծով փոխտնօրեն,
ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան
ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ
հեռ.`+374 (91) 406151,
E-mail: [email protected]