Սեբորեային դերմատիտ, մեծահասակների ձև

Felix Safaryan
04.10.2026
Ընդհանուր տվյալներ
27 տարեկան կին, Մաշկի ֆոտոտիպ՝ III
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ գլխամաշկի թեփոտումը սկսել է մոտ 4 տարի առաջ։ Սկզբում ախտանշանները եղել են մեղմ՝ սպիտակավուն թեփի տեսքով։ Վերջին 8 ամիսների ընթացքում սրացումները դարձել են ավելի հաճախակի։ Սրացումները հատկապես նկատում է. սթրեսային ժամանակահատվածներում, քնի պակասի ժամանակ, ձմռանը, մազերը մի քանի օր չլվանալու դեպքում։ Վերջին 3 ամիսներին միացել են. հոնքերի շրջանում կարմրություն, քթի-շրթային ծալքերի թեփոտում, ականջների հետևի և արտաքին լսողական անցքի մուտքի շրջանում թեփոտում։ Հիվանդը նախկինում օգտագործել է սովորական շամպուններ և տարբեր «հակաթեփային» միջոցներ՝ առանց կայուն արդյունքի։ Վերջին մեկ ամսում ինքնուրույն կիրառել է կետոկոնազոլ պարունակող շամպուն շաբաթական մեկ անգամ՝ մասնակի բարելավմամբ։ Ատոպիկ դերմատիտի, պսորիազի և ալերգիկ հիվանդությունների պատմություն չի նշում։ Ընտանեկան անամնեզում պսորիազ չկա։ Դեղորայքային նոր բուժում չի սկսել։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է գլխամաշկի թեփոտումից, մեղմ–միջին ինտենսիվության քորից, գլխամաշկի կարմրությունից, հոնքերի շրջանում թեփոտումից, քթի-շրթային ծալքերի կարմրությունից և թեփոտումից, ականջների հետևում քորից և թեփոտումից։ Քորը մշտական չէ և ավելի արտահայտված է սրացման շրջանում։ Ցավ, թարախային արտադրություն կամ մազաթափություն չի նշում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Գլխամաշկին, հատկապես ճակատամերձ և գագաթային հատվածներում, հայտնաբերվում են. էրիթեմատոզ մակուլաներ, էրիթեմատոզ-դեսկվամատիվ բծեր և փոքր վահանիկներ, որոշ հատվածներում՝ միաձուլվող էրիթեմատոզ օջախներ։ Դեմքի վրա՝ էրիթեմատոզ մակուլաներ, բարակ թեփոտվող պլակներ (plaques)։ Ախտահարումները հիմնականում մակերեսային են
Երկրորդային ձևաբանական տարրեր
Գլխամաշկի վրա առկա են. սպիտակավուն և դեղնավուն, յուղոտ թեփուկներ, որոշ հատվածներում ավելի բարակ փոշենման թեփոտում։ Հոնքերի և քթի-շրթային ծալքերի շրջանում՝ բարակ դեղնավուն-սպիտակավուն թեփուկներ։ Ականջների հետևում դիտվում է մակերեսային թեփոտում և թույլ էքսկորիացիաներ։
Ցանի տեղակայումը
Գլխամաշկ ճակատամերձ հատված, գագաթ, քունքային հատվածներ, հետականջային շրջան։ Դեմք հոնքեր, միջհոնքային հատված, քթի-շրթային ծալքեր, քթի թևերի շրջակայք։ Ականջներ արտաքին լսողական անցքի մուտք, հետականջային ծալքեր։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց ախտաբանական փոփոխությունների։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը կլինիկական է: Գլխամաշկի տրիխոսկոպիայով դիտվում են. դեղնավուն-սպիտակավուն թեփուկներ, բարակ arborizing/ճյուղավորվող անոթներ, որոշ հատվածներում ոչ սպեցիֆիկ էրիթեմատոզ ֆոն, մազային ֆոլիկուլների բացվածքները պահպանված են։
Դիֆերենցիալ ախտորոշում
Գլխամաշկի պսորիազ, Tinea capitis, Ալերգիկ կոնտակտային դերմատիտ, Ատոպիկ դերմատիտ, Կանդիդոզ, Դերմատոմիոզիտ
Նախնական ախտորոշումը
Սեբորեային դերմատիտ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Գլխամաշկի համար Կետոկոնազոլ 2% շամպուն շաբաթական 2 անգամ, մոտ 4 շաբաթ, շամպունը թողնել գլխամաշկին մի քանի րոպե, հետագայում՝ պահպանողական օգտագործում շաբաթական 1 անգամ կամ ըստ սրացումների։ Դեմքի համար Կետոկոնազոլ 2% ՝ օրական 1 անգամ 4 շաբաթ։ (Կրկնվող սրացումների դեպքում՝ տակրոլիմուս կամ պիմեկրոլիմուս՝ որպես կորտիկոստերոիդ-խնայող տարբերակ)
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top