«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Բժիշկներին

Օղակաձև գրանուլոմա

Խ.Մ. Խաչիկյան1, Է. Ա. Ավագյան2

Բնորոշումը

Օղակաձև գրանուլոման (ՕԳ, granuloma annulare) բարորակ բորբոքային մաշկախտ է, որը բնորոշվում է անախտանշային դերմալ հանգույցիկների (dermal papules)  և կամ օղակաձև վահանակների (annular plaques) առաջացումով։
ՕԳ-ն առաջին անգամ նկարագրել է 1895-ին Տ. Կալկոթ Ֆոքսը, իսկ հիվանդության «ՕԱ» անվանման հեղինակներն են Ռէդկլիֆֆը և Կրոքերը (1905 թ.)։
Հյուսվածաբանորեն դիտվում են կոլագենի դեգեներացիայի օջախներ և ցցապատնեշանման (частоколообразный, palisaded) գրանուլեմային բորբոքման նշաններ։

Համաճարակաբանությունը

ՕԳ-ն համեմատաբար տարածված հիվանդություն է, հանդիպում է բոլոր տարիքային խմբերում՝ բացառությամբ նորածնային շրջանի (տեղային ՕԳ-ն՝ երեխաների և մինչև 30 տարեկան մեծահասակների, գեներալիզացված տեսակը՝ մինչև 10 տարեկան երեխաների և 30-60 տարեկան մեծահասակների, ենթամաշկային ՕԳ-ն՝ 2-10 տարեկան երեխաների, թափածակող ՕԳ-ն՝ երեխաների մոտ)։
Ցեղային, աշխարհագրական կամ ազգային առանձնահատկություններ չկան։
ՕԳ-ն շուրջ կրկնակի անգամ ավելի հաճախ է դիտվում կանանց, քան տղամարդկանց շրջանում (մեծ մասամբ ՕԳ-ն զարգանում է առողջ անձանց շրջանում)։

 Պատճառագիտությունը

ՕԳ-ի պատճառագիտությունը պարզաբանված չէ, առկա տեղակատվությունը աղքատիկ է։
Հայտնի է սակայն, որ ՕԳ-ն ավելի հաճախ դիտվում է 1-ին տիպի (12% դեպքերում), հազվադեպ՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ինչպես նաև այլ էնդոկրինոպաթիաների դեպքում (թիրեոիդիտ և այլն)։
Որոշ ուռուցքային հիվանդություններ նույնպես ուղեկցվում են գրանուլոմանման երևույթներով (լիմֆոմաներ, լեյկեմիա, սոլիտար ուռուցքներ և այլն)։
ՕԳ-ն կարող է զուգակցվել նաև տուբերկուլոզի, ռևմատիզմի, վիրուսային բնույթի հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ «B», հեպատիտ «C», մոնոնուկլեոզ, գոտևորող որքին և այլն), միջատների խայթոցի, վնասվածքի, արևային ճառագայթման, պատվաստումների, սթրեսի, որոշ դեղամիջոցների (ալոպուրինոլ, դիկլոֆենակ, քինիդին, կալցիտոնին, ամլոդիպին, ԱՓՖ ինհիբիտորներ, դակլիզումաբ) ընդունման հետ։
Կարևոր է նաև ժառանգական նախատրամադրվածությունը (HLA-B8, HLA-A29 և HLA-BW35 հակածինների առկայություն)։

ԱԽՏԱԾԱԳՈՒՄԸ

Գերակայող ախտածագումնային վարկածը՝ իմուն ալերգիկ մեխանիզմներն են (բջջային իմուն պատասխան, 4-րդ տիպի ալերգիկ ռեակցիա), որոնք հանգեցնում են իմուն համալիրային վասկուլիտի, ձևավորվում է շուրջանոթային մոնոցիտա-լիմֆոցիտային ներսփռանք (գրանուլոմային բորբոքման նշաններ, շարակցական հյուսվածքի՝ ցիտոկիններով միջնորդավորված վնասում)։
Հնարավոր է նաև, որ շարակցական հյուսվածքն ախտահարվի այլ մեխանիզմներով և ի պատասխան զարգանա նաև գրանուլոմային բորբոքում։

Կլինիկան

Առանձնացնում են ՕԳ-ի հետևյալ կլինիկական տեսակները՝ տեղային, համընդհանուր, ենթամաշկային, թափածակող, կամարաձև դերմալ էրիթեմա և ակտինիկ։

 Տեղային օղակաձև գրանուլոմա

Տեղային օղակաձև գրանուլեման ամենահաճախադեպն է։ Գերազանցապես ոտնաթաթերի թիկնային մակերեսներին, սրունք-թաթային հոդերի շրջանում, սրունքներին և դաստակներին ի հայտ են գալիս 1-2 մմ տրամագծով, անցավ, չքորվող հանգույցիկներ (մարմնագույնից մինչև մանուշակագույն նրբերանգների, երբեմն կարմիր տափակ որքին հիշեցնող)՝ որոնք երբեմն ցուցաբերում են աճի միտում, խմբավորվում են՝ ձևավորելով մինչև 5 սմ տրամագծով կամարաձև (կիսաօղակաձև) կամ օղակաձև վահանակներ, որոնց կենտրոնական մասը ներանկած է, ավելի նվազ գունակավորված։

 Համընդհանուր օղակաձև գրանուլոմա

Համընդհանուր օղակաձև գրանուլոման գերազանցապես հանդիպում է մեծահասակների շրջանում։ Ախտահարվում են իրանը, վիզը, դեմքը, գլխի մազածածկ մասը, վերջույթները, ափերը և ներբանները։
Դիտվում են տարածուն հանգույցիկներ  և կամ օղակաձև վահանակներ դեղնավունից մինչև մանուշակագույն նրբերանգների և տարբեր չափերի։

Ենթամաշկային օղակաձև գրանուլոմա

Ենթամաշկային օղակաձև գրանուլոման հանդիպում է երեխաների շրջանում։ Բնորոշվում է սրունքների առաջային մակերեսներին, հետույքին և այլուր առաջացող ենթամաշկային անցավ հանգույցներով (5 մմ-ից մինչև 4սմ չափերի)։

Թափածակող օղակաձև գրանուլոմա

Թափածակող օղակաձև գրանուլոման (և մյուս տեսակները) հազվադեպ է հանդիպում։ Տեղակայվում է ձեռքերի և ոտնաթաթերի թիկնային մակերեսներին։ Բնորոշվում է ՕԳ-ի օջախների պերֆորացիայով։

Բուժումը

Բուժման նպատակով կիրառվում են տեղային կորտիկոստերոիդային քսուքներ (վիրակապով կամ առանց դրա, ներմաշկային ներարկումներ, 4-6 շաբաթ տևողությամբ), կրիոթերապիա, լազերային դեստրուկցիա։
Գեներալիզացված ՕԳ-ի դեպքում կիրառվում են ՈՒՄՃ (UVB, PUVA), հակամալարիային դեղամիջոցներ, իզոտրետինոին (թույլ արդյունավետություն)։

 Կանխատեսումը

50% դեպքերում ՕԳ-ի լոկալիզացված տեսակը միտում ունի ինքնաբուխ լավացման (2 տարի, երբեմն տասնյակ տարիներ, հազվադեպ կրկնումներ)։
Ենթամաշկային ՕԳ-ի դեպքում կրկնումները հաճախանում են (20-75% դեպքերում), իսկ գեներալիզացված ՕԳ-ի դեպքում ինքնաբուխ լավացում չի դիտվում, հաճախ են կրկնումները, բուժումը բեկանելի է։
Կրկնվելիս 40% դեպքերում գործընթացը զարգանում է սովորաբար նույն տեղում։

(1) Խաչիկ. Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի գիտ. գծով փոխտնօրեն,
ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի նախագահ
հեռ.`+374 (91) 406151, 
E-mail: [email protected]

(2) Էդուարդ Ա. Ավագյան
Երևանի թիվ 20 պոլիկլինիկայի և
«
Բլադ Սելս» ԲԱԿ-ի մաշկավեներաբան,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի հիմնադիր անդամ
հեռ.՝ +374 (94) 967598
E-mail[email protected]

 

Կայանալիք Միջոցառումներ