«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Բժիշկներին

Հղիության բազմաձև ցանավորում

ՀՂԻ­ՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՁԵՎ ՑԱՆԱՎՈՐՈՒՄ
Խ.Մ. Խաչիկյան1, Ա.Ա. Հարությունյան2

ՍԱՀ­ՄԱ­ՆՈւ­ՄԸ

Հղիության բազմաձև ցանավորումը (ՀԲՑ, հղիության քորվող եղնջայտուցային հանգույցիկներ և վահանակներ, հղիության ուշացած քորպտիկ, Pruritic urticarial papules and plaques of pregnancy) բարորակ, ենթադրաբար ժառանգական նախատրամադրվածության (ընտանեկան բարդացած անամնեզ), բորբոքային հիվանդություն է, որը զարգանում է որպես կանոն առաջին հղիության երրորդ եռամսյակում (հաճախ՝ 36-39-րդ շաբաթներին) կամ շատ հազվադեպ անմիջապես հղիությունից հետո (առաջին 2 շաբաթներին) և բնորոշվում է ուժգին քորով ու գերազանցապես որովայնի մաշկին ի հայտ եկող բազմաձև ձևաբանական տարրերով (էրիթեմա, եղնջայտուցային, ոչ ֆոլիկուլային հանգույցիկներ, բշտիկներ, միավորյալ վահանակներ)՝ տարբեր հիվանդություններ նմանակեղծելով։ ՀԲՑ-ն ծննդաբերությունից հետո արագորեն ապաճում է և, ի տարբերություն ՀՀ-ի, հաջորդ հղիությունների ժամանակ չի կրկնվում։
ՀԲՑ-ն հղիության ժամանակ ԱԴ-ից հետո ամենից հաճախ հանդիպող հիվանդություններից է (հանդիպման հաճախականությունը՝ 0,5-0,62%)։
ՀԲՑ-ն 1979-ին առաջին անգամ նկարագրել է Լոուլին։

ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱԽՏԱԾԱԳՈՒՄԸ

ՀԲՑ-ի պատճառագիտության ու ախտածագման խնդիրները լիակատար բացահայտված չեն։ Հղիության ավարտին հիվանդության ի հայտ գալը, ենթադրվում է, որ պայմանավորված է որովայնի մկանների և մաշկի (շարակցահյուսվածքային կառույցների) առավելագույն ձգմամբ (հղիության ավարտին շարակցահյուսվածքային թելերի վնասում, հակածնային հատկանիշների ձեռք բերում՝ իմուն բորբոքման խթանում ևն)։
Գործընթացն առավել հաճախ զարգանում է գեր կանանց մոտ կամ պտղի հավելուրդային քաշի կամ երկպտղության դեպքում (հորմոնային գործոններ)։ Հիվանդությունը պրեէկլամպսիայի կամ ՀՀ-ի հետ չի զուգորդվում։ Քանի որ հյուսվածքային համատեղելիության HLA հակածինների փոփոխություններ չեն արձանագրվում, ուստի աուտոիմուն խախտումների մասին խոսելը պատշաճ չէ)։

ԿԼԻ­ՆԻ­ԿԱՆ

ՀԲՑ-ն սկսվում է գերազանցապես որովայնին՝ հղիության զոլերի շրջանում (ի տարբերություն ՀՀ-ի հարպորտային շրջանը չի ախտահարվում)։ Առաջանում են ուժեղ քորվող բազմաձև ձևաբանական տարրեր (էրիթեմա, եղնջայտուցային, ոչ ֆոլիկուլային հանգույցիկներ, բշտիկներ ևն), որոնք միաձուլվելով առաջացնելում են վահանակներ [29, 48]։ Հիվանդների կեսից ավելիի մոտ գործընթացը տարածվում է մարմնի մյուս հատվածներին՝ դառնալով ավելի բազմաձև (ի հայտ են գալիս 1-2 մմ տրամագծով նոր բշտիկներ, տարածուն, ոչ եղնջայտուցային էրիթեմա ևն)։ Երևույթները ապաճում են միայն 4-6 շաբաթ անց (ծննդաբերությունից անկախ)։
Ինչպես և ՀՀ-ի ժամանակ, հիվանդի դեմքը, ափերը, ներբանները և լորձաթաղանթները չեն ախտահարվում։

ԼԱ­ԲՈ­ՐԱ­ՏՈՐ ԱԽ­ՏՈ­ՐՈ­ՇՈւ­ՄԸ

Ընդհանուր հետազոտություններ

Արյան շիճուկում խորիոնգոնադոտրոպինի և էստրադիոլի քանակները միանգամայն նորմալ են, իսկ կորտիզոլի մակարդակը՝ ցածր։

 Ախտահյուս­վա­ծա­բա­նա­կան հե­տա­զո­տութ­յուն

Ախտահյուսվածաբանական փոփոխությունները յուրահատուկ չեն։ Հիվանդության վաղ շրջանը բնորոշվում է բուն մաշկում (այտուց, գերազանցապես լիմֆոցիտներից, հիստիոցիտներից, էոզինոֆիլներից բաղկացած շուրջանոթային բորբոքային ներսփռանք), իսկ ուշ շրջանը՝ վերնամաշկում (սպոնգիոզ, հիպերկերատոզ, պարակերատոզ ևն) զարգացող փոփոխություններով։

 Հե­տա­զոտ­ման ի­մու­նաձևա­բա­նա­կան մե­թոդ­ներ

Ուղղակի և անուղղակի իմունաֆլյուորեսցենտային հետազոտություններ

Ուղղակի (վնասված մաշկի շրջանում և նրա շուրջը) և անուղղակի (արյան շիճուկում) իմունաֆլյուորեսցենտային հետազոտությունների արդյունքները բացասական են։

 ՏԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿԻՉ ԱԽ­ՏՈ­ՐՈ­ՇՈւ­ՄԸ

Տարբերակիչ ախտորոշումն անհրաժեշտ է անցկացնել հղիության մյուս մաշկախտներից (ՀՀ-ի եղնջայտուցային ձև, ՀՔ, ՀՆԽ), ինչպես նաև ԲԷԷ-ից (դեղորայքային և այլ բնույթի) ևն։

 ԲՈՒԺՈՒՄԸ

ՀԲՑ-ն բարորակ հիվանդություն է։ Բուժման նպատակով կիրառվում են տեղային խոնավացնող պատրաստուկներ և չափավոր ուժեղ տեղային կորտիկոստերոիդներ՝ ուղղակի հակահիստամինային (ֆեքսոֆենադին) և անուղղակի հակահիստամինային (հիդրօքսիզին՝ ամենաառաջին հակահիստամինային պատրաստուկներից մեկը, որը ցուցաբերում է նաև սեդատիվ, անքսիոլիտիկ, M-խոլինոլիտիկ և հակափսխումային ազդեցություն՝ հաճախ կիրառվելով որպես «փափուկ» տրանկվիլիզատոր) պատրաստուկներով կամ առանց վերջիններիս, վարսակալյուրով վաննաներ և սառը թրջոցներ։ Ծանր դեպքերում սակայն հանձնարարելի է դառնում համակարգային կորտիկաբուժությունը (պրեդնիզոլոն՝ 40-60 մգ/օր, մի քանի օր տևողությամբ՝ նվազող դեղաչափերով)։

 ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

Մոր առողջությունը շուտով վերականգնվում է։ Գործընթացը հաջորդ հղիությունների ժամանակ չի կրկնվում։ Պտղի առողջությանը վտանգ չի սպառնում։

 (1) Խաչիկ Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի գիտ. գծով փոխտնօրեն,
ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի նախագահ
հեռ.`+374 (91) 406151,
E-mail[email protected]

(2) Աննա Ա. Հարությունյան
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի անդամ
հեռ.`+374 (94) 804858,
E-mail[email protected]

 

 

 

 

 

Կայանալիք Միջոցառումներ