Խաչիկ Մ. Խաչիկյան (1), Շուշանիկ Վ. Կարապետյան (2)
Մելանոմա
Ի՞ՆՉ Է ՄԵԼԱՆՈՄԱՆ
Մելանոման մելանոցիտային ծագման չարորակ նորագոյացություն է (մաշկի չարորակ նորագոյացություններից ամենավտանգավորը, որպես ինքնուրույն հիվանդություն առաջին անգամ նկարագրել է Ռենե Լաէննեկը 1806-ին), որը բնորոշվում է գունակագոյացնող բջիջների անվերահսկելի աճով։
Մելանոման մաշկի վրա ի հայտ է գալիս անսպասելիորեն կամ զարգանում է արդեն իսկ առկա գոյացությունների տեղում (չարորակ կազմափոխություն)։
ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մաշկի չարորակ նորագոյացություններով (ՄՉՆ), ինչպես և մելանոմաներով հիվանդացությունը վերջին տասնամյակներում մշտապես աճում է (ուռուցքային ախտաբանության կառուցվածքում ՄՉՆ-ները առաջին տեղն են զբաղեցնում, ՌԴ-ում` մոտ 15%; յուրաքանչյուր տարի աշխարհում արձանագրվում է ՄՉՆ-ների մոտ 3 միլիոն առաջնակի դեպք, որոնցից 132.000-ը՝ մաշկի մելանոմա; ԱՄՆ-ում 1982-ի հետ համեմատ 2011-ին մելանոմաներով հիվանդացությունն աճել է մոտ 2 անգամ)։
Մելանոմաների քանակական աճի տեմպը
Մելանոմաները քանակապես աճում են բավական մեծ տեմպով (քանակական աճի տարեկան տեմպը 2,6-11,7% է` թոքի քաղցկեղից հետո ամենաբարձրը բոլոր չարորակ նորագոյացությունների մեջ)։
Մելանոմաների տեսակարար կշռի աճ
Մելանոմայով հիվանդացության տեսակարար կշիռը ՄՉՆ-ների շարքում նույնպես աճում է։ Հանդիպման հաճախականությամբ մելանոման աշխարհում զբաղեցնում է 3-րդ (ՄՉՆ-ների մոտ 4%-ը), իսկ ըստ մահացության ցուցանիշի՝ 1-ին տեղը (ՄՉՆ-ներից ընդհանուր մահացության 80%-ը)։
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Մելանոմայի զարգացման ռիսկի գործոններ
ԻՆՔՆԱԶՆՆՈՒՄ (ՄԵԼԱՆՈՄԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ)
Մելանոման տեղակայվում է հաճախ գլխի, վզի և պարանոցի շրջանում, մեջքի վերին կեսին, իրանին, ստորին վերջույթներին և այլն (կարող է տեղակայվել ամենուր)։ Խորհուրդ է տրվում պարբերաբար (յուրաքանչյուր ամիսը 1 անգամ) ինքնուրույն հետազոտել մաշկի գունակային գոյացությունները և նոր գունակային գոյացություն հայտնաբերելու կամ հին գոյացությունների փոփոխման դեպքում` անպայման դիմել մաշկաբան-ուռուցքաբանի։
Մաշկի գունակային գոյացությունների շարժընթացին կարելի է հետևել Շտոլցի (ABCD-ալգորիթմ) կամ Կիտլերի (ABCDE-ալգորիթմ) մնեմոնիկ բանաձևերի օգնությամբ`
A — ASYMMETRY (ասիմետրիա, նորմայում նևուսի 2 կեսերը համանման են, եթե գտնում եք, որ նևուսն ասիմետրիկ է` դիմեք բժշկի),
B — BORDER IRREGULARITY (սահմանների անկանոնություն, նորմալ նևուսների սահմանները հստակ են, հավասարաչափ, եթե գտնում եք, որ նրանք անհավասարաչափ են, կտրատված, ատամնավոր կամ ջնջված` անմիջապես դիմեք բժշկի),
C — COLOR DISORDERLY (գույնի անհամաչափություն, նորմալ նևուսները հաճախ միագույն են, միանրբերանգ, եթե տեսնում եք, որ նևուսը բազմագույն է` բաց և մուգ շագանակայուն, սև և այլ նրբերանգների` անհապաղ դիմեք բժշկի),
D — DIAMETER TRANSFORMATION (սովորաբար նևուսի տրամագիծը 6 մմ-ից ավելի է, եթե գտնում եք, որ այն ավելի փոքր է` առանց երկմտելու, շտապ դիմեք բժշկի),
E — EVOLUTION (էվոլյուցիա, հաշվի են առնվում տարրերի չափի, ձևի, գույնի միասնական փոփոխությունները ժամանակի միավորի ընթացքում, եթե գտնում եք, որ նրանք փոփոխվել են, դարձել են ցավոտ, խոցոտվել և կամ արյունահոսում են` անհապաղ դիմեք բժշկի)։
ՄԱՇԿԱԲԱՆԻ ԱՅՑԵԼԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
Հիշե´ք, այսպես թե այնպես, մելանոմա ունենալու միտքը Ձեզ լրջագույն սթրեսի է ենթարկում և այդ վիճակում մաշկաբանին այցելելը արդյունավետ չէ (Դուք նրան կլսեք, բայց ոչինչ չեք հասկանա)։
Հանգստացեք, վերցրեք Ձեզ հետ թուղթ և գրիչ կամ որևէ էլեկտրոնային սարք ու գնացեք հանդիպման (մաշկաբանի հետ շփվեք էպիստոլյար ժանրի լավագույն ավանդույթներով)։ Գնացեք որևէ ազգականի կամ մտերիմ ընկերոջ հետ (Ձեր անհանգստությունը Ձեզ կխանգարի լիակատար պատկերացում կազմել մաշկաբանի շարադրած վարկածի վերաբերյալ, իսկ մտերիմ ընկերոջ միտքն ավելի զգոն է ու նրա մոտ ծագած հարցերը, որոնք նա կուղղի բժշկին` խիստ ադեքվատ)։
Ուշադիր լսեք և գրի առեք նրա մտքերը։ Շատ մտքեր և հորդորներ Դուք կարող եք մոռանալ և հետո միայն հիշել տանը։ Ու հարցերը նույնպես կարող են ծագել ոչ այդ պահին։ Գրեք և հարցրեք անմիջապես, ամենայն մանրամասնությամբ։ Ձեր հանդիպման ավարտին որևէ անհասկանալի բան չի մնալու, պետք է պարզաբանել յուրաքանչյուր մանրուք (կարող է Ձեզ համար անհասկանալի լինել բժշկական եզրույթները, ախտորոշումը, հիվանդության զարգացման ստադիան, բուժումը և այլն)։
Այս ամենը Ձեզ կօգնի տեղեկացված որոշում կայացնել Ձեր մաշկի չարորակ նորագոյացության ախտորոշման և բուժման մեթոդի ընտրության վերաբերյալ։
Մաշկաբանի այցելության ավարտին ամփոփեք Ձեզ համար այն ամենը, ինչը որ գտնում եք կարևոր։ Ժամանակ խնդրեք մաշկաբանից` որոշում կայացնելու համար (Դուք Ձեզ ավելի հարմարավետ կզգաք այն դեպքում, երբ բուժվելու որոշումը Դուք եք կայացնում), խնդրեք նոր հանդիպում նշանակել բժշկին և արդեն Ձեր որոշմամբ և հոգեբանորեն պատրաստ ներկայացեք բուժման (տեղեկացված ու մտածված որոշում)։
ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼԻ՞ Է ՄԵԼԱՆՈՄԱՆ
Այո´, կանխարգելելի է։ Բնական և արհեստական ԱՄՃ-ները կարևոր դեր ունեն այս խնդրում, ուստի մելանոմայի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է`
ԲՈՒԺԵԼԻ՞ Է ՄԵԼԱՆՈՄԱՆ
Այո´, մելանոման բուժելի է, սակայն միայն վաղաժամ ախտորոշման դեպքում (դեպի մաշկի ստորին շերտեր, հարակից ավշային հանգույցներ և ներքին օրգաններ մելանոմայի տարածման դեպքում կանխատեսումը դառնում է անբարենպաստ)։
Երբ մելանոմայի բուժումը սկսվում է մինչև ավշային հանգույցներում մետաստազների առաջացումը, ապա 5 և ավելի տարվա վերապրելիության հավանականությունը հասնում է 98%-ի (հակառակ դեպքում այն նվազում է մինչև 68%-ի, իսկ ներքին օրգանների մետաստազավորումից հետո` 18%-ի)։
(1) Խաչիկ Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի գիտ. գծով փոխտնօրեն,
ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի նախագահ
հեռ.`+374 (91) 406151,
E-mail: [email protected]
(2) Շուշանիկ Վ. կարապետյան,
Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի մաշկավեներաբան, դերմատոսկոպիստ,
ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի ասիստենտ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի հիմնադիր անդամ
հեռ.`+ 374 (93) 494941,
E-mail: [email protected]