Ատոպիկ դերմատիտ, ընդհանուր տեղեկատվություն, խորհուրդներ հիվանդներին
ԱՏՈՊԻԿ ԴԵՐՄԱՏԻՏ
Խ.Մ. Խաչիկյան1
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ
Ատոպիան (հուն. atopos` տարօրինակ, օտար, անսովոր, ԱԴ) ալերգիայի տեսակ է, որի զարգացման մեջ առանձնահատուկ դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը (յուրահատուկ և ոչ յուրահատուկ գրգռիչների նկատմամբ ժառանգական գերզգայունություն)։
Ատոպիան և ալերգիան հաճախ միանգամայն սխալ ձևով ներկայացվում են որպես հոմանիշներ, այնինչ ատոպիան (հիպոնիմ է, մասնավոր եզրույթ) օրգանիզմի IgE-հակամարմիններով միջնորդավորված իմուն պատասխան է (I տեսակի ալերգիկ ռեակցիա), այն դեպքում, երբ՝ ալերգիան (հիպերոնիմ է, ընդհանուր եզրույթ)՝ ցանկացած (I, II, III և IV) տեսակի իմուն պատասխան։
Ատոպիկ դերմատիտը (ԱԴ) բազմապատճառագիտական, բազմախտածագումնային հիվանդություն է, որտեղ առաջատար մեխանիզմը T1-իմուն պատասխանի փոխակերպումն է T2-իմուն պատասխանի։
ԱԴ-ն կլինիկորեն արտահայտվում է բորբոքային բնույթի բազմաթիվ քորվող համաչափ ձևաբանական տարրերի (էքսուդատիվ և լիխենոիդ) առաջացումով, որքինացումով, ԿՆՀ-ի և ՎՆՀ-ի գործընթացի մեջ ընդգրկման (գործառութային խախտումներ) և β-ադրեներգիկ ընկալիչների մասնակի պաշարման նշաններով, այլ օրգան-համակարգերի ատոպիկ ախտահարումով։
ԱԴ-ին բնորոշ են տարիքային առանձնահատկությունները, սեզոնայնությունը (սրացումները՝ ձմռանը, ախտադադարները՝ ամռանը), խրոնիկական կրկնվող ընթացքը ևն։
Միշտ չէ, որ հնարավոր է պարզաբանել ատոպիկ դերմատիտի առաջացման պատճառը ու այն հայտնաբերելով դնել բոլոր կետերը «i»-երի վրա։ Սակայն մաշկի ճիշտ խնամքի դեպքում հիվանդի վիճակը կարելի է անհամեմատ բարելավել, շատ դեպքերում անգամ առանց դեղամիջոցների կիրառման։
Շատ կարևորում ենք հատկապես լողանալու, խոնավացնող միջոցի ընտրության և մի շարք այլ խնդիրների հետ կապված մոտեցումները։
Ատոպիկ դերմատիտի առաջին տարիքային շրջանի առանձնահատկությունները
ԱԴ-ի առաջին տարիքային (վաղ մանկական, էքսուդատիվ, էկզեմային) շրջանը (2 ամսականից մինչև 2 տարեկան հասակը) բնորոշվում է էքսուդատիվ գործընթացների (բշտիկներ, շճային պարունակությամբ «էկզեմային ջրհորներ», ցողի կաթիլներ, էրիթեմային-թեփային և կեղևային տարրեր) գերակշռումով և սուր (ենթասուր) ընթացքով։
Առավելապես ախտահարվում են դեմքի մաշկը (հատկապես պերիօրիֆիցիալ և պերիօրբիտալ հատվածներում), ճակատը (ԳՄՄ-ին անցում կատարելու հատվածում), կոպերը, այտերը, շրթունքները և այլն։
Այս շրջանում կարևորվում է հատկապես սննդային սադրիչների դերը (շնչառական սադրիչների հանդեպ գերզգայունությունն արտահայտված չէ)։
Ատոպիկ դերմատիտի երկրորդ տարիքային շրջանի առանձնահատկությունները
ԱԴ-ի երկրորդ տարիքային (մանկական, պրոլիֆերատիվ) շրջանը (2-ից մինչև 13 տարեկան հասակը) բնորոշվում է պրոլիֆերատիվ գործընթացների (կանգային էրիթեմա, լիխենոիդ հանգույցիկներ, ներսփռանք, որքինացում, էքսկորիացիաներ, ճաքեր· չոր, ճաքճքած շրթունքներ, ուտիճ, ատոպիկ խեյլիտ, angulus infectiosus, perleche և այլն) գերակշռումով, խրոնիկական (ենթասուր, թառամ) կրկնվող (ընթանում է հարաբերական ախտադադարներով և ինքնաբուխ կարող է ապաճել 3-5 տարեկանում) ընթացքով, վեգետատիվ դիստոնիայով և այլն։
Առավելապես ախտահարվում են վերջույթների տարածիչ մակերեսները և իրանը (եթե այդուամենայնիվ դեմքի մաշկն ախտահարված է, ապա այն կրում է հասարակ որքինի հատկանիշներ)։ Տարրերի ապաճման տեղում (ինքնաբուխ կարող է ապաճել հատկապես 3-5 տարեկանում) մնում են գերգունակային և թերգունակային թեփոտվող բծեր։
Այս շրջանում առանձնանում է շնչառական սադրիչների դերը (ալիմենտար գերզգայունությունը տարիքի հետ մարում է)։
Ատոպիկ դերմատիտի երրորդ տարիքային շրջանի առանձնահատկությունները
ԱԴ-ի երրորդ տարիքային (մեծահասակ, 13 տարեկանից բարձր հասակը) շրջանը բնորոշվում է նրանով, որ էքսուդատիվ համախտանիշն էլ ավելի է թուլանում, իսկ լիխենոիդ համախտանիշն ուժգնանում է (էրիթեմա՝ կապտավուն նրբերանգներով, հանգուցիկային ներսփռանք, որքինացում, օջախները՝ համաչափ, ոչ հստակ, անկանոն կամ բազմանկյուն եզրագծերով, երբեմն՝ ատոպիկ էրիթրոդերմիա)։
Հիվանդության ընթացքը (ինչպես և երկրորդ ձևի դեպքում) լինում է խրոնիկական կրկնվող (ընթանում է հարաբերական ախտադադարներով և ինքնաբուխ կարող է ապաճել ոչ միայն 3-5, այլ նաև 40 տարեկան հասակում)։
Սիրված տեղակայումը՝ վերջույթների ծալիչ մակերեսներն են (ծնկային, արմնկային, սրունք-թաթային և ծղիկ-դաստակային հոդերի շրջանում), շեքի և հետույքի մաշկը։
Այս շրջանում որևէ ալերգենի դեր չի առանձնանում։
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
Կատարեք ստորշարադրյալ խորհուրդները և օգնեք այդպիսով Ձեր մաշկաբանին` հասնելու առավել արդյունավետության։
Ծանոթացե´ք ատոպիկ դերմատիտի մասին տեղեկատվությանը
- - Ծանոթացե´ք ԱԴ-ի մասին տեղեկատվությանը։ Այն Ձեզ կօգնի ճիշտ կենսաձև վարել, տեղեկացված որոշումներ կայացնել բուժման հաջորդական կուրսերի վերաբերյալ, խուսափել հիվանդության սրացումներից և այլն։
Պահպանե´ք հանգստություն
- - Աշխատեք հանգիստ լինել, չլարվել ու չհուզվել։ Այո´, երբ Դուք ուսումնասիրում եք Ձեր հիվանդությունը, հասկանում եք, որ նրա մասին միտքն անգամ սթրեսածին է, և որ դժվար է ապրել ատոպիկ դերմատիտի հետ համատեղ։ Բայց անհրաժեշտ է ապրել ու չմոռանալ, որ սթրեսը սրացնելու է գործընթացը։
- - Այսպիսով, պետք է խուսափել սթրեսից ու գտնել անհատական միջոցներ ու մեթոդներ` առավել արդյունավետ ձևով այն հաղթահարելու նպատակով։ Վերջապես, եթե դուք ընկճված եք` անպայման դիմե´ք մաշկաբանի և հոգեբանի։ Նրանց համատեղ խորհրդատվությունը կարող է խիստ օգտակար լինել։
- - Խուսափե´ք սթրեսներից, վերահսկեք Ձեր հոգեհուզական վիճակը, պահպանեք քնի և հանգստի հիգիենան։
Խորհուրդներ խոնավացնող միջոցի ընտրության վերաբերյալ
- - խոնավացնող միջոց ընտրելիս հարցրեք Ձեր մաշկաբանին դեղաձևերի (լոսիոն, գել, կրեմ, լիպոկրեմ, քսուք և այլն) տարբերությունները և համոզվեք, որ մեծ մասամբ լավագույն արդյունք են ապահովում կրեմը և քսուքը,
- - հակացուցումների բացակայության դեպքում կանգ առեք վազելինի վրա (էժան է, չի պարունակում արոմատիզատորներ և այլն),
- - առաջնորդվեք «փորձի և սխալի» սկզբունքով (ո՞րն է ամենալավ ազդել Ձեր երեխայի մոտ նախկինում, նա էլ կիրառեք)։
Դիսկոմֆորտը մեղմելու խորհուրդներ
- - խոնավացնող միջոցը կիրառում են ոչ պակաս, քան օրական 2 անգամ (կանխարգելում է մաշկի չորացումը և ճաքճքումը, նվազեցնում ակտիվ դեղամիջոցի կիրառման անհրաժեշտությունը),
- - եթե ատոպիկ դերմատիտի ընթացքը ծանր է (ախտահարված է մեծ մակերես, ընթանում է այտուցով, ճաքերով, արյունահոսելիությամբ և անզուսպ քորով), ապա խորհրդակցեք Ձեր մաշկավեներաբանի հետ «խոնավ պարուրումներ» (мокрые обертывания, wet wrap therapy) կիրառելու վերաբերյալ,
- - կտրեք երեխայի մատների եղունգները կարճ և հարթ (տաշեք), որպեսզի նա եղունգներով չքորի ու չբարդացնի հիվանդության կլինիկական ընթացքը,
- - քնելուց առաջ երեխայի ձեռքերին հագցրեք բամբակյա ձեռնոցներ, որպեսզի կանխեք գիշերը քորելու հետևանքները,
- կարգավորեք սենյակի ջերմաստիճանը (մի´ թողեք, որ այն շատ բարձրանա) և խոնավությունը (մի´ թողեք, որ այն շատ չորանա), որպեսզի երեխան շատ չշոգի կամ չքրտնի (սա քորի և ճաքերի առաջացման ամենահաճախադեպ սադրիչն է։
- Հագուստի մաքրման խորհուրդներ
- - Կիրառեք զգայուն մաշկի համար նախատեսված լվացքի միջոցներ, քանի որ մնացած միջոցները կարող են գրգռել մաշկը,
- - մի´ գերազանցեք լվացքի համար նախատեսված միջոցի քանակը,
- - կիրառե´ք բավարար քանակով հեղուկ` ադեքվատ ողողման (պարզաջրման) նպատակով,
- - մինչև հագցնելը լվացեք Ձեր երեխայի նոր գնված հագուստը, դա կնպաստի գործարանային մնացորդային քիմիական նյութերի (ներկերի և այլն) հեռացմանը,
- - հանեք հագուստին ամրացված պիտակները, դրանք կարող են շարունակաբար գրգռել մաշկը։
Խորհուրդներ լողանալու վերաբերյալ
- - Անհրաժեշտ է լողանալ (հատկապես երեխան) գոլից մի փոքր դեպի տաք, բայց ոչ երբեք տաք կամ առավել ևս շատ տաք ջրով (սրացման հիմնական սադրիչներից է),
- - պետք է լողանալ ոչ ավելի, քան 5-10 րոպե,
- - մի´ կիրառեք հատկապես փրփրացնող ազդեցության (միայն խիստ անհրաժեշտության դեպքում) լվացող միջոցներ,
- - կիրառե´ք մանկական օճառներ, որոնք չեն պարունակում արոմատիկ նյութեր, ունեն խոնավացնող ազդեցություն և այլն,
- - լողանալուց հետո նրբորեն, հանգամանալից, բայց ոչ կոպտորեն չորացրեք երեխայի մաշկը փափուկ սրբիչով այնպես, որ այն չորանա, չլինի թաց, սակայն մնա խոնավ,
- - եթե արտաքին միջոցներ է նշանակել բժիշկը, ապա անմիջապես քսեք այն մաշկին, որից հետո՝ դեղամիջոցի վրայից քսեք խոնավացնող միջոց ոչ միայն ախտահարված տեղամասերին, այլևս առողջ հատվածներին։
Խորհուրդներ նոսրացված քլորային լոգանքների վերաբերյալ
- - եթե գործընթացը բարդանում է երկրորդային վարակով (անգամ եթե չի էլ բարդացել, հիվանդների 90%-ի շրջանում հայտնաբերվում է Staphylococcus aureus, այն դեպքում, երբ առողջ մարդկանց շրջանում` միայն 5%-ի մոտ), ապա անհրաժեշտ է կիրառել քլորային լոգանքներ (bleach bath, отбеливающие ванны, sodium hydrochlorite, bleach, liquid chlorin bleach),
- - իրականացրե´ք քլորային լոգանքներ շաբաթական 2-3 անգամ (օժտված են հակամանրէային, մասնավորապես հակաստաֆիլոկոկային ազդեցությամբ),
- - քլորային լուծույթի խտությունը լոգարանում պիտի կազմի 0,005% (օգտվե´ք չափաբաժակից (measuring cup, мерная чашка), քանի որ լոգարանում չափից ավելի նյութ լցնելու դեպքում Դուք լրացուցիչ կգրգռեք երեխայի մաշկը, իսկ պակասի դեպքում բուժագործությունը պարզապես արդյունավետ չի լինի),
- - շուկայում առկա 6%-ոց սպիտակեցնող հեղուկների դեպքում ամբողջ լոգարանին (200 լիտր) ավելացրեք 100 մլ (համարյա կես բաժակ), կես լոգարանին (100 լիտր)` 50 մլ (համարյա քառորդ բաժակ), մանկական լոգարանին (4 լիտր)` 1 թեյի գդալ (4-5 մլ) լուծույթ,
- - շուկայում առկա 2,2%-ոց սպիտակեցնող հեղուկների դեպքում յուրաքանչյուր լիտր ջրին ավելացրեք 2 մլ հեղուկ,
- - սպասեք, որ հեղուկը հավասարաչափ բաշխվի ամբողջ լոգարանում,
- - ինչպես ոչ քլորային, այնպես էլ քլորային լոգանքների տևողությունը 5-10 րոպե է, որից հետո լողացրեք (պարզաջրեք) երեխային մաքուր ոչ տաք ջրով,
- - ինչպես ոչ քլորային, այնպես էլ քլորային լոգանքներից հետո նրբորեն (ոչ կոպտորեն) չորացրեք երեխայի մաշկը սրբիչով այնպես, որ այն չորանա և մնա խոնավ,
- - անմիջապես օծեք մաշկի ախտահարված մասը արդեն իսկ նշանակված դեղամիջոցներով (կորտիկոստերոիդային քսուքներ, կալիցինևրինի ինհիբիտորների կրեմներ և քսուքներ և այլն),
- - մաշկի ախտահարված մասը արտաքին դեղամիջոցներով օծելուց հետո, վրայից մաշկն օծեք խոնավացնող միջոցներով (էմոլիենտներ),
- - շարունակեք օծել մաշկի խոնավացնող միջոցներով նաև առողջ հատվածներում։
(1) Խաչիկ. Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի գիտ. գծով փոխտնօրեն,
ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,
հեռ.`+374 (91) 406151,
E-mail: [email protected]