Քոս, դասական ձև

Felix Safaryan
04.10.2026
Ընդհանուր տվյալներ
26-ամյա կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 5 շաբաթ առաջ՝ մատների միջմատային տարածքներում և դաստակների շրջանում թույլ քորով։ Առաջին 1–2 շաբաթվա ընթացքում հիվանդը քորը վերագրել է մաշկի չորությանը։ Հետագայում քորը աստիճանաբար ուժեղացել է և դարձել հատկապես արտահայտված գիշերային ժամերին։ Վերջին 2 շաբաթում առաջացել են նոր պապուլյար օջախներ որովայնի, գոտկատեղի և հետույքի շրջանում։ Հիվանդը նշում է, որ մոտ 3 շաբաթ առաջ իր ամուսնու մոտ նույնպես սկսվել է գիշերային քոր՝ հատկապես ձեռքերի շրջանում։ Սկզբում երկուսն էլ ինքնուրույն օգտագործել են խոնավեցնող քսուք և ցետիրիզին, սակայն էական բարելավում չեն նկատել։ Հիվանդը մեկ անգամ օգտագործել է հիդրոկորտիզոն 1% քսուք՝ առանց կայուն ազդեցության։ Էպիդեմիոլոգիական անամնեզ Հիվանդը չի հիշում նմանատիպ հիվանդություն նախկինում։ Վերջին 2 ամսում ընտանիքում կամ աշխատանքի վայրում հաստատված քոսի դեպքի մասին տեղեկություն չունի։ Հիվանդը և ամուսինը քնում են նույն անկողնում։ Այլ ընտանիքի անդամների հետ նույն բնակարանում չեն ապրում։
Հիվանդի գանգատները
Հիմնական գանգատներն են. ինտենսիվ գիշերային քոր՝ 8/10, ձեռքերի և դաստակների շրջանում ցան, որովայնի և գոտկատեղի պապուլյար ցան, քնի խանգարում, քերծվածքների պատճառով մաշկի այրոց և ցավ։ Հիվանդը նշում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում քորի պատճառով գիշերը մի քանի անգամ արթնանում է։
Առաջնային ձևաբանական տարրեր
Մաշկի զննմամբ հայտնաբերվեցին. բազմաթիվ էրիթեմատոզ պապուլներ, փոքր պապուլովեզիկուլյար տարրեր, որոշ հատվածներում՝ 2–5 մմ չափի քորային հանգույցներ, մատների միջմատային տարածքներում՝ բարակ, գծային-կորագիծ գոյացություններ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Քերծման հետևանքով հայտնաբերվեցին. բազմաթիվ էքսկորիացիաներ, մակերեսային էրոզիաներ, հեմոռագիկ մանր կեղևներ, հետբորբոքային հիպերպիգմենտացիայի առանձին օջախներ։ Որոշ քրոնիկ քորային օջախներում առկա էր թեթև լիխենիզացիա։ Թարախային կեղևներ, խորը խոցեր կամ ցելյուլիտի նշաններ չեն հայտնաբերվել։
Ցանի տեղակայումը
Ախտահարումները հիմնականում տեղակայված են. մատների միջմատային տարածքներում, դաստակների ծալիչ մակերեսներին, նախաբազուկների շրջանում, պերիումբիլիկալ հատվածում, որովայնի ստորին հատվածում, գոտկային շրջանում, հետույքի շրջանում, ազդրերի ներքին մակերեսներին։ Հիվանդի մոտ հայտնաբերվեցին նաև մի քանի փոքր քորային հանգույցներ արտաքին սեռական օրգանների շրջանում։ Դեմքը և գլխամաշկը կլինիկորեն ազատ են։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց ախտաբանական փոփոխությունների։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Միջմատային տարածքների և դաստակի կասկածելի ուղիները ուսումնասիրվել են դերմատոսկոպով։ Դիտվել է. նուրբ սպիտակավուն ոլորուն գիծ, դրա վերջնամասում՝ մուգ շագանակագույն/սևավուն եռանկյունաձև կառուցվածք։ Մաշկի քերուկը վերցվել է դերմատոսկոպիկորեն հայտնաբերված քոսային ուղու փակ ծայրից։ Մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվել են. քոսի տիզ, առանձին ձվային կառուցվածքներ, ֆեկալային զանգվածներ՝ scybala։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ, Ալերգիկ կոնտակտային դերմատիտ, Պապուլյար ուրտիկարիա, Պրուրիգո, Ֆոլիկուլիտ, Դեղորայքային էկզանտեմա
Նախնական ախտորոշումը
Քոս
Վիտամինոթերապիա
Բոլոր սերտ կենցաղային կոնտակտավորները պետք է բուժվեն միաժամանակ, նույնիսկ եթե դեռ գանգատներ չունեն։
Տեղային բուժումը
Նշանակվել է Պերմետրին 5% կրեմ, առաջին կիրառմամբ քսել ամբողջ մարմնին, 2րդ կիրառմամբ քսել ամբողջ մարմնին 7 օր անց։ Քորի և հետբորբոքային էկզեմատիզացիայի դեպքում նշանակվել է. Մոմետազոն ֆուրոատ 0.1% քսուք՝ ակտիվ էկզեմատոզ օջախներին օրական 1 անգամ՝ 5–7 օր։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top