Ալերգիկ կոնտակտային դերմատիտ՝ մասնագիտական, p-ֆենիլենդիամինի նկատմամբ զգայունությամբ։

Felix Safaryan
04.10.2026
Ընդհանուր տվյալներ
29-ամյա կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մաշկային գանգատները առաջին անգամ ի հայտ են եկել մոտ 8 ամիս առաջ։ Սկզբում հիվանդը նկատել է ձեռքերի մատների կողմնային մակերեսների և մատների միջմատային տարածքների չորություն և քոր։ Հետագայում, հատկապես մազերի ներկման աշխատանքային օրերին, առաջացել են կարմրություն, այրոց և մանր բշտիկավոր ցան։ Վերջին 3 ամիսների ընթացքում ախտահարումները սկսել են տարածվել դաստակների, պարանոցի և ականջների առաջային հատվածների վրա։ Հիվանդը նշում է, որ աշխատանքային օրերից հետո գանգատներն ավելի արտահայտված են, իսկ արձակուրդի ընթացքում, երբ 7–10 օր չի աշխատում, մաշկի վիճակը զգալիորեն բարելավվում է։ Ինքնուրույն օգտագործել է. հիդրոկորտիզոնային քսուք, տարբեր խոնավեցնող քսուքներ, հակասնկային քսուք։ Հիդրոկորտիզոնից ժամանակավորապես նկատել է բարելավում, սակայն աշխատանքի վերադառնալուց հետո ցանը կրկին սրվել է։ Վերջին սրացման ժամանակ օգտագործել է նոր մազերի ներկ, որից մոտ 24–48 ժամ անց ձեռքերի և պարանոցի շրջանում առաջացել է ավելի արտահայտված բորբոքում։ Կյանքի անամնեզ Ատոպիկ դերմատիտի, բրոնխիալ ասթմայի կամ ալերգիկ ռինիտի պատմություն չի նշում։ Նիկելի նկատմամբ նախկինում ախտորոշված ալերգիա չունի։ Մշտական դեղորայք չի ընդունում։ Ընտանեկան անամնեզում ծանր ալերգիկ հիվանդություններ չեն նշվում։
Հիվանդի գանգատները
Հիմնական գանգատներն են. ձեռքերի ինտենսիվ քոր, այրոց, կարմրություն, չորություն, մանր բշտիկների առաջացում, մաշկի ճաքեր մատների շրջանում, պարանոցի քոր և կարմրություն։ Քորի ինտենսիվությունը գնահատում է 7/10։ Հիվանդը նշում է, որ աշխատանքային օրվա վերջում ձեռքերի այրոցն այնքան ուժեղ է լինում, որ դժվարանում է շարունակել աշխատանքը։
Առաջնային ձևաբանական տարրեր
Ձեռքերի զննմամբ հայտնաբերվեցին. էրիթեմատոզ պապուլներ, մանր վեզիկուլներ՝ հատկապես մատների կողմնային մակերեսներին, էրիթեմատոզ-էդեմատոզ բծեր և թիթեղներ, դաստակների շրջանում՝ ավելի մեծ էրիթեմատոզ օջախներ։ Պարանոցի և ականջների առաջային հատվածներում դիտվում են էրիթեմատոզ պապուլովեզիկուլյար օջախներ։ Ախտահարումները համեմատաբար հստակ սահմանազատված են այն հատվածներում, որոնք առավել հաճախ շփվում են աշխատանքային նյութերի կամ կոսմետիկ միջոցների հետ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հայտնաբերվեցին. մանր թեփավորում, մակերեսային էքսկորիացիաներ, մատների շրջանում ցավոտ մակերեսային ճաքեր, որոշ հատվածներում՝ բարակ սերոզային կեղևներ, քրոնիկ օջախներում՝ թեթև լիխենիզացիա։ Խորը ճաքեր, խոցեր կամ թարախային կեղևներ չկան։ Լիմֆանգիտ կամ ցելյուլիտի կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։
Ցանի տեղակայումը
Ախտահարումները հիմնականում տեղակայված են. երկու ձեռքերի ափային և դորզալ մակերեսներին, մատների կողմնային մակերեսներին, միջմատային տարածքներում, դաստակների շրջանում, պարանոցի առաջային և կողմնային հատվածներում, ականջախեցիների առաջային հատվածում։ Դեմքի մնացած հատվածները հիմնականում ազատ են։ Արմունկների, ծնկների և իրանի վրա էկզեմատոզ կամ պսորիատիկ օջախներ չեն հայտնաբերվել։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց ախտաբանական փոփոխությունների։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Patch-test Կիրառվել է բազային ալերգենների շարք՝ լրացված վարսահարդարների համար համապատասխան ալերգեններով և հիվանդի կողմից օգտագործվող մազերի ներկի/կոսմետիկ արտադրանքների բաղադրիչներով։ 48 ժամ անց թեստի առաջնային գնահատմամբ նկատվել է դրական ռեակցիա. p-ֆենիլենդիամին (PPD) — ++ 96 ժամ անց ռեակցիան պահպանվել է և դարձել ավելի արտահայտված՝ էրիթեմատոզ-ինֆիլտրատիվ, մանր վեզիկուլյար օջախով։ Մյուս հիմնական ալերգենների նկատմամբ կլինիկորեն նշանակալի դրական ռեակցիա չի արձանագրվել։ Patch-test-ի արդյունքը գնահատվել է որպես կլինիկորեն նշանակալի, քանի որ համընկնում է հիվանդի մասնագիտական և կենցաղային ազդեցության հետ։ Ձեռքի օջախներից կատարված KOH միկրոսկոպիան՝ բացասական։
Դիֆերենցիալ ախտորոշում
Գրգռիչ կոնտակտային դերմատիտ, Ատոպիկ ձեռքի դերմատիտ, Tinea manuum, Ձեռքերի պսորիազ, էկզեմա, Քոս
Նախնական ախտորոշումը
Ալերգիկ կոնտակտային դերմատիտ
Վիտամինոթերապիա
Հիվանդին տրվել է գրավոր տեղեկանք՝ նշելով. P-ֆենիլենդիամին (PPD) — contact allergy Խորհուրդ է տրվել. չօգտագործել PPD պարունակող մազերի ներկեր, խուսափել PPD-ի հետ խաչաձև ռեակցիա ունեցող ներկանյութերից՝ ըստ ալերգոլոգ/մաշկաբանի ցուցումների, բոլոր նոր կոսմետիկ միջոցների բաղադրությունը ստուգել, աշխատավայրում օգտագործվող նյութերի անվտանգության թերթերը և բաղադրությունները պահել, ձեռնոցների ճիշտ օգտագործում, մաշկի հետ անմիջական շփման նվազեցում։ Քանի որ հիվանդը վարսահարդար է, բացատրվել է, որ միայն սովորական լատեքսային ձեռնոցը միշտ բավարար պաշտպանություն չի ապահովում․ անհրաժեշտ է ընտրել տվյալ քիմիական նյութի համար համապատասխան պաշտպանիչ ձեռնոց և փոխել այն վնասվելու/աղտոտվելու դեպքում։
Տեղային բուժումը
Ձեռքերի համար Նշանակվել է մոմետազոն ֆուրոատ 0.1% քսուք՝ բարակ շերտով, օրական 1 անգամ, 7–10 օր։ Պարանոցի և ականջների հատված Քանի որ այդ հատվածների մաշկը ավելի բարակ է, ընտրվել է. տակրոլիմուս 0.1% քսուք՝ օրական 2 անգամ, մինչև բորբոքման վերահսկումը։ Ձեռքերին՝ անբույր էմոլիենտ առնվազն օրական 3–4 անգամ, հատկապես յուրաքանչյուր լվացումից հետո։ Կրկնակի այց 2 շաբաթից։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top