Ընդհանուր տվյալներ
52 տարեկան կին, ամուրի։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում շուրջ 1 տարի։ Իրանին առանց որևէ տեսանելի և մեկնաբանելի պատճառի առաջացել են էրիթեմային-հանգուցիկային բնույթի օղակաձև վահանակներ, որոնք ներսփռվել են և արագորեն ծայրամասային աճել։ Օջախների ծայրամասային աճն ահա արդեն մեկ տարի է, ինչ կանգ է առել։ Օջախների գույնը մգացել է։ Ինքնուրույն ստացել է հակահիստամինային պատրաստուկներ և տեղային կորտիկոստերոիդներ՝ միանգամայն ապարդյուն։ Գործնթացը տարածուն է, սիմետրիկ, հարատևող։ Ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է իրանի մաշկի ցանավորումից, շատ թույլ քորից:
Առաջնային ձևաբանական տարրեր
1-20 սմ տրամագծով, կլորավուն-օվալաձև, օղակաձև, էրիթեմային-հանգուցիկային, վարդագույն-մանուշակավուն նրբերանգների ներսփռված վահանակներ, որոնք շրջապատված են մաշկից բարձր հանգուցիկային, ավելի մուգ գույնի, շոշափելիս ամուր եզրագոտիով։ Օջախների կենտրոնական հատվածը փոքր-ինչ ներանկած է, կողմնային լուսարձակման ժամանակ որոշակի փայլով։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ախտահարման օջախները թեփով ծածկված չեն, էրոզիայի և խոցոտման ենթարկված տարրեր չկան։
Ցանի տեղակայումը
Ցանը գերազանցապես տեղակայված է իրանի երկու կողմերում, սիմետրիկորեն։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդհանուր կլինիկական լաբորատոր տվյալներն՝ առանց առանձնահատկությունների։ Վարակական, ալերգիկ, տոքսիկոալերգիկ, իմուն, արյան հիվանդությունների վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ չկան։ Մաշկի քերուկից սնկեր չեն հայտնաբերվել։ ԳՁ-հետազոտությամբ որովայնի խոռոչում ծավալային փոփոխություններ չեն նկարագրվել։
Դիֆերենցիալ ախտորոշում
Խոշորվահանակային պարապսորիազ, T-լիմֆոմա, սկլերոդերմիա, Միշեր-Լեդերի խրոնիկական հարաճուն սկավառականման գրանուլեմատոզ (լիպոիդ նեկրոբիոզի գրանուլեմային տեսակը)
Նախնական ախտորոշումը
Դարիեի կենտրոնախույս օղակաձև էրիթեմա
Վիտամինոթերապիա
Համակարգային կորտիկոստերոիդներ, հակաբիոտիկներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկներ, դապսոն, մեթոտրեքսատ, ռետինոիդներ, հակամալյարիային պատրաստուկներ, գենաինժեներային պատրաստուկներ (a-ՈՒՆԳ-ի ինհիբիտորներ) և այլն։
Տեղային բուժումը
Տեղային կորտիկոստերոիդներ (քսուք օկլյուզիոն կապի տակ), ներօջախային կորտիկոստերոիդներ (օջախի եզրագոտու մեջ, տրիամցինոլոն), կալցինևրինի ինհիբիտորներ (տակրոլիմուս, պիմեկրոլիմուս), այլ իմունոմոդուլյատորների խմբի պատրաստուկներ (իմիկվիմոդ), նավթալան և իխթիոլ պարունակող քսուքներ։ Բուժման կուրսի տևողությունը՝ 2-4 շաբաթ։