Ատոպիկ դերմատիտ, մանկական տարիքի ֆլեքսուրալ ձև, միջին ակտիվության սրացում։

Felix Safaryan
04.10.2026
Ընդհանուր տվյալներ
9-ամյա տղա, մաշկի ֆոտոտիպ՝ Fitzpatrick III
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մաշկային գանգատները սկսվել են մոտ 1 տարեկանից՝ սկզբում այտերի շրջանում, այնուհետև՝ վերջույթների ծալիչ մակերեսներին։ Հիվանդությունը ընթացել է ալիքաձև՝ սրացումների և մասնակի ռեմիսիաների հերթագայմամբ։ Վերջին 4 ամիսների ընթացքում սրացումները դարձել են ավելի հաճախակի։ Ծնողը նշում է, որ վիճակը վատանում է. ցուրտ և չոր եղանակին, երկարատև տաք լոգանքներից հետո, քրտնելու ժամանակ, սինթետիկ կամ բրդյա հագուստ կրելիս, հոգնածության և սթրեսային դպրոցական շրջանների ընթացքում։ Տանը օգտագործվել է տարբեր մանկական խոնավեցնող քսուք, սակայն անկանոն։ Վերջին սրացման ժամանակ ծնողը ինքնուրույն օգտագործել է հիդրոկորտիզոնային քսուք 3 օր շարունակ, որից հետո կարմրությունն ու քորը նվազել են, սակայն բուժումը դադարեցվել է։ Հիվանդը նախկինում երբեք չի ստացել համակարգային կորտիկոստերոիդներ կամ իմունոսուպրեսիվ բուժում։ Անամնեզում առկա է ալերգիկ ռինիտ, հատկապես գարնանային սեզոնին։ Բրոնխիալ ասթմա չի նշվում։ Մոր մոտ առկա է ալերգիկ ռինիտ։ Ընտանիքում պսորիազ չի նշվում։ Սննդային որևէ կոնկրետ մթերքի ընդունումից անմիջապես հետո մաշկային ցանի, շնչառական դժվարության, շրթունքների/լեզվի այտուցի կամ անաֆիլաքսիայի դրվագներ չեն եղել։
Հիվանդի գանգատները
Արտահայտված քոր, հատկապես երեկոյան և գիշերային ժամերին, քորի պատճառով քնի խանգարում, արմնկափոսերի և ծնկափոսերի շրջանում կարմրություն, պարանոցի շրջանում չորություն և թեփոտում, մաշկի ընդհանուր չորություն, պարբերաբար առաջացող մանր քերծվածքներ։ Ծնողի խոսքով՝ վերջին շաբաթներին երեխան գիշերը հաճախ արթնանում է քորի պատճառով։
Առաջնային ձևաբանական տարրեր
Մաշկի զննման ժամանակ հայտնաբերվեցին էրիթեմատոզ պապուլաներ, էրիթեմատոզ-ինֆիլտրատիվ բծեր և փոքր չափի թիթեղներ, որոշ հատվածներում՝ պապուլովեզիկուլյար բնույթի մանր տարրեր, քրոնիկ ընթացող օջախներում՝ մաշկի հաստացում։ Սուր օջախներում էրիթեման վառ էր, իսկ քրոնիկ օջախներում՝ ավելի թույլ արտահայտված։ Դիտվում է մաշկի ընդհանուր քսերոզ։ Ափերի շրջանում նկատվում է թեթև արտահայտված հիպերլինեարություն
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հայտնաբերվեցին. սպիտակավուն մանր թեփեր, էքսկորիացիաներ, որոշ հատվածներում՝ մակերեսային հեմոռագիկ կեղևներ, լիխենիզացիա՝ հատկապես արմնկափոսերում, հետբորբոքային հիպերպիգմենտացիայի փոքր օջախներ։ Թարախային արտադրություն, արտահայտված դեղնավուն կեղևներ, խորը էրոզիաներ կամ խոցեր չեն հայտնաբերվել։
Ցանի տեղակայումը
Ցանը տեղակայված է հիմնականում. երկկողմանի արմնկափոսերում, ծնկափոսերում, պարանոցի կողմնային և հետին մակերեսին, դաստակների շրջանում, սրունքների որոշ հատվածներում։ Դեմքի շրջանում առկա է միայն թեթև չորություն և պերիօրալ հատվածի նվազ արտահայտված թեփոտում։ Արմունկների և ծնկների արտաքին մակերեսների վրա պսորիազին բնորոշ սուր սահմանազատված, արծաթասպիտակ թեփով թիթեղներ չեն հայտնաբերվել։ Աճուկային և անութային ծալքերը հիմնականում ազատ են։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց ախտաբանական փոփոխությունների։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Թեթև էոզինոֆիլիա, Բարձր IgE, Դերմատոսկոպիկ պատկերը ոչ սպեցիֆիկ է, սակայն ակտիվ օջախներում դիտվում են. օջախային կետավոր անոթներ, սպիտակավուն թեփավորում, որոշ հատվածներում դեղնավուն սերոզային կեղևավորում։SCORAD-ի գնահատմամբ հիվանդությունն ունի միջին ծանրության ակտիվություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Սեբորեային դերմատիտ, Պսորիազ, Ալերգիկ կոնտակտային դերմատիտ, Քոս, Tinea corporis, Իխտիոզ
Նախնական ախտորոշումը
Ատոպիկ դերմատիտ
Վիտամինոթերապիա
Խորհուրդ է տրվել ամենօրյա խոնավեցնող միջոցի (օրական առնվազն 2 անգամ և լոգանքից հետո՝ առատ քանակությամբ էմոլիենտ) կանոնավոր օգտագործում, լոգանք՝ գոլ ջրով, երկարատև տաք լոգանքներից խուսափում, օճառների և բուրավետ լվացող միջոցների սահմանափակում, բրդյա և կոպիտ սինթետիկ հագուստից խուսափում, բամբակյա հագուստի նախընտրում, եղունգների կարճ պահպանում, քորի և քերծման նվազեցում, անհատական սրացնող գործոնների հայտնաբերում։
Տեղային բուժումը
Արմնկափոսերի և ծնկափոսերի բորբոքված օջախներին նշանակվել է միջին ուժգնության տեղային կորտիկոստերոիդ, դեմքի շրջանում՝ տեղային կալցինևրինի ինհիբիտոր։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top