«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Բժիշկներին

Հղիության ատոպիկ ցանավորում

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՏՈՊԻԿ ՑԱՆԱՎՈՐՈՒՄ
Խ.Մ. Խաչիկյան1, Ա.Ա. Հարությունյան2

ՍԱՀ­ՄԱ­ՆՈւ­ՄԸ

Հղիության ատոպիկ ցանավորումը (ՀԱՑ, հղիության քորպտիկ, հղիության վաղաժամ քորպտիկ, հղիության քորվող ֆոլիկուլիտ, հղիության էկզեմա ևն) հղիության բարորակ մաշկախտ է, որն առաջանում է ատոպիկ նախատրամադրվածությամբ անձանց մոտ հղիության առաջին ամիսներին (75% դեպքերում առաջին եռամսյակում) և արտահայտվում է բշտիկային կամ հանգուցիկային տարրերով։
ՀԱՑ-ը հղիության մաշկախտների մեջ ամենահաճախադեպն է (50% հիվանդների մոտ) և հաջորդ հղիությունների ժամանակ որպես կանոն կրկնվում է։

ԱԽՏԱԾԱԳՈՒՄԸ

Ներկայումս ՀԱՑ-ի ախտածագման գերակայող մեկնակերպը Th1- և Th2-խմբերի լիմֆոցիտների միջև փոխհարաբերության խախտումն ու ապականոնակարգումն է, որի արդյունքում Th1-ցիտոկինների (ԻԼ-2, g-ինտերֆերոն, ԻԼ-12) արտադրությունն ընկճվում է, իսկ Th2-ցիտոկինների (ԻԼ-4, ԻԼ-10) արտադրությունն, ընդհակառակը՝ խթանվում։

 ԿԼԻՆԻԿԱՆ

Ատոպիկ դերմատիտը տարաբաժանվում է ինտրինսինգ՝ ներքին (IgE-չզուգորդված, ոչ ալերգիկ, ատոպիֆորմ դերմատիտ) և էքստրինսինգ՝ արտաքին (IgE-զուգորդված, ալերգիկ) տեսակների, որոնց առանձին կլինիկական տեսակներ լինելու փաստը վիճարկվում է։
ՀԱՑ-ը 80% հիվանդների մոտ ի հայտ է գալիս առաջին անգամ հղիության ժամանակ (կամ սրանում է շատ վաղուց, օրինակ մանկուց ախտադադարի մեջ գտնվող գործընթացը) և միայն 20% դեպքերում է սրանում (կրկնվում) արդեն իսկ գոյություն ունեցող ատոպիկ դերմատիտը։  
Գործընթացը 65-70% դեպքերում արտահայտվում է տարածուն էկզեմային երևույթներով (ՀԱՑ-ի, այսպես կոչված, IgE-զուգորդված տեսակը)՝ տեղակայվելով ԱԴ-ի սիրված տեղամասերում (դեմքին, վզին, դեկոլտեի շրջանում, վերջույթների ծալիչ մակերեսներին, ձեռքերին և ոտքերին), իսկ 30-35% դեպքերում՝ էրիթեմային բնույթի փոքրիկ հանգույցիկներով (իրանին և վերջույթներին), քորպտիկային հանգույցիկներով (սրունքներին և ափերին)։ Հաճախադեպ են մաշկի արտահայտված չորությունը և ԱԴ-ի «փոքր նշանները» (ափերի գերգծայնություն, փշաձև կերատոզ, սպիտակ որքին ևն)։

ԼԱ­ԲՈ­ՐԱ­ՏՈՐ ԱԽ­ՏՈ­ՐՈ­ՇՈւ­ՄԸ
Ախտահյուս­վա­ծա­բա­նա­կան հե­տա­զո­տութ­յուն

ՀԱՑ-ի ախտահյուսվածաբանական փոփոխությունները յուրահատուկ չեն և կախված են կլինիկական տեսակից և զարգացման աստիճանից։

 Հե­տա­զոտ­ման ի­մու­նաձևա­բա­նա­կան մե­թոդ­ներ
Ուղղակի և անուղղակի իմունաֆլյուորեսցենտային հետազոտություններ

Ուղղակի և անուղղակի իմունաֆլյուորեսցենտային հետազոտությունների արդյունքները բացասական են։

 Ի­մու­նաձևա­բա­նա­կան հետազոտություն­ներ

20-70% հիվանդների արյան մեջ հայտնաբերվում է IgE-ի մեծ խտություն։

 ԲՈՒԺՈՒՄԸ

ՀԱՑ-ի ժամանակ կիրառվում են տեղային կորտիկոստերոիդային պատրաստուկներ, որոնք արագորեն բարելավում են հիվանդի վիճակը։
Ծանր դեպքերում նշանակվում են հակահիստամինային և համակարգային կորտիկոստերոիդային պատրաստուկներ, լուսաբուժություն (UVB-թերապիան հղիության վաղ շրջանների բարդ իրավիճակներում լրացուցիչ, անվտանգ և արդյունավետ գործիք է)։

ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

Մոր մոտ ՀԱՑ-ի կանխատեսումը բարենպաստ է, սակայն հիվանդությունը նորից կարող է կրկնվել հաջորդ հղիությունների ժամանակ։
Պտղի առողջությանը վտանգ չի սպառնում, սակայն հետագայում, ավելի ուշ կարող են դիտվել ԱԴ-ի նշաններ։

 (1) Խաչիկ Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի գիտ. գծով փոխտնօրեն,
ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի նախագահ
հեռ.`+374 (91) 406151,
E-mail[email protected]

(2) Աննա Ա. Հարությունյան
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի անդամ
հեռ.`+374 (94) 804858,
E-mail[email protected]

 

Կայանալիք Միջոցառումներ