Մանրվահանակային (վագրանման) պարապսորիազ

Անահիտ Թոփչյան
14.04.2020
Ընդհանուր տվյալներ
30 տարեկան տղամարդ, ամուսնացած։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում շուրջ 6-7 ամիս։ Առանց որևէ տեսանելի պատճառի աջ ազդրի վրա առաջացել է էրիթեմային օջախ։ 1-2 ամիս առաջ գործընթացը տարածվել է ամբողջ մարմնով մեկ։ Դիմում է բժշկի առաջին անգամ։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է վերին և ստորին վերջույթներին, կրծքին, որովայնին, մեջքին առաջացած մաշկի ցանավորումից, որոնք սուբյեկտիվորեն չեն անհանգստացնում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Վերին և ստորին վերջույթներին, կրծքին, որովայնին, մեջքին դիտվում են տարբեր չափերի, թույլ ներսփռված, բաց վարդագույն-դեղնավուն-նուրբ սաղմոնագույն, հստակ գծագրված, թեթևակիորեն թեփոտվող կլորավուն-օղակաձև մոնոմորֆ բծեր, որոնք տարածվում են, սակայն ծայրամասային աճի, ուստի և միաձուլման հակում չեն ցուցաբերում։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ (աղքատիկ թեփոտում)
Ցանի տեղակայումը
Վերին և ստորին վերջույթներին, ուսագոտու շրջանում, կրծքին (կողերին զուգահեռ), որովայնին, մեջքին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով` նորմայի սահմաններում։ Կենսաքիմիական ընդհանուր հետազոտություններ` նորմայի սահմաններում։ HBV, HC, HIV` բացասական են։ Վահանագեղձի անդրձայնային հետազոտություն` ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել:
Դիֆերենցիալ ախտորոշում
Կարմիր տափակ որքին, Տոքսիկոդերմիա, Սեբորեային դերմատիտ, Մնկաձև միկոզ (օջախները ներսփռված են, գերազանցապես օղակաձև, պոլիցիկլիկ, մանուշակագույնի նրբերանգներով, երբեմն օջախի կենտրոնական հատվածի գույնի բացացումով, տեղակայվում են ամենուր, ժամանակի ընթացքում ներսփռանքն աճում է), Խրոնիկական լիխենոիդ որքին (pityriasis lichenoides chronica, օջախները հստակ եզրագծված չեն)։
Նախնական ախտորոշումը
Մանրվահանակային (վագրանման) պարապսորիազ
Վիտամինոթերապիա
Հակաբիոտիկներ, հակահիստամինային պատրաստուկներ, վիտամինաբուժություն, ոչ յուրահատուկ հակաբորբոքային պատրաստուկներ։
Տեղային բուժումը
Տեղային կորտիկոիդային քսուքներ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top