«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Օգտակար տեղեկատվություն

Վիտիլիգո, խորհուրդներ հիվանդներին

  • 2018-04-09

ՎԻՏԻԼԻԳՈ

Խաչիկ Խաչիկյան (1)

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

 Պաշտպանեք Ձեր մաշկն արևի ճառագայթներից

(ադեքվատ ֆոտոպրոտեկցիա)

Վիտիլիգոյով ցանկացած հիվանդ կարող է օգուտ քաղել արևից պաշտպանվելով։
Բանն այն է, որ՝

  • նրանց մաշկը հեշտությամբ է գունազրկվում արևայրուկի դեպքում,
  • ճիշտ կամ առավել ևս ոչ ճիշտ արևայրուկն էլ ավելի է վատացնում վիտիլիգոն,
  • արևայրուկից խուսափելու դեպքում վիտիլիգոյի օջախները դառնում են նվազ նկատելի (մանավանդ սպիտակամաշկ անձանց մոտ),
  • եթե Ձեր «բուժման» մեթոդն առողջ մաշկի ապագունակավորումն է (մոնոբենզոն), ապա Ձեր մաշկի արհեստականորեն գունազրկված հատվածները արևի ճառագայթների ազդեցությամբ կրկին կգունակավորեն և Դուք այն կրկին գունազրկելու անհրաժեշտություն կունենաք։

ԱՐԵՎԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ ՄԱՇԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄԸ
Կիրառեք լուսապաշտպան միջոցներ

Լուսապաշտպան միջոցների (արևապաշտպան կոմետիկա, կրեմներ) կիրառումը վիտիլիգոյով հիվանդների բուժման պարտադիր պայմաններից մեկն է։
Խնամքով օծեք մաշկի` հագուստով չծածկված հատվածները (անկախ այն բանից, այդ հատվածում վիտիլիգոյի օջախներ կան, թե ոչ) արևապաշտպան կրեմներով, որոնք պիտի ապահովեն թե´ UVA և թե´ UVB-պաշտպանություն (կրեմի սրվակի վրա նշվում է նաև` «լայն սպեկտր»), որոնց արևապաշտպան գործոնը (sun protection factor) արևային ամիսներին պետք է լինի 30 և ավելի բարձր (SPF > 30, մինչև 50-100) և վերջապես, նրանք պիտի լինեն ջրակայուն։
Արևապաշտպան կոմետիկան կկանխի այրվածքների առաջացումը վիտիլիգոյի օջախներում (հեշտությամբ են զարգանում) և կմեղմացնի արևայրուկի առաջացումը առողջ մաշկին։

Օծեք մաշկն արևապաշտպան կրեմով ամեն օր

Արևապաշտպան կրեմները պետք է կիրառել ամեն օր, տնից դուրս գալուց առնվազն 15 րոպե առաջ։

Վերաօծեք մաշկն արևապաշտպան կրեմով

Եթե Դուք դրսում եք, ապա յուրաքանչյուր 2 ժամը մեկ և կամ լողանալուց կամ քրտնելուց անմիջապես հետո կրկին վերաօծեք մաշկը։

Կրեք արևապաշտպան հագուստ

Հագուստով ծածկված մաշկին արևապաշտպան կրեմներ իմաստ չունի քսելը։ Իհարկե, տարբեր հագուստների SPF-ը տարբեր է։ Օրինակ, երկարաթև ջինսե վերնաշապիկի SPF-ը հասնում է մինչև 2000-ի է, այն դեպքում, երբ կարճաթև սպորտային սպիտակ վերնաշապիկի SPF-ը 7 է, իսկ կարճաթև սպորտային կանաչ վերնաշապիկինը` 10։
Դուք կարող եք մեծացնել հագուստի SPF-ը` լվացքի ժամանակ լվացքի հեղուկին համապատասխան նյութ ավելացնելով։ Ընդ որում, SPF-ը բավարար չափով ավելանում է միայն առաջին 20 լվացքի ժամանակ։

Մնացեք ստվերում

Սա շատ կարևոր է այն դեպքում հատկապես, երբ Ձեր մարմնի ստվերն ավելի կարճ է, քան Դուք, այլ կերպ ասած, օրվա այն ժամերին, երբ արևի վնասակար ճառագայթները ամենաուժեղն են, մանավանդ, երբ Դուք արևայրուկի հակում ունեք։

Մի կիրառեք լույսի արհեստական աղբյուրներ

Լույսի արհեստական աղբյուրներն արևի անվտանգ այլընտրանք չեն։ Նրանք նույնպես կարող են այրել մաշկի գունազրկված գոտիները։ Եթե Դուք ուզում եք գունակավորել մաշկը, ապա կոսմետիկ դեկորատիվ կամ մաշկաբանական միջոցներ կիրառեք (նրանք մգացնում են մաշկը, առանց բուժական միջամտության)։
Նախևառաջ, ընտրեք ջրանթափանց նյութեր։
Ինքնագունակավորող նյութերը (տոներներ) և ներկերն ավելի երկար են ազդում, քան make-up-ը։
Ներկերն ավելի լավ են ազդում սպիտակ բծերի վրա։
Եթե տոներ եք ընտրում, ապա ուշադրություն դարձրեք, որ նրանք պարունակեն դիհիդրօքսիացետոն (քանի որ մգացնում է մաշկը, լայնորեն կիրառվում է որպես արևայրուկի միջոցների բաղադրիչ՝ կոսմետիկ նպատակների համար այն ստանում են բուսական աղբյուրներից` շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից)։
Շատերը բնական տեսք են ձեռք բերում` թաքցնելով գունակագոյացման գեղարարական ախտաբանությունը կրեմներով և ինքնա-տոներներով (self-tunner)։

Մի գայթակղվեք տատուի ծառայություններով

Միկրոպիգմենտացիայի (տատուաժ) համաձայնվելով (հատկապես շուրջպտուկային վիտիլիգոյի և շրթունքի կարմիր երիզի շրջանում են առաջարկում), Դուք վտանգում եք Ձեզ ենթարկվելու կեբներիզացիայի (Կեբների ֆենոմեն)։ Դա նշանակում է, որ 10-14 օր անց վնասված մաշկի տեղում (տատուաժի դեպքում Դուք վնասոււմ եք մաշկը) կարող են ի հայտ գալ վիտիլիգոյի նոր օջախներ։

Կարդացեք վիտիլիգոյի մասին

Վիտիլիգոյի մասին գիտելիքները բարելավում են վիտիլիգոյով հիվանդի կյանքի որակը (ապացուցված է, որ այն նշանակալիորեն անկում է ապրում)։ Հիվանդը տեղեկանում է հիվանդության ընթացքի, բուժման մեթոդաբանության, վերջապես այն մասին, որ դա անհնար չէ։ Ուսուցումը հնարավորություն է ընձեռում որոշել, թե ինչն է Ձեզ համար առավել կարևոր` բուժվե՞լ (դիմել մաշկավեներաբանի, հստակեցնել ախտորոշումը, հիվանդության տեսակը և այլն), քողարկե՞լ օջախները, թե՞ թողնել այնպես, ինչպես որ նրանք կան։ Միայն հիվանդը կարող է որոշել, թե ո՞ր մոտեցումն է իր համար ամենանախընտրելին։

 Շփվեք վիտիլիգոյով հիվանդ այլ անձանց հետ

Վիտիլիգոյով հիվանդների հոգեզգայական ասպեկտները հաճախ պատշաճ ուշադրության չեն արժանանում։ Վիտիլիգոյով հիվանդ երեխային մեկ այլ երեխա կարող է ծաղրել, վիրավորել, մարդիկ կարող են ակնդետ ու ակնապիշ հայացք նետել նրանց վրա։
Այլ հիվանդների հետ կապվելով` Դուք կօգնեք մեկդ մյուսին։ Արտասահմանում կան այդպիսի հարյուրավոր կազմակերպություններ։

Ինքնաբուժվու՞մ է արդյոք վիտիլիգոն

Մոտ 30% դեպքերում վիտիլիգինային օջախները, արդարև, միայն մասամբ և ժամանակավորապես ապաճում են։

Ամենավերջում

Վիտիլիգոն դատավճիռ չէ, վիտիլիգոն գործունեության հրահանգ է։ Երբեք մի մտածեք, որ ինքնուրույն, առանց բժշկի պրոֆեսիոնալ խորհրդի Դուք կարող եք տարանջատել ցորենի հատիկները որոմից։

 

 

(1) Խաչիկ. Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի գիտ. գծով փոխտնօրեն,
ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի նախագահ

 

Կայանալիք Միջոցառումներ