«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Օգտակար տեղեկատվություն

Պսորիազային հիվանդություն, ընդհանուր տեղեկատվություն, խորհուրդներ հիվանդներին

  • 2020-03-18

ՊՍՈՐԻԱԶԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Բ.գ.դ., պրոֆ. Խաչիկ Խաչիկյան(1)

ԲՆՈՐՈՇՈՒՄԸ

Պսորիազային հիվանդությունը (ՊՀ) բազմապատճառագիտական, բազմաախտածագումնային, իմունաիրազեկ բջիջներով (T-լիմֆոցիտներ, դենդրիտային բջիջներ և այլն) և ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով (ցիտոկիններ, քեմոկիններ և այլն) միջնորդավորված, մաշկի խրոնիկական ինքնաիմուն բորբոքային հիվանդություն է, որը բնորոշվում է կերատինոցիտների պրոլիֆերատիվ և տարբերակման գործընթացների խախտումով, վերնամաշկում CD4+- և CD8+-T-լիմֆոցիտների, նեյտրոֆիլների ու մոնոցիտների, իսկ բուն մաշկում` CD11c+ դենդրիտային բջիջների ներսփռումով, դերմալ նեոանգիոգենեզով։
ՊՀ-ի ախտածագման մեջ խիստ նշանակալի է ծագումնաբանական նախատրամադրվածության դերը (ծագումնաբանական բաղադրիչը` 60-70%, միջավայրային բաղադրիչը` 30-40%), որի մոլեկուլային հենքը մի շարք սոմատիկ քրոմոսոմների վրա նույնականացված, այսպես կոչված, պսորիազային նախատրամադրվածության հատվածներն են` PSORS-1-ից մինչև PSORS-12 (psoriasis susceptibility, անգլ.` պսորիազի նկատմամբ ընկալունակություն), որտեղ տեղակայված են պսորիազի հետ զուգադրվող տարբեր «թեկնածու-գեներ» (ընդհանուր առմամբ, ներկայումս հայտնի են մոտ 25 այսօրինակ մոլեկուլային կառույցներ), որոնց ուղղորդմամբ` ծագումնաբանական, իմունաբանական և միջավայրային գործոնների միջև բարդագույն փոխազդեցությունների արդյունքում գործարկվում են պսորիազի ախտածագման մեխանիզմները։

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
Հիշե´ք շարունակական ուսումնառության
անհրաժեշտության մասին

Դուք ապրելու եք այլևս պսորիազի հետ ձեռք-ձեռքի տված։ Սա ոչ թե դատապարտվածության, այլ գործունեության կոչ է։ Ուստի պսորիազի մասին շարունակաբար նոր գիտելիքներ ձեռք բերեք, ծանոթացեք մաշկաբանության նվաճումներին։ Գիտելիքը ուժ է։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Այն Ձեզ կօգնի ճիշտ կենսաձև վարել, տեղեկացված որոշումներ կայացնել Ձեր մաշկաբանի առաջարկած բուժական մոտեցումների վերաբերյալ, ժամանակին խուսափել և կանխել հիվանդության սրացումները։
Խորհրդակցե´ք ոչ միայն Ձեր մաշկաբանի, այլև պսորիազով հիվանդ անձանց հետ։

 ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ ՎԱՐԵՔ, ՀՈԳ ՏԱՐԵ´Ք ՁԵՐ ՄԱՍԻՆ

Առողջ ապրելակերպ վարեք, հոգացե´ք Ձեր մասին։
Ձերբազատվեք ավելորդ քաշից։ Դա ոչ միայն կբարելավի Ձեր վիճակը, այլև նկատելիորեն կբարձրացնի մաշկաբանի կողմից կիրառվող բուժման մեթոդի արդյունավետությունը։
Ֆիզիկական վարժություններ կատարեք։ Բանն այն է, որ հիպոդինամիան նպաստում է պսորիազի սրացմանը։ Վարժությունները կհանգեցնեն բուժման արդյունավետության աճի։
Կիրառեք առողջ սննդակարգ։ Խուսափե´ք հագեցած ճարպաթթուներից, փոխարենը սննդի մեջ ավելացրեք օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սննդամթերք, սննդի կանոնակարգումը նույնպես կհանգեցնի բուժման արդյունավետության աճի։
Սահմանափակեք ալկոհոլի կիրառումը։ Ալկոհոլը նպաստում է պսորիազի սրացմանը։ Խմիչքի սահմանափակումը կհանգեցնի բուժման արդյունավետության աճի։
Դադարեցրեք ծխելը։ Նիկոտինը նպաստում է պսորիազի սրացմանը։ Ծխելու դադարեցումը անհամեմատ կբարելավի Ձեր կլինիկական վիճակը։

ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՀԵՏԱԶՈՏՎԵ´Ք

Հաշվի առեք, որ պսորիազով հիվանդների շրջանում մեծանում է սրտային հիվանդություններով և շաքարային դիաբետով հիվանդանալու ռիսկը, երբեմն հայտնաբերվում են վարակի խրոնիկական օջախներ և այլն։
Պարբերաբար հետազոտվեք այս և այլ հնարավոր զուգակցումների կապակցությամբ։ Մի´ խուսափեք տարբեր մասնագետների խորհրդատվությունից։

ԱՇԽԱՏԵ´Ք ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՁԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Երբ դուք ընկճված եք` դիմեք մաշկաբանի, հոգեբանի և կամ հոգեբույժի։ Տրամադրության անկումը, դեպրեսիան և այլ, այսպես կոչված, նոզոգենիաներ շատ հաճախադեպ են պսորիազով հիվանդների շրջանում։ Այո, կան հիվանդություններ, որոնց դեպքում բժշկի դիմելու անհրաժեշտությունը շարունակվում է ցկյանս։ Դա բավարար հիմնավորում չէ ակադեմիական բժշկության ներկայացուցիչներից հիասթափվելու համար։ Առավելագույն մասնագիտական օգնություն ի վերջո դուք ստանալու եք հենց իրենցից։
Խուսափեք սթրեսներից, վերահսկեք Ձեր հոգեհուզական վիճակը, պահպանեք քնի և հանգստի հիգիենան։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵ´Ք ՁԵՐ ՀՈԴԵՐԻՆ

Երբ Ձեր հոդերը ցավում են, երբ կա դժվարաշարժություն, հատկապես արթնանալուց հետո` դիմեք մաշկաբանի (պսորիազով հիվանդների 10-30%-ի շրջանում դիտվում է պսորիազային արթրիտ)։
Պսորիազային արթրիտը (ՊԱ) հանդիպում է բնակչության մինչև 3%-ի շրջանում՝ ցանկացած տարիքում, յուրաքանչյուր սեռի մոտ և զարգանում է աստիճանաբար (հազվադեպ է հախուռն ձևով հարաճում)։ ՊԱ-ն ավելի  հաճախադեպ  (85% դեպքերում) ու ծանրընթաց է, երբ ուղեկցում է պսորիազի I տեսակին (գործընթացը սկսվում է վաղ տարիքում)։ ՊԱ-ն պսորիազի II տեսակին (գործընթացը սկսվում է 40-ից ավելի բարձր տարիքում) ուղեկցում է հազվադեպ (ընդամենը 15% դեպերում)։
Շուրջ 80% դեպքերում պսորիազը զարգանում է ավելի վաղ, քան ՊԱ-ն  (միջին հաշվով, մոտ 10 տարի պսորիազից հետո), մինչև 20% դեպքերում՝ համաժամանակ և միայն 20% դեպքերում է ՊԱ-ն նախորդում պսորիազին։
Հենաշարժիչ համակարգը ախտահարվում է պսորիազով հիվանդների գրեթե կեսի շրջանում (մինչև 42% դեպքերում), ընդ որում, հիվանդների շուրջ 27,2%-ի մոտ կլինիկորեն չմանիֆեստացվելով (հասկանալի է, հիվանդը չի դիմում բժշկի ու ախտորոշումը ուշանում է)։
Հիշե´ք։ Ախտահարման հիմնական թիրախներն են` ծայրամասային հոդերը, էնտեզիսները, ձեռքերի և ոտնաթաթերի մատների ջլերի սինովիալ թաղանթները, աքսիալ կառույցները, գոտկասրբանային շրջանը։
Մի խուսափեք հետազոտումից և  բուժումից։ Այն խիստ անհրաժեշտ է երևույթների մեղմացման, սրացումների կասեցման, ինչպես նաև, որ պակաս կարևոր չէ` հոդերի ձևախեղումների և հաշմանդամության կանխման նպատակով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵ´Ք ՁԵՐ ԵՂՈՒՆԳՆԵՐԻՆ

Էնտեզիալ համակարգի ամենակարևոր բաղադրիչի՝  եղունգների ախտահարումը շատ հաճախ է ուղեկցում պսորիազին։ Եղունգների մատրիցայի ախտահարումը դրսևորվում է պիտտինգով (եղնգաթերթիկի կետային ներանկում, մատնոցի ֆենոմեն) և օնիխոլիզով, իսկ եղնգահունի ախտահարումը՝ ճարպային բծերի առաջացումով (եղնգաթերթիկի կենտրոնում առաջանում է դեղնավուն ճարպային բիծ, որից հետո իրադարձությունները ծավալվում են ատրոֆիկ, հիպերտրոֆիկ և կամ կետային օնիխոդիստրոֆիաների սցենարներով։
Երբ Ձեր եղունգներն անջատվում են եղնգահունից, կամ նրանց վրա ի հայտ են գալիս ակոսներ, կետեր, դեղնանարնջագույն բծեր և այլն, դիմեք մաշկաբանի (այս ամենը նաև հոդախտային պսորիազի նշաններ են)։

ՄԻ ԽՈՒՍԱՓԵՔ ԲՈՒԺՈՒՄԻՑ, ԴԻՄԵ´Ք ՁԵՐ ՄԱՇԿԱԲԱՆԻՆ

Շատ հիվանդներ խուսափում են բուժումից։ Դա սխալ մոտեցում է, քանի որ իմանալով բուժման մեթոդներն ու մոտեցումները, Դուք կարող եք տեղեկացված որոշում կայացնել և ամենակարևորը այս խնդրում` զգալ, որ Ձեր հիվանդության զարգացման գործընթացը վերահսկելի է։ Դեռևս անբուժելի համարվող հիվանդություններով հիվանդների հոգեբանական ներքին հավասարակշիռ վիճակը պայմանավորված է հենց այդ զգացողությամբ։ Ու բժշկի համար գերխնդիրը գործընթացը վերահսկելի դարձնելն է։

 ԲՈՒԺՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԴԻՄԵ´Ք ՁԵՐ ՄԱՇԿԱԲԱՆԻՆ

Պսորիազի բուժման անսպասելի դադարեցումը կարող է հանգեցնել լրջագույն հետևանքների։ Պսորիազի համեմատաբար ավելի մեղմ ձևը կարող է փոխարկվել ավելի ծանր ձևի։ Շատ հաճախ կիրառվող ցիտոստատիկ պատրաստուկների ընդունումը դադարեցնելիս հասարակ պսորիազը կարող է ձևափոխվել կաթիլայինի կամ էրիթրոդերմիայի` միանգամայն անկանխատեսելի հետևանքներով։

 ԽՈՒՍԱՓԵ´Ք ԱՐԵՎԻ ՀԱՎԵԼՈՒՐԴԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ

Խուսափեք արևի հավելուրդային ճառագայթներից։ Չնայած որոշ դեպքերում (օրինակ, պսորիազի ձմեռային ձևերի ժամանակ) արևի ճառագայթների ազդեցությամբ գործընթացն ապաճում է, սակայն մի շարք դեպքերում էլ (օրինակ, պսորիազի ամառային ձևերի ժամանակ) հանգեցնում է պսորիազի սրացման ու ընթացքի ծանրացման։
Հ.Գ. Պսորիազով հիվանդների բուժումը պետք է իրականացնի միայն մաշկավեներաբանը` անհրաժեշտության դեպքում երբեմն ներգրավելով այլ մասնագետների (ռևմատոլոգ, ֆիզիոթերապևտ, դիետոլոգ, հոգեբան, հոգեբույժ և այլն)։

(1) Խաչիկ Մարտինի Խաչիկյան
բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի
գիտական գծով փոխտնօրեն,
Երևանի պետական բժշկական համալսարանի
մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ

Հասցե` Երևան, Ֆուչիկի-32, ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ

Հեռ.` +374(91)40-61-51, E-mail: [email protected]

 

 

 

Կայանալիք Միջոցառումներ