«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Օգտակար տեղեկատվություն

Ռոզացեա, ընդհանուր տեղեկատվություն, խորհուրդներ հիվանդներին

  • 2018-04-25

ՌՈԶԱՑԵԱ

Խաչիկ Խաչիկյան (1)

Ռոզացեան (վարդագույն կամ կարմիր կորյակներ, acne rosacea, gutta rosacea, կելտերի մակընթացություններ, չինական ռեստորանների համախտանիշ և այլն) ակնեանման մաշկախտների խմբի խրոնիկական, կրկնվող, հարաճուն ընթացքով հիվանդություն է, կոնստիտուցիոն անգիոնևրոզի դրսևորում։

Ռոզացեան բնորոշվում է դեմքի մաշկի անոթային կառույցների առաջնային ախտահարումով և բուժման բեկանելիությամբ։

Հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է ֆրանսիացի դերմատոլոգ Գայ դը Շոլյակը (XIV դար) և անվանվել գուտերոզ։ 1812-ին անգլիացի դերմատոլոգ Թոմաս Բեյթմանը նկարագրել է հիվանդության առանձնահատկությունները և վերանվանել այն ռոզացեա։

Ռոզացեայով են տառապել Ուելսի երջանկահիշատակ արքայադուստր Դիանան, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը և այլն։

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ռոզացեան տարածված մաշկային հիվանդություն է`ակնեանման մաշկախտների շարքում ամենից հաճախ (36%) հանդիպողը։

Հիվանդացությունը ընդհանուր պոպուլյացիայում տարբեր է (Գերմանիայում` բնակչության 2,2%-ը, Էստոնիայում` 22%-ը և այլն), մաշկային հիվանդությունների մեջ` նույնպես (5-10%)։

Հանդիպում է ցանկացած ազգի շրջանում, սակայն ավելի հաճախ Եվրոպայի հյուսիսաբնակ սպիտակամաշկ անձանց մոտ։ ԱՄՆ-ում ռոզացեայով տառապում է ընդհանուր պոպուլյացիայի մոտ 6%-ը (շուրջ 16 մլն մարդ)։

Կանայք հիվանդանում են մոտ 4 անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ, ի տարբերություն կորյակային հիվանդության՝ ավելի բարձր տարիքում (30-50 տարեկանում, սակայն կանանց շրջանում ռոզացեայի բարդ` ֆիմային տեսակը հանդիպում է ավելի հազվադեպ)։

 

ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ռոզացեան բազմապատճառագիտական հիվանդություն է, որտեղ կարևոր նշանակություն ունեն մի շարք արտածին և ներծին գործոններ։

 

ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
Սննդային գործոններ

Ալկոհոլը, տաք հեղուկները, սուր սննդատեսակները, ցիտրուսային մրգերը, մսամթերքը (հատկապես մեծ քանակությամբ), ինչպես նաև նատրիումի գլյուտամատ (համային հավելում) և այլ, էքստրաակտիվ նյութեր պարունակող սննդատեսակներ գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը, որի հետևանքով ռեֆլեկտոր ձևով լայնանում են դեմքի մաշկի անոթները։

 

Ֆիզիկական գործոններ

Մեծ դեր ունեն հատկապես ջերմաստիճանային (խրոնիկական ինսոլյացիան հատկապես բարձր լուսազգայունության դեպքում) և մեխանիկական գործոնները (դեմքի մաշկի մեխանիկական գրգռումը` փիլինգների դեպքում)։

 

Քիմիական գործոններ

Քիմիական գործոններից կարևորվում են դեղորայքային գործոնները (անոթալայնիչ միջոցներ, կորտիկոստերոիդներ և այլն)։

 

Վարակային գործոններ

Վարակային գործոններից կարևորվում են մանէային (Bacillus oleronius, ստրաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր, գրամբացասական մանրէներ և այլն) և մակաբուծային (Demodex folliculorum կոչվող մակաբույծը հայտնաբերվում է առավելապես հանգուցիկաթարախաբշտիկային ձևի դեպքում, իհարկե, անհրաժեշտ է հիշել նաև, որ Demodex folliculorum-ը նախևառաջ մաշկի նորմալ միկրոֆլորայի ներկայացուցիչն է, որ շատերի մոտ է այն հայտնաբերվում, սակայն ոչ բոլորն են տառապում ռոզացեայով) գործոնները։

 

ՆԵՐԾԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
Ծագումնաբանական նախատրամադրվածություն

Ռոզացեայով հիվանդների գենետիկական ծառի ճյուղերում հաճախ կարելի է հանդիպել ռոզացեայով հիվանդների։

 

Ստամոքսաղիքային ուղու ախտաբանություն

Գլյուտենային էնտերոպաթիան (աղիքային անբավարարություն), խրոնիկական ընդմիջվող լուծը, դիսպեպսիան, խրոնիկական անացիդ և հիպոացիդ գաստրոդուոդենիտները, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը (հատկապես Helicobacter pilori-ի առկայությամբ, պետք է նշել սակայն, որ կան շատ մարդիկ, ում մոտ հայտնաբերվում է Helicobacter pilori, սակայն նրանց մոտ չի դիտվում ռոզացեա), ստամոքսի պոլիպոզը, խրոնիկական հարատևող հեպատոխոլեցիստիտը, հեպատոխոլեցիստոպաթիաները, խոցային կոլիտը, ախիլիան և այլն նպաստում են ռոզացեայի զարգացմանը։

 

ԿՆՀ ախտաբանություն

Հայտնաբերված է դրական համահարաբերակցություն ռոզացեայի և միգրենի (դիտվում է որպես ախտաբանական վազոմոտոր ռեակցիա), ռոզացեայի և դեպրեսիայի, ռոզացեայի և նևրասթենիայի միջև։

 

Սիրտանոթային համակարգի ախտաբանություն

Ռոզացեան հաճախ է ուղեկցում զարկերակային գերճնշմանը։ Հաճախակի են հայտնաբերվում նաև զարկերակային մազանոթների էնդոթելի անոմալիաներ, ախտահարվում ավշային անոթները (ընդգրկվում են երկրորդայնորեն)։

 

Իմուն և ալերգիկ ախտաբանություն

Ի պատասխան բազմաթիվ գործոնների ազդեցության (մասնավորապես bacillus oleronius-ի), իմուն համակարգը տալիս է գերռեակտիվ պատասխան։ Ավելանում է իմունագլոբուլինների և շրջանառող իմուն համալիրների, նվազում T-իմունասուպրեսորների քանակը և այլն։

Ալերգիկ հիվանդությունների առկայությամբ ռոզացեան ուժգնանում է (գործընթացը ապաճում է հակահիստամինային պատրաստուկների կիրառման դեպքում)։

 

ԴԱՍԱԿԱՆ ՌՈԶԱՑԵԱՅԻ ԿԼԻՆԻԿԱՆ
Նախակարապետների շրջան

Նախակարապետների շրջանում առաջանում է մակընթացային մանրբծային տարածուն ազնվամորեգույն (վառ վարդագույն) կանգային էրիթեմա։

Գործընթացը եթե կանանց մոտ գերազանցապես տեղակայվում է (սկսվում է և շարունակվում) նազոլաբիալ, այտերի, ճակատի, ծնոտի, ապա տղամարդկանց մոտ՝ քթի շրջանում։

Էրիթեման կրում է ժամանակավոր բնույթ (նման է ամոթի, զայրույթի, շփոթմունքի էրիթեմային, անհետանում է 10-15 րոպեից), ուղեկցվում է ջերմության, քորի, մրջյունների սողալու զգացումով։

 

Կայուն էրիթեմայի շրջան (էրիթեմային-տելեանգիէկտատիկ տեսակ)

Այս շրջանի գլխավոր ախտանիշներն են դեմքի մաշկի էրիթեման և տելեանգիէկտազիաները։

Տրանզիտորային էրիթեման վերափոխվում է հարաճունի, առաջանում են տելեանգիէկտազիաներ։  

Էրիթեմային բծերը սահմանափակ ներսփռված են և տարածվում են հարակից մասերի վրա, ձևավորվում են մանրբծային, միջինբծային և խոշորբծային տելեանգիէկտազիաներ։

Այս փուլում հիվանդներն ուշադրություն չեն բևեռում խնդրի վրա։

 

Հանգուցիկային-թարախաբշտիկային շրջան (հանգուցիկային-թարախաբշտիկային տեսակ)

Այս շրջանի գլխավոր ախտանիշներն են էրիթեման, այտուցը (արդեն ձևավորվել է) և ակնեանման ձևաբանական բորբոքային բնույթի տարրերը։

Էրիթեմայի ֆոնին ձևավորվում են մանր ֆոլիկուլային հանգույցիկներ և ստերիլ հանգույցիկներ-թարախաբշտիկներ (կարմիր կորյակներ)։

Մաշկը ի տարբերություն կայուն էրիթեմայի շրջանի` ճարպոտ է, այտուցված և ներսփռված։ Ձևավորվում են ռոզացեային հսկա վահանակներ։

Ինչպես և նախորդ շրջանում, այս շրջանում նույնպես մաշկը շատ զգայուն է, հիվանդին անհանգստացնում է ծակծկոցը, այրոցը և այլն։

Դիտվում են նաև ընդհանուր երևույթներ` գերքրնարտադրություն, թուլություն, սրտխփոց, դժվարաշնչություն, լուծ և այլն։

 

Ներփռական-պրոդուկտիվ շրջան (ֆիմային տեսակ)

Ներփռական-պրոդուկտիվ շրջանում մաշկը հաստանում է, դառնում անհարթ։ Առաջանում են բորբոքային ուռուցքանման հանգույցներ (լիմֆոհիստիոցիտային ներսփռանք՝ նեյտրոֆիլներով, մազային ֆոլիկուլների ատրոֆիա), որոնք չափերով մեծանում են, միավորվում՝ ձևախեղելով դեմքը։ Դիտվում են բազմաթիվ խոշոր տելեանգիէկտատիկ օջախներ։

Մաշկը ճարպոտ է, ճարպագեղձերի ելանցքները լայնացած։

Որպես կանոն, ֆիմային տեսակը զարգանում է նախորդ տեսակների ֆոնին (լինում են նաև այլ տեսակներին բնորոշ ախտանիշներ)։

 

ՌՈԶԱՑԵԱՅԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ
Ռոզացեայի կլինիկական տարատեսակներն են`

  • - լյուպոիդային ռոզացեան,
  • - լիմֆէդեմային ռոզացեան,
  • - կոնգլոբատային ռոզացեան,
  • - ստերոիդային ռոզացեան,
  • - գրամ- բացասական ռոզացեան,
  • - օֆթալմոռոզացեան։

 

ՕՖԹԱԼՄՈՌՈԶԱՑԵԱ

Այս դեպքում հիվանդին անհանգստացնում են աչքերում այրոցի, ծակծկոցի, չորության, քորի, օտար մարմնի զգացողությունը, լույսի նկատմամբ գերզգայունությունը, տեսողության թուլացումը։ Երբեմն կոպերի վրա ակտիվանում է կիստագոյացումը (առաջանում են կիստաներ)։

 

ՌՈԶԱՑԵԱՆ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ
Ռոզացեան նշանակալիորեն փոխում է հիվանդի կյանքի որակը, որը դրսևորվում է`

  • - հուսախաբությամբ, վրդովմունքով, շփոթությամբ և այլն, հիվանդները խուսափում են հասարակական շփումներից և պարտավորություններից,
  • - անհանգստությամբ (մտածում են, որ երևույթները կարող են բարդանալ, հանգեցնել սպիագոյացման, որ դեղամիջոցների հնարավոր կողմնակի արդյունքը կարող է ավելի վատթարացնել վիճակը),
  • - ինքնագնահատականի անկմամբ (հիվանդների 70%-ի շրջանում ինքնագնահատականը և ինքնահարգանքը նշանակալիորեն նվազում են),
  • - աշխատանքային միջավայրում միջմարդկային փոխհարաբերությունների սառեցումով (հիվանդների 70%-ը խուսափում են գործընկերային շփումներից),
  • - դեպրեսիայով (շատերին թվում է, որ երևույթները տվյալ հիվանդի մոտ կապված են ալկոհոլամոլության հետ, որը վիրավորում է նրանց)։

 

ԲՈՒԺՈՒՄԸ

Ռոզացեան անբուժելի է, սակայն վերահսկելի (ճիշտ վարման դեպքում կարելի է թուլացնել կամ լիակատար վերացնել նրա ախտանիշները, վերացնել դիսկոմֆորտը, կանխել բարդացումը, փոփոխել հիվանդի կյանքի որակը)։

 

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Կատարեք ստորշարադրյալ խորհուրդները և օգնեք այդպիսով Ձեր մաշկաբանին` հասնելու առավել արդյունավետության`

  • - խուսափեք սթրեսից (ինքնուրույն մտածեք, թե ինչպես, դա դժվար է),
  • - ուսումնասիրեք, գտեք Ձեր հիվանդության հիմնական սադրիչը (բոլորի մոտ այն նույնը չէ, դրանք խիստ բազմազան են) և և խուսափեք դրանցից`
  • ----- դեմքի մաշկի և կամ մարմնի գերտաքացումից,
  • ----- դեմքի մաշկի և կամ մարմնի գերսառեցումից,
  • ----- դեմքի ուղղությամբ փչող սառը քամուց,
  • ----- էքստրաակտիվ նյութեր պարունակող սննդամթերքից (կծու, թթու, քաղցր, աղի և այլն),
  • ----- ալկոհոլից (ցանկացած տեսակի),
  • ----- գազավորված հեղուկներից,
  • - պաշտպանվեք արևի հավելուրդային ճառագայթներից (հաճախ սադրիչ գործոնների թվում են արևի ճառագայթները, մանավանդ, երբ Ձեր մաշկը գերզգայուն է դրանց հանդեպ),
  • ----- տնից դուրս գալուց առաջ մաշկը օծեք լայն սպեկտրի արևապաշտպան միջոցներով (SPF-30-50 և ավելի բարձր),
  • ----- խուսափեք կեսօրին արևի ճառագայթների տակ հայտնվելուց,
  • ----- դրսում միշտ փորձեք գտնվել ստվերում,
  • ----- լայնեզր գլխարկներ դրեք (դեմքը և վիզը արևի ճառագայթներից պատշտպանելու նպատակով),
  • ----- արևապաշտպան հագուստ կրեք,
  • ----- արևապաշտպան ակնոց կրեք,
  • - հրաժարվեք Ձեր մի շարք ոչ ճիշտ սովորույթներից`
  • ----- մաշկը մաքրելու շատ տարածված մոլուցքից (ոչ ադեքվատ, հատկապես միջին խորության և խորը, ֆիզիկական կամ քիմիական փիլինգներ և այլն, որոնք հանգեցնում են վաղաժամ կամ ուշացած բարդությունների, այդ թվում` ռոզացեայի սրացման),
  • ----- առանց համապատասխան ցուցումների տարբեր կրեմներ և քսուքներ կիրառելու սովորույթից (կարող են սրացնել գործընթացը),
  • - ընտրեք Ձեր մաշկին համապատասխան դեղաձև (տոնիկ, լոսիոն, կրեմ, դիմակ ևն)`
  • ----- չոր մաշկի դեպքում հանձնարարելի են հակաբորբոքային ազդեցության փափկացնող, խոնավացնող և վերականգնողական միջոցները,
  • ----- ճարպոտ մաշկի դեպքում հանձնարարելի են հակաբորբոքային, չորացնող և հականեխիչ միջոցները։

 ***

Այս կանոնները պահպանելուց և առօրյա սովորույթները փոփոխելուց հետո միայն Ձեր և Ձեր մաշկաբանի ջանքերը կարող են պսակվել հաջողությամբ և բուժումը կդառնա առավել արդյունավետ։

(1) Խաչիկ. Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի գիտ. գծով փոխտնօրեն,
ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի նախագահ

Կայանալիք Միջոցառումներ