«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Օգտակար տեղեկատվություն

Վիտիլիգո, ոչ բժշկական մոտեցումներ, գեղարարական մեթոդներ

  • 2018-04-09

ԴԻՄԱԿԱՎՈՐՈՂ ԵՎ ՔՈՂԱՐԿՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

(«MAKE-UP» ՄԻՋՈՑՆԵՐ)

Խաչիկ Խաչիկյան (1)

Ժամանակակից դերմատոկոսմետոլոգիայում «make-up» միջոցները բաժանվում են 3 խմբի·

  • ավանդական դեկորատիվ կոսմետիկ միջոցներ,
  • թատերական դեկորատիվ կոսմետիկ միջոցներ (թատերական գրիմ),
  • մաշկաբանական դեկորատիվ կոսմետիկ միջոցներ։

 

Դեկորատիվ կոսմետիկ միջոցներ

(քողարկման դեկորատիվ միջոցներ)

Ավանդական (առօրյա) դեկորատիվ կոսմետիկ միջոցների (ԱԴԿՄ) նպատակն է քողարկել (մաքիյաժ, կամուֆլյաժ), մոդելավորել, դիմակավորել մաշկի կամ մազերի դեֆեկտը (օրինակ, գերգունակային կամ թերգունակային բծերը, ճարպային փայլը, ձևաբանական տարբեր եզակի տարրեր, երբ դեռ հիվանդություն (նոզոլոգիա) չի ձևավորվել։
Դեկորատիվ կոսմետիկ միջոցներով կարելի է նաև ընդգծել դեմքի այս կամ այն հատվածը՝ դրանով իսկ այն դարձնելով ակնառու և շեղելով դեմքի մաշկի ախտահարված մասից ուշադրությունը։
Դեկորատիվ կոսմետիկ միջոցները պարունակում են մինչև 20%-ոց տիտանի դիօքսիդ (հանքային էկրանավորում)։
Դեկորատիվ մոդելավորման նպատակով տարբեր ձեռնարկություններ-լաբորատորիաներ (Bioderma, МЕРК, Uriage, Aerotient, Vichy, Lierac, Couvrance, Avene և այլ) արտադրում են թափահարվող կախուկներ, մածուկներ, էմուլսիաներ, մուսեր, կրեմներ, քսուքներ և այլն, որոնք ամենատարբեր գունային նրբերանգներ են հաղորդում մաշկին (շագանակագույն, կանաչ, սպիտակ և այլն)։

Թատերական կոսմետիկ միջոցներ (քողարկման թատերական միջոցներ)

Թատերական կոսմետիկ միջոցներով (թատերական գրիմ) քողարկում, մոդելավորում, դիմակավորում, գունակավորում են մաշկի այս կամ այն հատվածը ներկայացումներից, նկարահանումներից, ելույթներից առաջ։
Ի տարբերություն ԱԴԿՄ-ի (առօրյա գրիմ), թատերական գրիմն ավելի խիտ է, անթափանց, պարունակում է մեծ քանակությամբ հանքային անլուծելի նյութերի մեջ նստեցված օրգանական ներկող միջոցներ (վարդ, գունամատիտ՝ пастель, մուր՝ сажа), հանքային յուղեր, բուրավետ նյութեր և այլն։

Մաշկաբանական քողարկման միջոցներ (քողարկման մաշկաբանական միջոցներ)

Ի տարբերություն ԱԴԿՄ-ի, մաշկաբանական քողարկման միջոցների (ՄՔՄ) կիրառումը նպատակ ունի քողարկելու ոչ թե մաշկի կամ մազերի դեֆեկտը (ճարպային փայլ և այլն), այլ մաշկային հիվանդությունների այս կամ այն դրսևորումները (վիտիլիգո, ակնե, մելազմա և այլն)։
Ի տարբերություն ԱԴԿՄ-ի, սրանք որպես օրենք ջրակայուն են, անթափանց, անվտանգ, հիպոալերգեն, ոչ կոմեդոգեն, մաշկի ջրալիպիդային մանթիայի pH-ին համապատասխան pH-ով, շատ ընդարձակ գունային գամմայով և առանձնանում են մեծ արդյունավետությամբ (երկար ժամանակ կարող են ֆիքսված մնալ մաշկին)։
Նրանց կազմի մոտ 40%-ը գունակն է (տիտանի դիօքսիդ, երկաթի օքսիդը և այլն) և այլ բաղադրիչներ (տալկ, մագնիումի կարբոնատ), որոնք նրանց դարձնում են ավելի թանձր (խիտ, հոծ, խիտ, ստվար, ամուր՝ плотный), քան ԱԴԿՄ-ն։
Ներկայումս կիրառում են Vichy (Դերմաբլենդ), Avene (Couvrance) և այլ ձեռնարկությունների շտկող միջոցները (տոնալ ծածկեր և այլն)։
ՄՔՄ-ները պարունակում են հեղուկ պարաֆին (ապահովում է մաշկի վրա նորմալ տարածումը), բնական մոմեր (մաշկի հետ ամուր կապի ստեղծում, մաքիյաժի պահպանման երկարատևություն), հանքային էկրաններ (ապահովում են արևապաշտպանությունը, SPF` 30 և ավելի), ֆիքսող ցանափոշի (առանձին՝ կամուֆլյաժն ավարտելու համար կամ միասին՝ նրանց մանրդիսպերսային տեքստուրան հնարավորություն է ընձեռում ավելի ամուր կապվել յուղերի և մոերի հետ՝ դրանով իսկ ապահովելով երկարատև՝ մինչև 16 ժամի հասնող ֆիքսացիան)։

 ՄԱՇԿԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՆԵՐԿՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Մաշկի արհեստական ներկման նպատակով կիրառում են քիմիական միացություններ, ինչպես նաև պերմանենտ մաքիյաժ։

 Քիմիական միացությունների կիրառումը

Քիմիական միացություններից են ինքնարևարյուկի միջոցները (средства автозагара, self-tanning products), որոնք պարունակում են կետոշաքարներ, օրինակ, 2,5-10%-ոց դիհիդրօքսիացետոն, որը ժամանակավորապես գունակավորում է վերնամաշկը (կապվում է եղջերային շերտի ամինաթթուների հետ և օծելուց հետո 2-3 ժամ անց ներկում է մաշկը դեղնաշագանակագույն նրբերանգներով, որը պահպանվոմ է մոտ 6 օր)։
Դեմքի համար կիրառվող պատրաստուկներում դիհիդրօքսիացետոնի խտությունն ավելի մեծ է, քան մարմնի համար կիրառվող պատրաստուկներում, քանի որ դեմքի վերնամաշկի դեսկվամացիան ավելի արագորեն է տեղի ունենում։
Դիհիդրօքսիացետոնն անվտանգ է, չի ազդում մելանոգենեզի վրա, չի խթանում բջիջների պրոլիֆերացիան և այլն։
Այդուամենայնիվ ինքնարևայրուկը հաճախ չի կիրառվում, որովհետև մաշկի գույնը արհեստական է երևում (դեղնավուն-նարնջագույն), գունակավորումը՝ անհամաչափ։
Նման գունակավորող ազդեցություն ունի նաև հինան, որը կիրառվում է ժամանակավոր տատուաժի համար։
Ներկայումս կիրառվում են նաև հաբեր (Ֆերրոսան, Դանիա, Ժալդե և այլն, Ֆրանսիա), որոնք պարունակում են այնպիսի լիպոքրոմ, ինչպիսին կարոտինն է (երկարատև կիրառելու դեպքում՝ կարոտինոդերմիա)։

Պերմանենտ մաքիյաժ

Պերմանենտ մաքիյաժի (միկրոգունակավորում, դերմոգունակավորում) դեպքում գունակը մաշկ է անցկացվում հատուկ ասեղների միջոցով։ Արդյունքն անհամեմատ ավելի առարկայական է։ Կիրառվում են 6 մկմ-ից ավելի չափեր ունեցող գունակային գրանուլներ, որոնք նվազեցնում է ներարկման վայրից նյութի միգրացիայի հնարավորությունը։
Պերմանենտ մաքիյաժի համար կիրառվում են տիտանի դիօքսիդը (սպիտակ), երկաթի օքսիդը և ածխածինը (սև), երկաթի օքսիդը (շագանակագույն), կոբալտային ալյումինատը (երկնագույն), կադմիումի սուլֆատը (դեղին), սնդիկի սուլֆատը, կադմիումի սելենիդը և ալիզարինը (կարմիր), մանգանի օքսիդը (մանուշակագույն), քրոմի օքսիդը (կանաչ)։

***

Ոչ բժշկական, կոսմետիկ մեթոդները հաճախ կիրառում են երեխաների մոտ, քանի որ միանգամայն անվտանգ են և հնարավորություն են տալիս խուսափելու բժշկական մեթոդների կողմնակի ազդեցություններից։
Սակայն վերջիններիս թերությունը նրանց կիրառելու չընդմիջվող անհրաժեշտության, աշխատատարության և նշանակալի փորձի անհրաժեշտության մեջ է։

 

(1) Խաչիկ. Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի գիտ. գծով փոխտնօրեն,
ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի նախագահ

Կայանալիք Միջոցառումներ